Պարանոյա

Պարանոյա

Հիշողություններս
նախապատրաստում են իմ
ապագան,
հոգալով և այն օրերի մասին,
որ անցնելու են առանց ինձ:

Սաղարթների միջով սողոսկած շողը
կտցահարում է
մութը: Եվ գեղեցկությունը
փորձում է փրկել
աշխարհը, առաջին հերթին` իրենից:

Իմ ներկայության շարունակությունն է
բացակայությունս: Ճանապարհը
հերքումն է ճանապարհի: Եվ ինձ
գլխարկ պետք չէ ամենևին, երբ
երկինք կա գլխավերևում:

(Քամու մեջ բնակվող տերևներ, որ
ճանապարհ եք ընկել
երազի կացարանը հասնելու համար,
մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ):

Տխրել են Փարվանայի թիթեռները:
Ուղին քայլ առ քայլ
ոչնչացնում է ուղևորներին, և
արևի ու սիրո թույնը
կործանում է ամեն-ամեն ինչ:

Ո՞ւմ էր պետք խաղաղությունը, երբ
պատերազմ չկար: Աշխարհում ամենքը
միանման են սիրում, դրա
համար էլ ամենքն իրար սպանում են
միանման: Ձայն` խոնարհեք բոլոր
դրոշները` մոտենում է կինը:

Լույսը, որ արթնացել է
դեմքիս վրա, շատացնում է
ստվերները մտքերի շուրջ, որոնք
առավել վարակիչ են, քան
Էզրա Փաունդի հոգեկան
հիվանդությունը: Իսկ մարդ
ապրում է այնքան ժամանակ,
քանի դեռ չի մեռել ճանապարհը:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում