Հովհաննես Թումանյան․ Սպասում

Հովհաննես Թումանյան․ Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:

”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը, – դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, – վերջի՜ն համարը:

Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.

– Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները:

Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:

Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.

– Խնդրում եմ… խնդրում եմ, ներեցեք ինձ, – խոնարհվեց:

Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:

– Հայր սուրբ…,- կմկմաց:

Հետո իմացավ, որ նա ”Le Mercure musical” հանդեսի աշխատակից էր:

– Ամենավերջին համարը, թարմ համարը, – մորմոքում էր տղայի ձայնը:

Կոմիտասն ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց.

– Մսյո…

– Մրսել ես, մանչս,- գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը:

– Մերսի… նոր համարը… թարմ համարը…- լրագրավաճառը վազեց փողոցով:

Կոմիտասը հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց. «Դու որբ ես, մա՛նչս»: – Եվ հանդեսը թերթատելով քայլեց:

– Օհո՜, – ոտքը կախ գցեց, – երիտասարդը նորեն մեղանչում է: – Ամսագրում նվագահանդեսի արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը.

«Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:

– Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է. հայտնագործում է նոր ժողովուրդ, որը հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը օդի պես շնչել ու շնչում է:

«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով… » – կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը:

– Դատարկ խոսքեր, – Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում: – Տասը-տասներկու տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում… Եվ հիմա նույնը շարունակվում է: Հիմա… (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր):

Հիմա փուչ խոսքեր ասելու հերթը քուկդ է, – սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը: – Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը:

Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները` աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից:

Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել, – տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը, – էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:

«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա` ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը, – մտածեց Կոմիտասը, – դա մարդու ծնունդի դեմ, բնության դեմ բան է: Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա` օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա` իր մորթու գոյության բնական իրավունքով: Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տրվում են նրանց ծննդի հետ` տրվում են օդի ու մորթու պես…

Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարվել: Թունավոր սրեր են բացվել բնության դեմ…»:

Փողոցի շրջադարձից ելավ մի կառք` ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների տաք ղողանջով: Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը: Եվ Կոմիտասն ուզեց կանգնեցնել կառքը` գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի դիմաց և ասել. «Մսյո՛, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրե՛ք: Ինչպե՞ս, ձե՞րը չէ… Ոչինչ, վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»:

Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն: 1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:

«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ,- հիշեց Կոմիտասը, – երկու օր նոթի-նոթի մտածեցի միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ: Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է, որ կուշտ լինեի) «և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում: Ու ես…»:

Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից` ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող: Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Շմիդտի խոսքերը` «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես: Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև» – սառած դեմքն ամոթից տաքացավ:

«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան, – անվրդով շունչ քաշեց Կոմիտասը, – չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ իրեց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը, – վիրավորված մտածեն և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է:- Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում ինձնով»: – Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին, ժամից ավելի սպասում էր:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:

«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:

«Ինչո՞ւ, – փորձեց հասկանալ, – ինչո՞ւ պարտք»:

«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: – Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու կուրախացնի:

Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են, – մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին, – թող մնան, ձագ հանեն՚:

Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…

Ցուրտ է… Ուշացավ՚:

Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը, երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը:

«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»:

Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր վտիտ մի մարդ` աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված: Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա:

«Սա չէ,- որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ ու կանգնեց` ինքը չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտնվի: Չի՞ ուզում: Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է, ախր… »:

Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում` պահ առաջվա խեղճ ու կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց… Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն` սրտադողն էր մարում:

Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը…

«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ: – Մեկն աչք էր բացել, թպրտում էր: – Դուրս չեմ հանի…

Իմ տաքությունն են, թող մնան… Ցուրտ է աշխարհը… »:

Իմ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին:

Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը:

Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր:

Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ կողաոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր, միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը` մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին:

Ձմռան այդ օրն ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի տիրոջ հետ: Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու մեծ կորստի համար:

Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր: Սպասումի ամեն մի րոպեն հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստուն և անպայման այդ ժամակոչության մեջ վեհություն կար` ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի ժամ կեցել է, երեք ժամ սպասել է… էլի կարող է սպասել…

Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն: Եվ աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կարոտյալ մարդկանց գանգատն ու պահանջը շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար…

Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից և խղճաց նրան, որ դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը. լավ է, որ տերը չէր:

Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանն ու էլի չփորձեց մեկնել:

Հետո փողոցն արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի սայլակ: Սայլակ քաշողը մարդ էր` պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր: Սայլակի վրա դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստ-կապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող: Նրանց աչքերում սրտնեղություն կար և դա` սայլաքարշի ծանր ոտփոխումից: Փողոցի սառցե կոշտուկներից սայլանիվները ոստոստում էին` դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զնգոցն արծաթե անձրև էր մաղում:

«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին, – դաշնամուրին շշնջաց Կոմիտասը, – մենակ քեզ հետ՚, – կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան: Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք»:

«Դու ամեն օր ես էդպես նվագում, – մտածեց բեռնակրի մասին, – սա քո հորինած շարականն է, դու ուրիշը չունիս»:

Եվ ապա հիշեց.

«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»:

Եվ հիշեց իր նվագարանը` հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և դաշնամուրը թողած ետ դառավ:

«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս, – շշնջաց նա և ավելացրեց,- ընկերս… »:

Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ փողոցում, մեկեն հայտնված տխրությունն ուսերը ծրարող վերարկու էր:

«Ընկերս», – կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին: Նրանք նվագարանն էին շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում:

Հիմա, մի քանի ամիս էր, հեռու էր նրանից, է՛հ, քանի տարվա իր խաղընկերոջից: Էդպես էր: Դեմ-դիմաց նստած խոսակցում էին: Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո` մի խոսքի գալիս ու դառնում մի շունչ: Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր` որոնում մեկին, որ ներս բերեր, դարձներ ականջալուր` իր նվագարանի ավետիսին: Եվ որոնում էր և չէր գտնում նրան` իր ու նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին, միասին լռում էին, երկար էին լռում: Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից ծայրը բացում զրույցի.

Սիրտս նման է էն փլած տներ…

Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում.

Տո՛, լաճ, տնավեր…

Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը` Հայոց աշխարհի մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու հավատով աչքերից` թոնիրները լցված դեղին բոցերի մասին.
Եվ Փարիզը մատը խածնել էր. «Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն… »:

Բեռնակիրն ու սայլակն արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց:

«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր… երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»:

Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի հանդեպ: Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս: Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու դաշնամուրի զրույցը: Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով: Կլսի ու գուշակի պես կհաստատի իր ու դաշնամուրի ավետը: Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու հասկանում, հին ընկերներ են:

«Եվ դեռ երկար կընկերակցենք… Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»:

Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ: Թվում էր, թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շրթերից` դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից: Հատուկենտ էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար: Իսկ նա, աննահանջ, սպասում էր… Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…

Չորս ժամ…

Ե՛վ դրամապանակն էր մտահան արել, և՛ ճամփապահի նպատակն ու հարկը: Կար միայն կարոտյալ մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում ամենաշատը պետք է մրսած լիներ: Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց:

Ու եկավ նա…

Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով:

(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ):

«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են, – նորից մտածեց Կոմիտասը,- բնությունը սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին. կինը սպանում են, կնոջը ստիպում այրամարդ դառնալ»:

Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին. հայացքի հետ դողում, աչքաթարթումի հետ կանգնում` ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ թեքվելու, ետ դառնալու մասին:

Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ` դարձավ գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ:

«Աչքերը սև էին… Տխուր… Եվ… »:

Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել, չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը: Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե խոսքն իրեն էր ուղղված:

«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը… ինձ համար էր», – սիրտ արեց մտածել, և հուզմունքից շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով: Նա փորձեց բարձրացնել գլուխը` էլի նայել, բայց մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից սպասում էր…

Ապա կնոջ կախ գցած հայացքն առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց ոտքերը: Կնոջ քայլերն ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ` և ինքը կանցնի այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը, և ինքը կմնա ձմեռնաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ:

– Մադմուազել…

Կինը ցնցվեց: Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր` ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա շնչակտուր սպասման ճիչն էր:

– Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:

Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում…

Մի տաք անկյուն լիներ… Քնել է ուզում…

– Այո՛… դրամապանակս եմ կորցրել, – ասաց ցածրաձայն:

Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:

– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք: – Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:

– Բացել պետք չէ, – ասաց և ինքն իր համար ավելացրեց, – ցուրտ է…

Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:

– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը, աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Իսկ Կոմիտասը հեռանում էր հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն: Եվ հոգում նորեն անհասկանալի մի ալիք` զեռ, կտրակցուն: Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը. Կոմիտասին թվում էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ ձևի պետք է լիներ: Ինչպե՞ս… Մի քիչ ուրիշ ձևի, ախր ինքը սպասում էր… այր մարդու, բայց կին հայտնվեց:

Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր: Նորեն թափահարեց ձեռքը, և նորեն ականջը թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը:Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն:

Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը, – դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, – վերջի՜ն համարը:

Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.

– Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները:

Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:

Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.

– Խնդրում եմ… խնդրում եմ, ներեցեք ինձ,- խոնարհվեց:

Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:

– Հայր սուրբ…,- կմկմաց:

Հետո իմացավ, որ նա ”Le Mercure musical” հանդեսի աշխատակից էր:

– Ամենավերջին համարը, թարմ համարը, – մորմոքում էր տղայի ձայնը:

Կոմիտասն ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց.

– Մսյո…

– Մրսել ես, մանչս,- գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը:

– Մերսի… նոր համարը… թարմ համարը…- լրագրավաճառը վազեց փողոցով:

Կոմիտասը հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց. «Դու որբ ես, մա՛նչս»: – Եվ հանդեսը թերթատելով քայլեց:

– Օհո՜, – ոտքը կախ գցեց, – երիտասարդը նորեն մեղանչում է: – Ամսագրում նվագահանդեսի արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը.

«Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:

– Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է. հայտնագործում է նոր ժողովուրդ, որը հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը օդի պես շնչել ու շնչում է:

«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով… » – կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը:

– Դատարկ խոսքեր, – Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում:- Տասը-տասներկու տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում… Եվ հիմա նույնը շարունակվում է: Հիմա… (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր):

Հիմա փուչ խոսքեր ասելու հերթը քուկդ է, – սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը: – Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը:

Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները` աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից:

Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել, – տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը, – էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:

«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա` ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը, – մտածեց Կոմիտասը, – դա մարդու ծնունդի դեմ, բնության դեմ բան է: Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա` օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա` իր մորթու գոյության բնական իրավունքով: Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տրվում են նրանց ծննդի հետ` տրվում են օդի ու մորթու պես…

Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարվել: Թունավոր սրեր են բացվել բնության դեմ…»:

Փողոցի շրջադարձից ելավ մի կառք` ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների տաք ղողանջով: Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը: Եվ Կոմիտասն ուզեց կանգնեցնել կառքը` գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի դիմաց և ասել. «Մսյո՛, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրե՛ք: Ինչպե՞ս, ձե՞րը չէ… Ոչինչ, վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»:

Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն: 1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:

«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ,- հիշեց Կոմիտասը, – երկու օր նոթի-նոթի մտածեցի միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ: Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է, որ կուշտ լինեի) «և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում: Ու ես…»:

Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից` ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող: Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Շմիդտի խոսքերը` «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես: Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև» – սառած դեմքն ամոթից տաքացավ:

«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան, – անվրդով շունչ քաշեց Կոմիտասը, – չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ իրեց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը, – վիրավորված մտածեն և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է:- Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում ինձնով»: – Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին, ժամից ավելի սպասում էր:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:

«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:

«Ինչո՞ւ, – փորձեց հասկանալ, – ինչո՞ւ պարտք»:

«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: – Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու կուրախացնի:

Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են, – մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին, – թող մնան, ձագ հանեն՚:

Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…

Ցուրտ է… Ուշացավ՚:

Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը, երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը:

«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»:

Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր վտիտ մի մարդ` աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված: Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա:

«Սա չէ, – որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ ու կանգնեց` ինքը չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտնվի: Չի՞ ուզում: Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է, ախր… »:

Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում` պահ առաջվա խեղճ ու կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց… Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն` սրտադողն էր մարում:

Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը…

«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ:- Մեկն աչք էր բացել, թպրտում էր:- Դուրս չեմ հանի… Իմ տաքությունն են, թող մնան… Ցուրտ է աշխարհը… »:

Իմ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին:

Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը:

Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր:

Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ կողաոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր, միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը` մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին:

Ձմռան այդ օրն ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի տիրոջ հետ: Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու մեծ կորստի համար:

Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր: Սպասումի ամեն մի րոպեն հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստուն և անպայման այդ ժամակոչության մեջ վեհություն կար` ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի ժամ կեցել է, երեք ժամ սպասել է… էլի կարող է սպասել…

Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն: Եվ աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կարոտյալ մարդկանց գանգատն ու պահանջը շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար…

Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից և խղճաց նրան, որ դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը. լավ է, որ տերը չէր:

Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանն ու էլի չփորձեց մեկնել:

Հետո փողոցն արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի սայլակ: Սայլակ քաշողը մարդ էր` պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր: Սայլակի վրա դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստ-կապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող: Նրանց աչքերում սրտնեղություն կար և դա` սայլաքարշի ծանր ոտփոխումից: Փողոցի սառցե կոշտուկներից սայլանիվները ոստոստում էին` դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զնգոցն արծաթե անձրև էր մաղում:

«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին, – դաշնամուրին շշնջաց Կոմիտասը, – մենակ քեզ հետ՚, – կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան: Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք»:

«Դու ամեն օր ես էդպես նվագում, – մտածեց բեռնակրի մասին, – սա քո հորինած շարականն է, դու ուրիշը չունիս»:

Եվ ապա հիշեց.

«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»:

Եվ հիշեց իր նվագարանը` հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և դաշնամուրը թողած ետ դառավ:

«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս, – շշնջաց նա և ավելացրեց,- ընկերս… »:

Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ փողոցում, մեկեն հայտնված տխրությունն ուսերը ծրարող վերարկու էր:

«Ընկերս», – կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին: Նրանք նվագարանն էին շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում:

Հիմա, մի քանի ամիս էր, հեռու էր նրանից, է՛հ, քանի տարվա իր խաղընկերոջից: Էդպես էր: Դեմ-դիմաց նստած խոսակցում էին: Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո` մի խոսքի գալիս ու դառնում մի շունչ: Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր` որոնում մեկին, որ ներս բերեր, դարձներ ականջալուր` իր նվագարանի ավետիսին: Եվ որոնում էր և չէր գտնում նրան` իր ու նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին, միասին լռում էին, երկար էին լռում: Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից ծայրը բացում զրույցի.

Սիրտս նման է էն փլած տներ…

Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում.

Տո՛, լաճ, տնավեր…

Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը` Հայոց աշխարհի մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու հավատով աչքերից` թոնիրները լցված դեղին բոցերի մասին.
Եվ Փարիզը մատը խածնել էր. «Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն… »:

Բեռնակիրն ու սայլակն արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց:

«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր… երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»:

Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի հանդեպ: Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս: Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու դաշնամուրի զրույցը: Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով: Կլսի ու գուշակի պես կհաստատի իր ու դաշնամուրի ավետը: Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու հասկանում, հին ընկերներ են:

«Եվ դեռ երկար կընկերակցենք… Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»:

Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ: Թվում էր, թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շրթերից` դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից: Հատուկենտ էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար: Իսկ նա, աննահանջ, սպասում էր… Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…

Չորս ժամ…

Ե՛վ դրամապանակն էր մտահան արել, և՛ ճամփապահի նպատակն ու հարկը: Կար միայն կարոտյալ մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում ամենաշատը պետք է մրսած լիներ: Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց:

Ու եկավ նա…

Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով:

(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ):

«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են, – նորից մտածեց Կոմիտասը,- բնությունը սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին. կինը սպանում են, կնոջը ստիպում այրամարդ դառնալ»:

Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին. հայացքի հետ դողում, աչքաթարթումի հետ կանգնում` ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ թեքվելու, ետ դառնալու մասին:

Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ` դարձավ գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ:

«Աչքերը սև էին… Տխուր… Եվ… »:

Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել, չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը: Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե խոսքն իրեն էր ուղղված:

«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը… ինձ համար էր», – սիրտ արեց մտածել, և հուզմունքից շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով: Նա փորձեց բարձրացնել գլուխը` էլի նայել, բայց մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից սպասում էր…

Ապա կնոջ կախ գցած հայացքն առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց ոտքերը: Կնոջ քայլերն ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ` և ինքը կանցնի այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը, և ինքը կմնա ձմեռնաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ:

– Մադմուազել…

Կինը ցնցվեց: Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր` ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա շնչակտուր սպասման ճիչն էր:

– Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:

Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում…

Մի տաք անկյուն լիներ… Քնել է ուզում…

– Այո՛… դրամապանակս եմ կորցրել, – ասաց ցածրաձայն:

Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:

– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց, – իսկ ինչո՞ւ ուշացաք: – Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:

– Բացել պետք չէ, – ասաց և ինքն իր համար ավելացրեց, – ցուրտ է…

Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:

– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Իսկ Կոմիտասը հեռանում էր հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն: Եվ հոգում նորեն անհասկանալի մի ալիք` զեռ, կտրակցուն: Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը. Կոմիտասին թվում էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ ձևի պետք է լիներ: Ինչպե՞ս… Մի քիչ ուրիշ ձևի, ախր ինքը սպասում էր… այր մարդու, բայց կին հայտնվեց:

Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր: Նորեն թափահարեց ձեռքը, և նորեն ականջը թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում