«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը»

«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը»

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 24-րդ բնակարանի հանձնման արարողությունը:

Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ երրորդ բնակարանը գնվեց պոլսահայ լոսանջելոսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների կողմից և իբրև նվեր հատկացվեց Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի 5/1-7-20 տնակում բնակվող Ասլիկյանների ընտանիքին:

Ասլիկյան ընտանիքը բաղկացած է 7 անձից: Շուրջ 9 տարի ընտանիքը ապրում է կոմունալ-կենցաղային անբարենպաստ պայմաններում: Ընտանիքի հայրը տարիներ շարունակ փորձել է աշխատանք գտնել ՌԴ-ում, սակայն անհաջող փորձերից հետո ձեռնունայն վերադարձել է տուն: Ընտանիքի մայրը նույնպես չի աշխատում փոքրահասակ երեխաներ խնամելու պատճառով:

Շարունակական տնայցերից, հանդիպումներից հետո Սեպուհ սրբազանը՝ հանձնախմբի հետ միասին որոշեց, այս ընտանիքին ևս ապահովել ցանկալի բնակարանով։

Նախքան բնակարանամուտ տոնելը՝ ընտանիքի ծնողներն ու հինգ փոքրիկները առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Մկրտությամբ որդեգրվեցին և որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ մուտք գործեցին իրենց երազած բնակարանը:

Սրբազան Հոր հանդիսապետությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ՝ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Վանաձորի քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, Ոստիկանության Վանաձորի Տարոն թաղամասի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանը, թիվ 9-րդ դպրոցի (ուր հաճախում են ընտանիքի երեխաները) տնօրեն Անահիտ Վարդանյանը, ընտանիքի երեխաներին դասավանդող մի խումբ ուսուցիչներ, ապագա ուսանող սոցիալական աշխատողներ, Գուգարաց թեմի Սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը:

Սրբազան Հայրը, տնօրհնեքի ժամանակ, ընտանիքին հանձնեց բնակարանի սեփականության վկայականը և օրհնված փայտե խաչ: Թեմակալ առաջնորդը իր երախտիքի խոսքը հղեց լոսանջելոսաբնակ պոլսահայ Կարո և Աղավնի Գուրյաններ ընտանիքին, ովքեր արդեն երրորդ բնակարանն են գնում և նվիրում Գուգարաց թեմի բազմազավակ կարիքավոր, կենցաղային տարրական պայմաններից զուրկ որևէ ընտանիքի համար: Արարողության ավարտին՝ Սրբազան Հայրը և ներկաները շնորհավորեցին ընտանիքի անդամներին։

Օգտվելով առիթից կրկին տեղեկացնում ենք մեր ազգաբնակչությանը առ այն, որ Գուգարաց թեմի առաջնորդությունը, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ հատկացնելու որևէ պարտավորություն չունի: Հայտնում ենք, որ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հատկացված բնակարանները գնվել են առաջնորդ Սրբազանի կամավոր հանձնառությամբ և Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, Գերմանիայից և Ռուսաստանից անմիջական մտերիմ բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվությամբ՝ իբրև խղճի պարտք:

Վանաձորաբնակ ազգաբնակչության հանգանակությամբ նախորդ երկու տարիներին գնվել են միայն վանաձորաբնակ Սամվել Քալաշյանի, Նունե Ղազախեցյանի և Մելսիդա Փարսադանյանի բնակարանները»:

Սրբազան հոր որոշմամբ բնակարան ստացողին պատկանող «դոմիկը» պետք է քանդվի կամ տեղահանվի և հեռացվի քաղաքից:

Դիվան Գուգարաց թեմի

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում