Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան

Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան

«Իրականում մշակույթի նախարարությունը չմեռավ, նախարարությանը սպանեցին, սպանեցին շատ դանդաղ, հետևողականորեն, երկար տարիների ընթացքում վարկաբեկելով այդ կառույցը, դանդաղ ոչնչացնելով, հասցնելով այն վիճակին, որ այսօր այդ նախարարության վերջին օրերն են»,- «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով քննարկմանն ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը։

Նշենք, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում մամուլում լուրեր են շրջանառվում, որ մշակույթի նախարարություն չի լինելու, միանալու է այլ նախարարության։

Հ. Չարխչյանը նշեց, որ մի տեսակ գլուխներն ազատում են այդ մեծ փորձանքից, քանի որ երկար տարիներ շարունակ միայն հանդիմանանքի, քննադատության արժանացած կառույց է եղել։ Գրականագետը շեշտեց. «Արդարացիորեն քննադատության»։

Նրա խոսքով, երկար տարիներ այդ նախարարությունը չհասկացավ, թե իր գործառույթը որն է, ինչով պետք է նպաստի մշակութային միջավայրի ձևավորմանը, որքանով է իր միջամտությունն այդ դաշտում տեղի, որքանով անտեղի։

«Փաստացի այսօր իսկապես այս նոր իշխանություններն պարզապես գլուխներն ազատում են այդ մեծ հոգսից՝ վերածելով ինչ-որ մի փոքր կառույցի մեկ այլ նախարարության կից։ Հիմա իրենք նաև մի տեսակ հարվածի տակ են դնում իրենց, որովհետև վաղը նույն իշխանություններին կարող են հանդիմանել այն բանում, որ իրենց վերաբերմունքը մշակույթի նկատմամբ անտարբերության աստիճան է, այլապես մշակույթի նախարարությունը շատ ավելի բարձր կարգավիճակում պետք է գտնվեր։

Ունենք կառավարություն, որտեղ մշակույթի նախարարության անհրաժեշտություն չկա այլևս, ունենք հասարակություն, որի համար մշակույթը շարունակում է մնալ առաջնային, բայց այս հասարակությունը և այս իշխանություններն այդպես էլ չհասկացան, թե ինչ բան է մշակութային քաղաքականություն, ինչպես է պետք դա իրագործել և այդ ամենը բերեց ներկա դժբախտ իրավիճակին»,- աաց Հ. Չարխչյանը։

Քննարկմանը ներկա գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ մշտապես խոսել է մշակույթի նախարարության կարգավիճակի ամրապնդման, բարձրացման շուրջ։

«Հեղափոխության ժամանակ, ճիշտն ասած, ամենակարևոր սպասումներիցս մեկն այն է եղել, որ հեղափոխությունն աստիճանաբար կվերաճի նաև մշակութային հեղափոխության, որովհետև եթե հեղափոխությունը գալիս է փոփոխություններ բերելու, ապա այդ փոփոխությունները կամրագրվեն, եթե երկրում լինի մշակութային գիտակցության բարձրացում, մշակութապես պետք է ամրագրվի հեղափոխությունը։ Եթե դրված է այդ նախարարությունը վերացնելու խնդիր, ոչ թե կարգավիճակի փոփոխման, ուժեղացման, նշանակում է, որ ապրիլյան հեղափոխությունը ինչ-որ մի կետում պարտվեց և դրա հետևանքները շատ մոտ ապագայում զգացնել կտան ու դրա հետևանքները կլինեն շատ ցավալի»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, կայուն է այն իշխանությունը, որն ունի կայուն, բարձր, հոգատար վերաբերմունք մշակույթի հանդեպ, կարևոր է մշակույթի դերն այն պետության ներսում, որտեղ ինքը կառավարում է։

«Համոզված եմ, որ նախորդ իշխանությունների ձախողման, տապալման, ասպարեզից հեռացման կարևոր պատճառներից մեկն էլ այն հակամշակութային քաղաքականությունն էր, որն իրենց կառավարման բոլոր տարիներին անխտիր հետևողական արեցին։ Չեմ ուզում նույնը վիճակվի ներկա կառավարությանը։ Վերափոխել ժամ, րոպե առաջ վերաբերմունքը մշակույթի հանդեպ, որովհետև ուղղակի չեն կարող լինել հաջողություններ այս երկրում ոչ մի կառավարության դեպքում, եթե արհամարհանք կա մշակույթի հանդեպ։ Գուցե տնտեսական, ռազմական բարձր ցուցանիշներ լինեն, բայց կրելու են ժամանակավոր բնույթ, անկումը լինելու է շատ ավելի ցավոտ ու սարսափելի»,- ասաց գրականագետը։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն առհասարակ կարևորեց մշակութային քաղաքականության մշակումը. «Ուղղակի պետք է քաղաքականության մշակել, հասարակությանը ցույց տալ, որ մշակույթը մեր ազգի, երկրի համար կարևոր բաներից է։ Մեր իրական արժեքները մի տեսակ ստվերում են մնում։ Մշակութային քաղաքականությունը հենց դա է, որ իրական արժեքները բարձրացնենք, ցույց տանք ժողովրդին ու կրթենք»։

Նա նշեց, որ մշակույթի նախարարությունն որևէ անձի, կառուցվածքի հետ պետք չէ կապվի, պետք է քաղաքականության մշակի, կառավարությանն ասի, որ այս քաղաքականությամբ պետք է գնան։

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը կարևորեց մշակութային հենքը։ Նա համեմատություն արեց. «Ինչպես գորգն են գործում որոշակի հենքի վրա, այնպես էլ մարդ, անկախ ինչ մասնագետ է, պետք է ունենա մշակութային հենք։ Այդ հենքը պարտադիր է, եթե չկա դա, մարդու հետ խոսելիս հասկանում ես, որ դատարակության հետ ես խոսում։ Ներկա իշխանությունները, իհարկե, հասկանում են դա։
Մշակութապես զարգացած հասարակությունը կրթվում է պետության կողմից»։

Նրա խոսքով, փոխարենը կառույցը փոխեն խորքից, որոշում են չեզոքացնել. «Վերացնում ես նախարարությունը, վերանում է պրոբլեմնը, սա գլխացավանք է»։

Մաեստրո Հեքեքյանը նշեց, որ իրապես բարդ է գտնել մակույթի նախարար, որը լինի կազմակեպիչ և ունենա մշակութային հենք։ Տիգրան Հեքեքյանը հիշեց միայն մեկ այդպիսի ղեկավարի՝ Գրիգոր Արեշյանին, ով եղել է պետնախարար, որի ղեկավարման հսկողության տակ է եղել նաև մշակույթի նախարարությունը։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ կառուցվածքային փոփոխությունների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշում կա՝ թե այդ ոլորտը քեզ ինչի է պետք, ինչ է ներկայացնում, պետք է, թե պետք չէ։

«Երբ որ որոշում ես՝ պետք է և ինչի համար է պետք, այդ ժամանակ սկսում ես մտածել կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրաքանչյուր ոլորտ, անկախ ինչ ոլորտ է, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել»,- ասաց արվեստագետը։

Օրինակի համար նա նշեց, որ Ֆրանսայում կոչվում է մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն, մեկը եկամտաբեր ոլորտ, մյուսը՝ բյուջե պահանջող։ Ռ. Բաբայանն ասաց, որ մշակույթը չի կարող փող բերել, չի կարող այդիպիս բան լինել, այդ ժամանակ մշակույթը փոխարինվում է շոու բիզնեսով, ինչը տարբեր ոլորտներ են։

«Մեր կյանքի ամենամեծ ցավն ընդհանրապես յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ, էլի դուք եք ընդունում, բարի եղեք խորհրդակցել, գուցե հազար ապուշ առաջարկությունից մեկը լինի օգտակար։ Հնարավո՞ր է լսել հարյուր ապուշ առաջարկություն հանուն նրա, որ մի օգտակար բան քաղես։ Իհարկե, հնարավոր է»,- ասաց նա։

Ռ. Բաբայանի խոսքով, խնդիր կա կառուցելու ազատ, անկախ, քաղաքակիրթ երկիր.
«Հնարավո՞ր է դա անել առանց մշակույթի։ Եթե ապացուցեք, որ հնարավոր է, եկեք որոշենք, որ իսկապես մշակույթը պետք չի»։

Նա նշեց, որ այսօր մեծ խնդիր կա հասարակության հետ կապված՝ մշակույթը հանել են հասարակության կրթական համակարգից, մշակույթը դարձրել են զուտ զվարճանք, կամ միջոցառում։

«Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին՝ ինչպես պետք է զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես պետք է ապրել հանուն հայրենիքի։ Զոհվելը դառնում է անիմաստ, եթե չկա ապրելու իմաստը։ Այդ ապրելու իմաստը ևս կապված է մշակույթի հետ։ Հնարավոր չէ անջատել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում