Արա Խզմալյանը` մշակույթի նախարության միավորվելու մասին. «Սարսափելի բան չեմ տեսնում»

Արա Խզմալյանը` մշակույթի նախարության միավորվելու մասին. «Սարսափելի բան չեմ տեսնում»

Aravot.am-ի հետ զրույցում` խոսելով առանձին մշակույթի նախարարության չլինելու եւ կրթության, գիտության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարություն ստեղծվելու մասին, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանն ասաց. «Քանի որ մշակույթի նախարարության հետ` որպես ստրատեգիական գերատեսչության հետ լուրջ ծրագրեր չեմ կապել ու չեմ կապում, այդ իմաստով առանձնապես սարսափելի բան չեմ տեսնում դրանց վերամիավորման, մեկ համակարգի մեջ լինելու տեսակետից»:

Քիչ անց էլ հավելեց. «Բայց եթե միավորումից հետո չեղավ ստրատեգիական օղակ, մասնագետների խումբ, փորձագետների համայնք, որը ձեւավորելու է երկրի մշակութային ռազմավարությունը, ձեւակերպելու է այն հիմնական խնդիրները, որ 21-րդ դարում գլոբալ փոփոխությունների համատեքստում անելու է մեր մշակույթը` ազգի ճանաչելիության բարձրացման, երկրի միջազգային վարկանիշի բարձրացման ուղղությամբ, ուրեմն կարծում եմ, որ դա կլինի ավելի վատ, քան եթե մշակույթի նախարարությունը լինի առանձին»:

Մեր զրուցակիցը փաստում է, որ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը վերածվել է ոլորտի մի հաստատության, որը պետական բյուջեն վերցրել է, ու մեկ-երկու հոգով որոշել են ուղղությունները, սրան-նրան տրվելիք գումարը` առանց լուրջ մարկետինգային հետազոտության, վիճակագրության եւ ոլորտի վերլուծության: «Պարզապես պետական բյուջեն բաշխվել է իներցիոն սկզբունքով պետական կառույցներին, իսկ լուրջ ստեղծագործական մշակութային խմբերը դուրս են մնացել մշակութային քաղաքականությունից, օգտվել են մի քանի փառատոներ ու կառույցներ, մինչդեռ տակից հասունացող առողջ պրոցեսները շրջանցվել ու անտեսվել են»,- փաստում է Արա Խզմալյանը:

Նրա խոսքերով. «Եթե մշակույթի նախարարությունը հասարակության մեջ չի զբաղեցնում այն հեղինակավոր տեղը, որը գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ է կարգավորում երկրի համար, դա լինի առանձին գերատեսչություն, թե գերատեսչության մաս, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»:

Արվեստագիտության թեկնածուն, սակայն, մտավախություն ունի. «Հանկարծ ոլորտի պատասխանատվությունը չտրվի կոնցեպցիա չունեցող, միջավայրի կողմից չճանաչված եւ միջավայրը չճանաչող մարդու ձեռքը: Այդտեղ պետք է լինի մի մարդ, որն իր գործով, մտքով, ամեն ինչով հաստատել է, ժամանակակից է, հասկանում է ոլորտի խնդիրները, ավելին` կարող է մոբիլիզացնել ոլորտի առողջ ուժերը մշակույթն այս վիճակից դուրս բերելու համար: Մշակույթի համակարգողը պետք է ունենա կոնցեպցիա եւ քննարկվի այդ կոնցեպցիան: Ընտրությունը պետք է լինի կոնցեպցիաների շուրջ եւ ոչ թե անձերի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում