Նարեկացու տաղերն ու շարականը՝ մեկ գրքույկում

Նարեկացու տաղերն ու շարականը՝ մեկ գրքույկում

Դեռ 1,5 տարի առաջ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի գլխում ծագել էր մի միտք՝ վերակենդանացնել մանկական հիշողությունները: Հիշում է, որ Նարեկացու տաղերի փոքրիկ գրքույկ ուներ, որը վառ տպավորվել էր իր հուշերում: Ըստ նրա՝ պարտադիր չէ՝ բոլորը հասկանան Նարեկացին ամբողջությամբ, նրանք կարող են պարզապես զգալ Նարեկացու էությունն ու սրբությունը տաղերի շնորհիվ:

«Նարեկացին փրկություն է, բառիս բուն իմաստով: Եվ այժմ այն մեզ օդի պես անհրաժեշտ է»,- ասաց մեզ Նարեկ Հարությունյանը: Նա ցանկացավ նոր կյանք տալ այդ գրքույկին և մարդկանց մոտեցնել Նարեկացուն: Եվ այժմ այդ ցանկությունն իրականացված է. դեկտեմբերի 19-ին « Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Տաղեր» գրքույկի շնորհանդեսը:

Գրքույկում ներառված են Գրիգոր Նարեկացու այն վեց տաղերը և շարականը, որոնց մեղեդին, մշտապես երգվելով, հասել է մեզ:

Ինչպես նշեց Դանիել երաժիշտը, գրքույկի առանձնահատկություններից մեկն այն է, որ այնտեղ վեց տաղերը ներկայացված են գրաբար և աշխարհաբար՝ բացառությամբ շարականի և «Տաղ Սուրբ Խաչին» տաղի:

Յուրաքանչյուր տաղից առաջ Դանիել Երաժշտի մեկնություններն են, որոնք օգնում են ընթերցողին հասկանալ տաղերի թաքնված իմաստն ու բովանդակությունը: Ըստ Դանիել Երաժշտի՝ ընթերցողին պետք է նախապատրաստել, որպեսզի վերջինս կարողանա ընկալել արվեստը:

Մեզ հետ զրույցում մանրանկարիչ Լիլիթ Վարդումյանը, որը նաև գրքույկը նկարազարդողն է՝ միջնադարյան մանրանկարներով, ասաց, որ երբ իմացավ «Տաղերի» հրատարակման գաղափարի մասին, միանգամից պատկերացրեց, թե գրքույկն ինչ տեսք է ունենալու, և ուրախությամբ միացավ ստեղծագործական աշխատանքներին:

Նա հավելեց, որ գրքույկում զետեղված են նաև շարականի և տաղերի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով:

Ի դեպ, Գևորգ Հունանյանի մատուցմամբ Նարեկացու «Աչքն ծով ի ծով» տաղը հնչեց գրքույկի շնորհանդեսին՝ այլ ստեղծագործությունների կենդանի կատարումների հետ միասին:

Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում