Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

Հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, ով մահացել է 1919-ին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։

1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը: Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»: 1970 թվականին արժանացել է ՀԽՍՀարվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է 2006թվականին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում