Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան

Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան

«Սփյուռքի նախարարության կրճատումը կանխատեսելի չէր։ Ոչ միայն կանխատեսելի չէր, այլ անակնկալ էր», -այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

«Մի ազգ, որի միայն մեկ քառորդն է Հայաստանում ապրում, իսկ մյուս՝ զգալի մասը, սփռված է սփյուռքում, Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կար։ Այլ բան է, որ այն պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում։ Նախարարությունում, իմ կարծիքով, պետք է բաժիններ ավելացվեին, որ կառույցն ավելի արդյունավետ աշխատեր»,- ասաց նա։

Անդրադառնալով Մշակույթի նախարարության փակման գործընթացին՝ Սամվել Կարապետյանը նկատեց, որ ադրբեջանցիներն ու վրացիները զանգվածաբար հայտարարում են, որ հայկական հուշարձաններն աղվանական ու գրիգորյան վրացական են, մինչդեռ հայկական պետությունը հիմնավոր պատասխան այդպես էլ չի հնչեցնում։

«Մենք մտածում ենք՝ դե բոլորն էլ գիտեն, որ հայկական է, էլ ի՞նչ հայտարարենք։ Բայց մշակույթն անպաշտպան թողնել չի կարելի, ոտնձգություններին պետք է պատասխան տրվի։ Սա անտարբերություն է, անողնաշարություն է, այդ դաշտում բացակայություն է։ Չերչիլն ասում էր՝ «Մենք ինչի՞ համար ենք պայքարում. մշակույթի»։ Միաժամանակ, եթե դու ստիպված ես միայն պաշտպանվել, դա հարցի ճիշտ լուծում չէ, մենք նաև պետք է նախահարձակ լինենք։ Խոսք չունեմ, թե ինչ կեցվածք ունի մեր ժողովուրդը»,- ասաց բանախոսը։

Ասուլիսին ներկա քանդակագործ Լևոն Թոքմաջյանն իր հերթին նկատեց, որ կառավարության անդամ նշանակվածներն իրենք են շատ անգամ կառավարության պատիվը գցում։

«Ես գիտեի մշակույթի մի նախարար. Կամո Ուդումյանն էր։ Նա գիտեր՝ արվեստագետներն ինչով են զբաղվում։ Նա, արվեստագետ չլինելով, մեծ մտավորական էր։ Մտածում եմ՝ մի՞թե ներկայիս վիճակն անձի հետ կապված չէ։ Ուդումյանից հետո եկան անփառունակ նախարարներ։ Նախարարներին հանելուց հետո իմանում ենք, որ նրանք բիզնես ունեն, առանձնատներ ունեն։

Ես համաձայն եմ, որ Մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, միայն թե աշխատեն։ Թող լինեն յոթ-տասը հոգի, բայց աշխատեն։ Թե չէ 600 հազար աշխատավարձ ստացող պաշտոնյան իրեն 700 հազար պրեմիա է գրում։ Սա այն դեպքում, հասարակ ժողովուրդը սպասում է, որ թոշակները կբարձրանան։ Երկիրը նաև մեր միջոցով է ներկայացվում, իսկ ո՞նց են մեզ նայում», – հարց ուղղեց քանդակագործը։

Բանախոսներն անդրադարձան նաև Օպերային թատրոնի շենքի մերձակայքում սրճարանների քանդման և տարածքի կանաչապատման հարցին։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կողմ արտահայտվեց որոշմանը, իսկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ եթե սրճարանները կան և այնտեղ մարդիկ են հաճախում, նշանակում է դրանց պահանջարկը կա։

«Հին Երևանը քանդելուց ոչ ոք դրա մասին չմտածեց, իսկ հիմա մտածում են սրճարանների տերերի, հարկատուների մասին։ Լուվրի շուրջ էլ կան սրճարաններ, բայց ոչ ամբողջ տարածքով մեկ։ Ամեն կուսակցությունը Օպերայի շուրջը սրճարան ունի, կարծես կուսակցական խաղ է։ Խեղդվել ենք սրճարաններում։ Մի՞թե երիտասարդությունը միայն սրճարաններում է նստում»,- հարց ուղղեց քանդակագործը։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում