Զվարթնոցում կբացվի Գուրոսի աշխատանքների ցուցահանդեսը

Զվարթնոցում կբացվի Գուրոսի աշխատանքների ցուցահանդեսը

Դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ինքնուս լուսանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) գեղանկար և լուսանկար աշխատանքների ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից։

Գուրոսը ծնվել է Գորիսում` Մելիք Օհանյանների հայտնի գերդաստանում։ Քսաներկու տարեկանից զբաղվել է լուսանկարչությամբ` փաստագրել հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունները, ամենահետաքրքիր ու նվիրական պատկերները, գորիսեցիների, քաղաքի կենցաղը, կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը:

Գուրոսի հույզերն ու ապրումները յուրովի են արտահայտվում նաև կերպարվեստում։ Նրա ստեղծագործություններում զգացվում է անսահման սեր ու նվիրվածություն ծննդավայրին, բնությանը:

Լուսանկարչի` պատմական հուշարձաններին նվիրված գեղանկար աշխատանքներից քսանհինգը, նաև՝ բնօրինակ ապակե սևանկարների մի զգալի մասը (1988 թ.) պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։

Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են պատմական հուշարձաններին նվիրված բարձրորակ կրկնօրինակներ՝ կատարված սևանկարներից և քսանհինգ գեղանկար աշխատանք։

1928-ին Գորիսում Գուրոսը բացել է գեղարվեստական լուսանկարչատուն, որը գործել է մինչև 1932թ.։ 1933թ-ին ընտանիքով Գուրոսը տեղափոխվել է Երևան։ Լուսանկարչի կյանքում շրջադարձային է եղել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հետ հանդիպումը:

Վարպետի միջնորդությամբ 1936թ. Գուրոսը ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (6 ամիս)։ Նույն տարում մասնակցել է նաև հանրապետական ցուցահանդեսների: 1945, 1958, 1968 թթ․ կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ Երևանում, 1939, 1958 թթ․ Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի տասնօրյակներին։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում