Դատելու մասին

Դատելու մասին

Ժայռաբնակ աբբա Հովհաննես ծերը աբբա Դանիել Եգիպտացու մասին պատմեց, թե նա մի անգամ գնաց Տերենութ, որպեսզի վաճառի իր ձեռագործը: Մի երիտասարդ աղաչեց նրան և ասաց. «Հանուն Աստծո, հա՛յր, ե՛կ իմ տուն և իմ կնոջ վրա աղո՛թք արա, որովհետև ամուլ է»:

Եվ ծերը, երիտասարդի թախանձանքներին տեղի տալով, գնաց նրա տուն, աղոթք արեց նրա կնոջ վրա, և նա Աստծո կամքով հղիացավ: Մարդկանցից ոմանք, որ չէին երկնչում Աստծուց, անզգամաբար հանդգնում էին ասել, թե այն երիտասարդը անմասնակից էր, իսկ կինը աբբա Դանիելից հղիացավ:

Ծերն ասաց ամուսնուն.

«Երբ քո կինը երեխա կծնի, ինձ տեղեկացրո՛ւ»: Եվ ամուսինը, գալով նրա մոտ, ասաց. «Աստծով և քո աղոթքների շնորհիվ իմ կինը ծննդաբերեց, հա՛յր»:

Այնժամ եկավ հայր Դանիելը և երիտասարդին ասաց. «Ճաշկերո՛ւյթ պատրաստիր և հրավիրի՛ր քո բարեկամներին ու հարազատներին»:

Եվ երբ հավաքված ճաշում էին, վերցրեց ծերը երեխային ամենքի առաջ և նրան հարցրեց.

«Ո՞վ է քո հայրը»:

Ծծկերը ձեռքի մատով ցույց տվեց իր հորը: Այդ երեխան դեռ քսաներկու օրական էր: Եվ ամենքը փառավորեցին Աստծուն, որ պահպանում է նրանց, ովքեր ճշմարտությունն են փնտրում իրենց բովանդակ սրտով:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին

Աղբյուր՝ Surbzoravor.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում