«Երևանի օպերայի և բալետի թատրոնն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային օպերայի առաջնագծում լինելու համար»․ Կ․ Օրբելյան

«Երևանի օպերայի և բալետի թատրոնն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային օպերայի առաջնագծում լինելու համար»․ Կ․ Օրբելյան

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել Ժուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրության համար: Ս․թ․ դեկտեմբերի 5-ին Ձայնագրման ակադեմիան հրապարակել է «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրումը (Օպերայի ձայնագրության դիրիժոր՝ մաեստրո Օրբելյան, գլխավոր դերերգիչ` հանրահայտ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկի, սոպրանո՝ Նադին Սյերա, տենոր՝ Ֆրանչեսկո Դեմուրո, Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբ և Կաունասի պետական երգչախումբ: Ձայնագրությունն իրականացրել են Վիլիուս Կերասը և Ալեքսանդրա Կերիենը):

«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 10-ին Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի CBS-ի եթերում երեկոյան ժամը 8։00-ին (տեղական ժամանակով` ժամը 5ին):

Մաեստրո Օրբելյանը երրորդ անգամ է հավակնում «Գրեմմի» մրցանակի: 2014 թ․ նա առաջադրվել էր ամերիկացի տենոր Լորենս Բրաունլիի կատարմամբ Ռոսսինիի վիրտուոզ արիայի համար, որը ձայնագրվել էր Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Երկրորդ անգամ Օրբելյանը «Գրեմմի»-ի էր առաջադրվել 2017 թ․ Դմիտրի Խվորոտովսկու և Սանկտ Պետերբուրգի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ձայնագրված՝ Գեորգի Սվիրիդովի «Հեռացող Ռուսաստան» սկավառակի համար:

– Պարոն Օրբելյան, 2018 թ․ Ձեր թողարկած բազմաթիվ ձայնագրություններից առանձնացավ ‹‹Ռիգոլետտո»-ն, որը և առաջադրվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Սա Ձեզ համար հավանաբար մեծ պատիվ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Դուք «Գրեմմի» մրցանակաբաշխության եռակի հավակնորդ եք: Դուք նաև միակ հայ երաժիշտն ու դիրիժորն եք, որն այս տարի ներկայացվել է «Գրեմմի»-ի: «Ռիգոլետտո››-ն լայն տարածում գտած այն հեղափոխական օպերան է, որը Դուք, ինչպես և ակնկալվում էր, կկատարեիք, քանի որ Դուք միշտ հայտնի եք առաջնային գործերի կատարմամբ։ Որո՞նք են «Ռիգոլետտո»-ի այն բնորոշ հատկանիշները, որոնք Ձեզ ամենաշատը գրավեցին:

– Նախ և առաջ ես սիրում եմ օպերա և սիրում եմ Վերդի: Ինձ ամենաշատը գրավեց Դմիտրի Խվորոստովսկու՝ որպես գլխավոր դերերգչի կատարումը: Ես լսել էի, թե նա ինչպես է կատարում ‹‹Ռիգոլետտո»-ն Լոնդոնում և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»› օպերային թատրոնում: 2000-ին ես ներկա եմ եղել նաև նրա առաջին «Ռիգոլետտո»-ին կատարմանը Մոսկվայի «Նովայա» օպերային թատրոնում: Դմիտրին Վերդիի երաժշտության ամենամեծ ձայներից և կատարողներից էր: Նա իր դերը կատարում էր այնքան մեծ սրտացավությամբ, որ ակամայից ուզում էիր ամենամեծ խոնարհումը ցուցաբերել: Դմիտրի Խվորոստովսկու հետ իմ 20-ամյա համագործակցության ընթացքում ես լսել եմ Վերդիի ամենամեծ դերակատարումները Լոնդոնի «Մետրոպոլիտեն» օպերային տանը, «Ռոյալ» օպերային տանը, Փարիզի օպերայում կամ Վիեննայի պետական օպերայում, էլ չասեմ Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի և Լոս Անջելեսի օպերաներում: Նրա ամենահայտնի դերակատարումներից էր Սիմոն Բոկանեգրա օպերան, որ աշխարհով մեկ 5-6 տարի ներկայացնելուց հետո մենք որոշեցինք 2012-ին այն ձայնագրել: Մեր աստղային կազմում էին իտալացի սոպրանո Բարբարա Ֆրիտոլին և ռուս գերաստղ բաս Իլդար Աբդրազակովը, ինչպես նաև իտալացի գերագույն տենոր Ստեֆանո Սեկոն:

Ձայնագրությունը մեծ քննադատության արժանացավ մամուլում և դարձավ կոնկրետ օպերայի մի նոր ցուցանիշ: Դմիտրիի ուղեղի քաղցկեղ ողբերգական ախտորոշումից հետո, 2015 թ․ հունիսին նա ինձ ասաց, որ քանի դեռ կարողանում է երգել, պետք է 2 բան անի՝ ձայնագրի ‹‹Ռիգոլետտո»-ն և ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի վոկալ շարքը:

Այսպիսով, ես պլանավորեցի երկու ձայնագրություններն էլ իրականացնել 2016 թ․ ամռանը: Մենք սկզբից ձայնագրեցինք «Ռիգոլետտո»-ն Կաունասում, հետո մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ Սվիրիդովի ձայներիզը ձայնագրելու:

Դմիտրին իրոք ձայնային մեծ տաղանդ ունեցող օպերային երգիչ էր: Նա հարգում էր իր արվեստը և ակնկալում էր կատարվող աշխատանքի նկատմամբ ամբողջական նվիրում: Միաժամանակ նրա հետ չափազանց հեշտ էր աշխատել, նա իդեալական գործընկեր էր: Նա հարգում էր իր գործընկերներին և օգնում նրանց իրենց դերերում: Քանի որ ձայնագրման ժամանակ շատ ունկնդիրներ չեն կարող լինեն, մեր կողքին էր մեր լավ ընկեր և երաժիշտ գործընկեր Ջոն Ֆիշերը ‹‹Մետրոպոլիտեն›› օպերայից, որը մեզ պատրաստում էր յուրաքանչյուր ձայնագրումից առաջ: Նա Դմիտրիի հետ աշխատել է երկար տարիներ և ունի անգնահատելի փորձ որպես 20-րդ դարի ամենակարևոր օպերային ձայնագրությունների, ինչպես նաև մեր ձայնագրության երաժիշտ խորհրդատու և համակարգող։

– Վերդիի ձայնագրությունը՝ ‹‹Ռիգոլետտո››-ն, նույնպես առանձնանում է իր բարձր արտիստականությամբ, քանի որ այն կատարում էին Նադին Սյերան և Ֆրանչեսկո Դեմուրոն, ինչպես նաև Լիտվայի Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը և Կաունասի պետական երգչախումբը: Ինչպե՞ս կարող եք բնութագրել նման երաժիշտների հետ համագործակցության Ձեր փորձը:

– Նադին Սյերան իրոք առկայծող աստղ է և այսօր աշխարհում ամենագեղեցիկ, փառահեղ և հիասքանչ ձայն ունեցողներից մեկն է: Ճշմարիտ և նվիրված արվեստագետ լինելուց բացի նա հիասքանչ անձնավորություն է և ունի հումորի մեծ զգացում, ինչի շնորհիվ երկարատև ձայնագրման գործընթացն ավելի թեթև ու արագ էր իրականանում։ Նախքան մեր ձայնագրությունը Դմիտրին կատարել էր ‹‹Ռիգոլետտո››-ն Նադինի հետ Նեպալում մի քանի տարի առաջ: Ֆրանչեսկո Դեմուրոն իսկական դուքս է: Նա մեծ անձնավորություն է, ունի գեղեցիկ ձայն և շատ խարիզմատիկ է իր դերերում: Սարդինիայում մեծ օպերային երգիչ լինելուց բացի Ֆրանչեսկոն հայտնի է նաև որպես ժողովրդական երգիչ: Նա հատուկ երիտասարդական աշխուժությամբ և տրամադրությամբ կատարել է ‹‹Լա Դոննա մոբիլ›› հայտնի արիան: Նա «Մետրոպոլիտենի» և այլ օպերային թատրոնների աստղ է:

– 2018 թվականը Երևանի օպերային թատրոնի ամենաբեղմնավոր տարիներից էր: Ձեր ղեկավարած հաստատությունը տարբեր օպերային բեմադրություններով ներկայացավ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ արժանանալով շրջադարձային և հանրաճանաչ խրախուսանքների: Ի՞նչ եք կարծում, Երևանի օպերային թատրոնն ունի՞ այն, ինչ պետք է համաշխարհային օպերայի առաջապահ լինելու համար:

– Իրավացի եք: 2018 թվականն անհավանական տարի էր Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար: 2017 թ․ օգոստոսին, որպես գեղարվեստական ղեկավար իմ նշանակումից հետո, ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի Երևանի օպերային թատրոն բերեմ ինչ-որ իմաստալից բան: Անշուշտ կարճ ժամանակում ինչ-որ բան անելը դժվար է: Այդ իսկ պատճառով, երբ լսեցի, որ մեծ տենոր Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է Ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխության ‹‹Ոսկե դիմակ›› հեղինակավոր մրցանակին Մասնեի ‹‹Մանոն›› օպերայում, ես խոսեցի ստեղծագործության ռեժիսոր Անդրեյս Ժագարսի հետ: Այն ձայնագրվել էր Մոսկվայի «Ստանիսլավսկի և Նեմիրովիչ-Դանչենկո» անվան երաժշտական թատրոնում: Հետևաբար ես ամբողջ օպերան տեղափոխեցի Երևան՝ մեծարելով և շեշտելով մեր հիասքանչ տենորի հաջողությունը, ինչպես նաև Երևանի հանդիսատեսին ցուցադրելու օպերային արտադրության ամբողջովին մի նոր տեսակ: Դա իրոք մի ահռելի նախաձեռնություն էր, և պետք է նշեմ, որ հաջողությամբ պսակվեց: Մանրամասները չեմ ներկայացնի, թե ինչպես 13 մետրանոց դեկորներն ու հագուստը Մոսկվայից տեղափոխեցինք Երևան, 15 հոգի Ստանիսլավսկու թատրոնից եկան օգնելու և սովորեցնելու մեր բեմի աշխատակազմին ինչպես աշխատեցնել ձևավորումները, բնապատկերները և լուսավորումները: Մոսկվայի թիմը նույնպես ահռելի աշխատանք էր կատարել, որպեսզի բոլոր 300 կտոր հագուստը չափերով համապատասխաներ և այլն: Ես վստահ եմ, որ մեր կատարողների համար շատ կարևոր է հնարավորություն ունենալ աշխատելու միջազգային հայտնի համաշխարհային դասի ռեժիսորների, լուսային նախագծողների և մենթորների հետ: Ես մեծ հաջողություն ունեցա, երբ Բելգիայից կարողացա հրավիրել Աքսել Էվերաերտին, Սերինե Լյուբա Թադևոսյանին և Մոսկվայից՝ ռեժիսոր Իրինա Լուչագինային, որպեսզի Անդրեյս Ժագարսի հետ համատեղ բեմադրեն ‹‹Մանոն››-ը: Այնպես պատահեց, որ հոկտեմբերի 10-ի մեր բացման երեկոն համընկավ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ, և ամբողջ պատվիրակությունը եկել էր գալա ներկայացմանը: Ես հրավիրել էի ամերիկացի դիրիժոր Քրիստոֆեր Օկասեքին օպերան ղեկավարելու համար։ Օկասեքն իրոք հիասքանչ աշխատանք կատարեց:

Ավելի վաղ՝ 2018 թ․ հուլիսին, մենք Խաչատրյանի ‹‹Գայանե›› բալետը տարանք ‹‹Բոլշոյ›› թատրոն մեր հիասքանչ դեկորներով՝ Մինաս Ավետիսյանի նկարազարդումներով և Ռուբինա Հովհաննիսյանի ձևավորած հագուստներով: Պատմության մեջ առաջին անգամ Երևանի բալետի թատրոնը ելույթ ունեցավ ‹‹Բոլշոյ›› թատրոնի պատմական բեմում: Սա մի պատմական միջոցառում էր, որին ներկա գտնվածներս դեռ երկար կհիշենք։ Մեր հիասքանչ պարողներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզի Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաև մեր երիտասարդ աստղ Ռազմիկ Մարուքյանը արժանացան հանդիսատեսի ամենամեծ ոգևորությանն ու բուռն ծափահարություններին, նրանք նույնիսկ ստիպված եղան կրկնել «Sabre Dance»-ը ևս մեկ անգամ:

Այնուհետև մենք սեպտեմբերին մենք հրավեր ստացանք բացելու թատերաշրջանը Դուբայում և Դուբայի փառահեղ օպերային տանը հանդես եկանք ‹‹Կարմենի›› 3 ներկայացմամբ, որ ղեկավարում էր մեր տաղանդաշատ Նաիրա Ստեփանյանը, իսկ հագուստի ձևավորողն էր Քրիստինա Ավետիսյանը: Ինչպես նաև ունեցանք ‹‹Կախարդական Ֆլեյտա››-ի 3 նոր ներկայացում, որ բեմադրել էր իտալացի հանրահայտ ռեժիսոր Պաոլո Միչիկեն, իսկ հագուստի ձևավորումը կատարել էր հեղինակավոր Ալբերտո Շպիացին: Ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին, իսկ մեր երգիչներն ու բեմադրիչներն արժանացել էին հանդիսատեսի բուռն ոգևորությանը: Այնուհետև մենք անմոռանալի փորձ ունեցանք Քուվեյթում՝ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադ մշակութային կենտրոնում գտնվող նորաոճ օպերային տանը։

Այնուհետև արդեն Երևանում հանդես եկանք Կարեն Խաչատուրյանի ‹‹Չիպոլինո›› բալետի փառահեղ բեմադրությամբ: Ես գնեցի ‹‹Բոլշոյ›› թատրոնից մեծն արվեստագետ Վալերի Լեվենտալի հագուստները, տեղափոխեցի Երևան և Հայաստան հրավիրեցի հայտնի բալետմայստեր Գենրիխ Մայորովին, որն էլ բեմադրեց բալետը։ Եվ իրոք, շատ կարևոր և պատվավոր թատերաշրջան էր մեզ համար Երևանում, ես հավատում եմ, որ մեր սիրելի Երևանի օպերայի և բալետի թատրոնն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային օպերայի առաջնագծում լինելու համար:

– Մաեստրո, իսկ ի՞նչ ծրագրեր կան 2019-ի հետ կապված։

– 2019 թվականը ևս կլինի որոշ անակնկալներով: Ուստի, սպասենք և տեսնենք, թե ինչ կբերի մեզ Նոր տարին: Հուսով եմ՝ մենք կունենանք Տիգրանյանի ‹‹Անուշի›› նոր բեմադրում՝ մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված: Կլինեն նաև շատ ու շատ այլ ծրագրեր:

Զրուցեց՝ ՍՈՆԱ ՀԱՄԱԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում