Ճաճարակի ձեռագիր ավետարանը բուժման կարիք ունի

Ճաճարակի ձեռագիր ավետարանը բուժման կարիք ունի

Ախալցխայի շրջանի հայաբնակ Ճաճարակ գյուղում պահվում է 16-րդ դարի ձեռագիր մի ավետարան, որը տեղաբնակները Արևմտյան Հայաստանից են իրենց հետ բերել: Մասնագետները ահազանգում են, ձեռագրի պահպանման պայմանները համապատասխան չեն և այն անհապաղ բուժման կարիք ունի:

Jnews-ի հաղորդմամբ, Ճաճարակ գյուղում պահվող այս ձեռագիր հուշարձանը գտնվում է ոչ թե ձեռագիր պահոցներում, այլ ժողովրդի ձեռքում՝ հավաստելով Ավետարանի ուժն ու զորությունը։ Ճաճարակի բնակիչները նշում են, որ չնայած ձեռագիրը նորոգման կարիք ունի, սակայն նրանք համաձայն չեն, որ սուրբ գիրքը գյուղից դուրս հանվի և եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան վերանորոգել, ուրեմն պետք է գյուղում կատարեն այդ աշխատանքները:

Jnews-ի հետ զրույցում Հայաստանի Մատենադարանի ձեռագրագետներից Լուսի Թումասյանը նշել է, որ ձեռագիրը վատ է պահպանված և նորոգման կարիք ունի:

«Ձեռագիրը վերջին էջերին ունենում է հիշատակարան, որտեղ տեղն ու թիվը նշված է լինում, բացի այդ, եթե գիր բովանդակող էջեր տեսնեինք ավելի լավ կլիներ: Բայց քանի որ նկարներից դա չի երևում, Կարող եմ նշել, որ նյութը՝ թուղթ է, հավանաբար՝ 16-րդ դարի ձեռագիր է, Բարձր Հայք: Կազմը՝ 18-19-րդ դարերի», – ասել է նա

Ջավախքցիները Արևմտյան Հայաստանից գաղթելով իրենց հետ բերել և մինչ օրս պահպանում են հին հայկական մանրանկարչության եզակի ձեռագրեր: Մարդիկ, ովքեր պահում են ձեռագրերը, մեծ հավատամքով են վերաբերվում դրանց: Եվ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե իրենց տներում ինչքան արժեքավոր ու կարևոր ձեռագիր է պահվում:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում