USD
EUR
RUB

Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու

 
 

ԵՐԵՔ ՕՐ ԱՌԱՆՑ ՏԻՐՈՋ

Սառը դեմք, կրքոտ դեմք, անորոշ, անգո դեմք,
քղաք` ձանձրույթի մեջ և հիմար ժպիտով
մի անցորդ, որ փորձում է ամբոխի հետ
ձուլվել: Նրանից այն կողմ երկու ոստիկաններ
քայլում են աջ ու ձախ: Վերևում լուսինը-
մատնահետք երկնի վրա:
Տասներկուսը նստասծ են` գլուխները կախ,
նրանցից մեկը
դեմքը թաքցնում է Թովմասի թիկունքում
և սպասում:
Շուտով կբացվի
մի դուռ, որի առջև
կյանքն ավելի պարզ չէ, քան դռնից այն կողմ:
Մենք դեռ պիտի ապրենք
երեք օր առանց Տիրոջ,
Ժամանակի երեք փլվածքների մեջ:

ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Գնալով ավելի դժվար է դառնում
պոեզիա գրել
կամ ապրել` հայացքդ աշնան նուրբ շողին
կամ Ավետարանի
բացված էջերին: Գնալով ավելի դժվար է քայլել
փողոցում, ուր չկան ծանոթ բարեկամներ,
և ամեն մի խոսք,
ամեն լռություն
դառնում է չարագուշակ
մոռացության քող:

Գնալով ավելի դժվար է դառնում
տողերն իրար կապել,
միացնել նրանց
զգացմունքի, մտքի և կամ աբսուրդի
անտես շղարշով,
իրերը դառնում են ավելի քմահաճ,
պահանջում ավելի ինքնուրույնություն,
ազատ խոսք, շնչառություն,
իսկ քար-բետոնե
հսկա քաղաքի
քիմքը պահանջում է նկարագրություն,
կամ նմանություն,
անմիտ խոսք, անշարժ քայլ, հենց այնպես
կատարվող զգայախաբկանք,
ճակատին սրբիչը
հոգնած ամոքումի:

Գնալով ավելի դժվար է դառնում
հանդիպում,
բաժանում,
հրաժեշտի խոսք,
խոստովանություն,
խոսքերը խամրում են, ինչպես մաշված – մեռած
թղթադրամներ,
ինչպես հին շենքերի պատերին կախված
հուշատախտակներ,
գնալով ավելի դժվար է գիրք կարդալ
քառակուսի աչքի առջև հեռուստացույցի,

հաշվել պատկերներն անցյալի, ձեռք տալ
հուշերի շրջանակին, որտեղ ապրում է
սիրտը` սեղմված
հայտնության ձեռքի մեջ,
որ երբ բացվում է աշխարհը հանկարծ
դառնում է մի թռչուն
և իջնում ուսիդ:
Գնալով ավելի դժվար է դառնում
նստել հենց այնպես,
նայել պատուհանից,

տեսնել թե ինչպես է օրը վերջանում
շենքերի տանիքներին
և թե ինչպես է բաղեղը մագլցում
պատն ի վեր` դեպի
քղանցքը Արարչի,
և թեև ընկնում է կես ճանապարհին,
բայց մի ձեռք նույն պահին բարձրացնում է նրան,
տանում դեպի վեր,
դեպի բաց երկինք:

ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ

Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:

Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

Մեր կյանքը - երկու կենսագրություն,
գրված նույն թղթի տարբեր էջերում:

Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
տասնյակ տարիների հեռավորությունից, իսկ նա
հանգել է և դարձել մեռած մի աստղափոշի:

Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
մի տարածություն, որ կարող եմ նստել և նայել
մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:

ԵՍ ԿՅԱՆՔԻՆ ՁԵՌՔ ՏՎԵՑԻ
1.

Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ,
ինչը դու ունես: Իմ օրը ես վառում եմ,
որպեսզի տեսնեմ
քո ունեցվածքը: Ես իմ բառերը կորցնում եմ մեկ-մեկ
այն մեն մի բառի համար, որ դու պիտի
ասես: Սուրճի բաժակով
ես իմ կյանքն եմ խմում և այրում
շուրթերս: Փակ աչքերով կարդում եմ
իմ անունը` գրված
քո ջրերի վրա: Ես իմ կասկածների
շրջանն եմ անցնում,
որ մոտենամ քեզ:
Ես ժամանակից դուրս եմ ընկնում ինչպես
Քո ձեռքից մարդու հոգին (ինչպես Դանթեի
Պոեմից մի տող), ինչպես մի ճառագայթ,
Արևից փախչող, որ վազում օդի միջով
և ընկնում, չքանում է թիթեղյա տանիքներին:

2.

Իրադարձություն, շփոթված դեմքի վրա
մնում է քո սպին: Ես ետ եմ քաշվում, որպեսզի նորից
քայլել սկսեմ: Ես այն պատկերը չեմ,
որ առել եմ վրաս, այլ նրանից այն կողմ,
ուր չկա ոչ մի պատկեր: Ես իմ քայլը չեմ:
Ես այն խոսքն եմ, որ դեռ
չի ասվել մինչև վերջ: Դեպքերն ու շարժումները
ինձ իրենց հետ են տանում,
բայց ես անշարժ եմ: Ես նույն տեղում եմ:
Իրերը փոխում են իրենց տեղն ու դիրքը,
այլ կերպ դասավորվում, բայց կյանքը նույնն է միշտ,
մի բաժակ` ջրով լի, որ անցնում ձեռքից ձեռք,
բայց չի դատարկվում:

3.

Ես գնում եմ անվերջ, բայց միշտ նույն անվան
շուրջն եմ թափառում: Ես ամբողջովին
բռնված եմ ցանցի մեջ իմ տեսիլքների: Ես չունեմ
մի խարիսխ, որ նետեմ ժամանակի
հոսող ջրերի մեջ: «Լսիր - ասաց ինձ մի հարյուրամյակ -
մենք կորցրել ենք իրար, բայց մենք նուն
սիրտն ունենք, մենք իրար կգտնենք»:
Ես կյանքին ձեռք տվեցի և նա ինձ խփեց:
Ես նրա վրայից վերմակը բարձրացրի
և տեսա մի կույտ
մսի, ոսկորների ու երազների:
Ես անուն տվեցի անանուն իրերին
և նրանք իմ անունը
ինձնից խլեցին: Քայլելով տարիներից`
մոտեցա ակնթարթին, փնտրելով
ինքս ինձ` գտա ուրիշին: Մի ձեռք ինձ հետ պահեց
անկման հմայքից, բայց ինչ փնտրում էի`
իր ափով ծածկեց: Թողեք ինձ, իրականության
անթարթ պահակներ, դուք ինձ չեք ճանաչում,
ձեր պահած դռան վրա չկան նշաններ:

ՕԳՈՍՏՈՍ

Արևը սրբում է ուսերս հոգնությունից -
ես այստեղ մնալ չեմ կարող, որովհետև

ամառն ասում է - «Հավաքիր իրերդ,
գնանք այստեղից, արդեն ուշանում ենք»:

Սա իմ ժամանակն է,
իսկական ժամանակը -
կատարելու այն, ինչ պետք է կատարվեր,
եվ ասելու այն ինչ պետք է ասվեր:

Խոսքի ժամանակը,
փրկության ժամանակը,
բարձրացումը սիրո հզոր թևերի -
ապրելու ժամանակը,

եւ վերջապես կատարյալ
իմ կյանքի ժամանակը,
պսակի մեջ Կույսի համաստեղության:

ԵՐԿՈՒ ԵՐԱԶՆԵՐ

Քո կյանքի բաղեղը թեքվում է ներքև,
քսվում հողին` որտեղ
մի օր անցել ես դու: Ժամանակի արծաթագույն
փրփուրների մեջ մի փնտրիր այլևս
ոչ մի արտացոլում: Լռություն - միակ ձայնը,
…որ դու կարող ես լսել այս ժամին:
Դու դեռ չես քնել,
իսկ ես քնած եմ;
Քայլում եմ անառավոտ մի գիշերվա մեջ
և երազում քո արթնության մասին:
Բայց ի?նչ տարբերություն
քնի և արթնության,
երբ նույն երազն ենք տեսնում իրար հետ,
դու ինձ` քո արթնության,
ես քեզ` իմ քնի մեջ:
Դանդաղ մեր միջև բարձրացող մի աշխարհ
պահում է պատկերները
մեր անիրական ուղևորության:
Արգելված վայրեր,
գտած և նորից կորցրած ճշմարտություն,
ճակատագրի երկու բելորներ
իրարից անջատված, բայց իրար կողքի :

ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ

Մենք արթուն էինք,
մենք չէինք քնել,
մեր աչքերի դեմ
գիշերն էր լողում
Ադամի տեսքով,
հետո մի կնոջ
մարմին էր երևում,
որն իր մերկությունը
փաթաթում էր մեզ,
բայց մենք արթուն էինք,
մենք չէինք քնել
մայրամուտից առաջ
եւ նրանից հետո:

ԿՅԱՆՔԸ ՏԽՈՒՐ Է

«ԿՅԱՆՔԸ տխուր է»- մտածեց Հեկտորը
դարբասների մոտ, Աքիլլեսի
մարտակարգի առաջ,
“Կյանքը տխուր է” -
կրկնեցին մի քանիսը հարյուրամյակներից,
«Կյանքը տխուր է»- ասեց Դոն Ժուանը
սիրուհու սենյակից ելնելով,
«Կյանքը տխուր է» -
նկարում էր մի նկարիչ
մի աղավնի:

ԱՅՍՔԱՆ ԱՌԱՎՈՏՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Այսքան առավոտներից հետո
ցերեկը դատարկ է մնում:
Ցերեկը, որի վրա,
դու ուզում ես կարել քո խոսքը,
փշրվում է քո դեմ,
և մնում է խոսքը,
միայն խոսքը,
որից փախչում ես դու:
Դու փողոցում կորցնում ես
քո հարստությունը և աղքատանում:
Հետո փողոցի վրա կարելով քո աղքատ դեմքը
դու հեռանում ես:
Ցերեկը նորից դատարկ է մնում
առանց քեզ:

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՊՈԵՏԻ ՄԱՍԻՆ
1.

Թեև քաոսից է Կարգն առաջանում,
բայց Կարգն էլ է դառնում սկիզբ Քաոսի,
ինչքան էլ դարերի կողերով հոսի,
միտքը քայքայվում է իր տանջարանում:

Ահա - պոեզիայի ծուխն է բարձրանում,
վառվում են սերմերը հոգու ակոսի,
մինչև զգացմունքի ձայնը չխոսի,
բառերը չեն շարվի թղթի սահմանին:

Մի քիչ անկարգ եղիր, բայց Կարգն իմացիր,
իջիր ներքև, դեպի խորքը մթության
և հետո լուսերի հեղեղով անցիր:

Ինչքան խավարի մեջ ոտքդ է սայթաքում,
այնքան բարձրանում ես աստղի նման,
որն իջնում է, վառվում լճի հատակում:

2.

Ամեն տող ապրում է ինքնուրույն կյանքով,
ամեն տող սեփական իր պատկերն ունի,
նման ճյուղերի մեջ նստած թռչունի,
բառն այնտեղ ապրում է իր ներշնչանքով:

Թե մոտենաս նրան, նա հառաչանքով
կշարժի թևերը, կպոկվի ճյուղից,
բարձրացիր ինքնուրույն բառից ու տողից,
և Խոսքը կտեսնես իր կյանքում հանգչող:

Բառերն ու տողերը ծնվում են, մեռնում,
որքան հանում են, ծերանում, այնքան
բանաստեղծությունը ջահել է դառնում:

Ինչպես երեխաներ, ապրում են նրանք,
խաղում իրար հետ, բայց մի ձեռք նրանց
պահում է մի անտես հսկողության տակ:

3.

Պոեզիան մեր վերջին հայացքն է օդում,
պոեզիան առաջին արձագանքն է մեր,
պոեզիան կերտում է ոսկե քանդակներ,
բայց ինքը ոսկու մեջ երբեք չի մտնում:

Մարդը պոեզիայում իրեն չի գտնում,
նա իրեն չի գտնում պոեզիայից դուրս,
իսկ այն, ինչ գտնում է, թվում է անհույս
անցյալից մնացած մի պատմություն:

Պոեզիան ուղին է ընտրում դարուփոս,
կոտրում ողնաշարը, անցնում ինչպես հուշ,
բայց նա մեզ տալիս է հավերժության տոմս:

Պոեզիան դաժան է - երեխա և կին
պոեզիան մեր ձեռքին վարդ է և կակտուս,
պոեզիան ակնարկ է - նետված մեր կյանքին:

4.

Նա մականուն ուներ - «Տաղանդավոր է»,
թարմ էր, ինչպես ցողը վաղ արշալույսին,
անցնում էր հնամաշ փողկապը վզին,
նրա մասին էին խոսում բոլորը:

Թերթերը գրում էին - «Մեր վաղվա օրը»,
պոեզիան փնտրում էր իր միակ հույսին,
բայց նա էլ չէր նայում մարդկանց երեսին,
նա հաշվում էր միայն իր փառքն ու տողը:

Բայց հետո թերթերը գրեցին - «ոչինչ…»,
պոեզիայի հույսը մնաց ետևում,
իսկ շուրջը խոսում էին հոգսերից չնչին:

Առավոտ ելնում էր, ու երբ չարացած
չէր գտնում իր անունն օրվա թերթերում,
տխուր հառաչում էր - «Ինչպիսի արկած»:

Աղբյուր՝ Գրանիշ։

Լրահոս
Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են «Մշակույթի նախարարության հայտարարությունն ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է». «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերություն Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին» «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում «Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է» Մեջբերումներ Թումանյանի մասին Հովհաննես Թումանյան․ Ուրախ գիշեր Ազգ-բանաստեղծ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ
website by Sargssyan