Համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 95-ամյակին

Համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 95-ամյակին

Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները հունվարի 31-ին կներկայացնեն համերգ՝ նվիրված հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի 95-ամյակին: Համերգը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կամերային երաժշտության տնից հայտնում են, որ ԵՊԿԵ մենակատարների համերգին (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) կներկայացվեն Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Արմեն Տիգրանյանի, Վիլյամ Վայների և այլ կոմպոզիտորների գործեր:

Որպես մենակատարներ հանդես կգան Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մերգելոս Ամիրխանյանը (տենոր), Մաքրուհի Խաչատրյանը (սոպրանո), Հռիփսիմե Սուքիասյանը (սոպրանո), Ջեննի Նազարյանը (սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Գագիկ Հարությունյանը (տենոր), Արթուր Պողոսյանը (տենոր), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Տիգրան Մեսրոպյանը (դաշնամուր):

Երգչուհի Գոհար Գասպարյանին անվանել են «հայկական սոխակ»: Եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա, նրա ձայնը առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան հատուկ է եղել կատարվող ստեղծագործությունների գաղափարական-գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Հանդես է եկել բազում օպերաներում:

Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: 1953թ. արժանացել է Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում