«Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում

«Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի թանգարանների նախաձեռնությամբ եւ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2018 թվականի փետրվարից առ այսօր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հարկի տակ են հավաքվում «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը ներկայացնող հայ պատանի եւ երիտասարդ ստեղծագործողները։

Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդ արվեստագետներին` հանրության առջեւ հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները եւ գալիքի իրենց տեսլականը։

Օրերս տեղի ունեցավ «Արարող ձեռքերի» 2019 թվականի առաջին, բայց թվով 13-րդ ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին Դիանա Հարությունյանի եւ Շուշան Գեւորգյանի անհատական աշխատանքները:

Բացման խոսքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ Հայոց եկեղեցին իր կարելին ի սպաս է բերում հայ երիտասարդների համար, որ նրանք կրթվեն, կայանան, զարգանան եւ կերտեն գալիքը մեր ազգի եւ եկեղեցու. «Հայ երիտասարդը միշտ վստահ պիտի լինի, որ իր հարազատ եկեղեցին պատրաստ է նրան աջակցելու, մարտակցելու»:

Դիանան եւ Շուշանը սովորում են Գեղարվեստի պետական ակադեմիայում: Հարցին՝ ի՞նչ է նրանց համար գեղարվեստն ու նկարչությունը, երկուսն էլ միաբերան պատասխանում են, որ դա միջոց է, որով կարող ես թղթին կամ կտավին հանձնել քո հույզերը, մտածումներն ու ապրումները:

Դիանայի համար արվեստն աշխարհաճանաչողության ձեւերից մեկն է, գեղանկարչության միջոցով մարդն ավելի մոտիկից է հարաբերվում շրջակա աշխարհի հետ եւ ավելի խորը բացահայտում այն: Ըստ Շուշանի, նմանատիպ ցուցահանդեսները երիտասարդ ստեղծագործողներին ինքնարտահայտման ավելի մեծ հնարավորություն են տալիս եւ նպաստում նրանց հայտնի դառնալուն:

Ցուցահանդեսների շարքը կլինի շարունակական, այն սպասված մշակութային միջոցառում է դարձել թե՛ երիտասարդ ստեղծագործողների համար եւ թե Վաղարշապատի բնակիչների:

Դիանայի եւ Շուշանի աշխատանքներն այս օրերին կարելի է տեսնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում. մուտքն ազատ է:

ԶԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում