Քեզ

Քեզ

Չէիր եկել դու դեռ, դեռ ինձ համար կյանքում
Դու չկայիր անգամ, միակ իմ սեր,
Բայց իմ պատանության թախծոտ երազանքում
Ես քո պատկերն էի լույսից հյուսել:

ՈՒ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար որպես մուսա ու որպես քույր:

Մոլորվել էր գիշերն աչքերիդ մեջ խորին,
Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ,
Դու նրբիրան էիր, որպես բարակ լորին,
Թեթև էիր որպես սարի այծյամ:

Եկար ու թև տվիր դու իմ ներշնչանքին,
Սրտիս երազ տվիր, երգիս՝ ոգի,
Այնպես նման էիր դու իմ անրջանքին,
Այնպես նման չեիր դու ոչ ոքի:

ՈՒ սիրեցի ես քեզ պատանորեն, անքուն,
Ինչպես սիրում է լոկ սիրտն անեղծ,
Որ մի ծաղիկի համար այրվել գիտե կյանքում,
ՈՒ խեղդվել մի շիթ արցունքի մեջ:

ՈՒ երբ հեռու եղա, ու երբ մենակ եղա,
ՈՒ երբ թախծեց հոգիս լուռ ու տրտում,
Դու կարծես ծուխ դարձար հայրենի տան վրա
ՈՒ կանչեցիր հեռվից, կանչեցիր տուն:

…Երկար է դեռ ճամփան… ՈՒ մեր ճամփին հեռու
Դեռ կարող է լինել մրրիկ ու ձյուն,
Տո՛ւր ինձ ձեռքդ փոքրիկ, ապավինիր սիրուս,
Դու իմ միա՜կ, իմ սե՛ր, իմ քնքշությո՛ւն:

Եվ հնչում մի անբառ, մի անհուն մեղեդի,
Ծավալվում եր անվերջ հրդեհվող երկնքում,
Դա նվա՞գն էր արդյոք հրեղեն եղեգի.
Թե բեկված կարոտիս ձայնալարն եր զնգում:

Եվ անբառ այդ երգում կար թախիծ մի անբառ,
Եվ արյան հեկեկանք, եվ աղերս մի տրտում,
Մի հովիտ կար հեռու, մի քարոտ ճանապարհ,
Մենավոր մի բարդի, մի դռնակ ու մի տուն:

Եվ կային քամու դեմ զնգացող զանգակներ
Կար ավեր մատուռի տվայտող լռություն,
Եվ կանչեր հեռավոր, որ վաղուց են հանգել,
Բայց կանչում են կրկին ու կանչում են քեզ տուն:

Եվ իջնող մութի դեմ իր թևերը ջարդած,
Մեղեդին երկնքում մղկտում էր ցավոտ
ՈՒ գնում էր հեռու, ու գնում էր անդարձ,
Մթան մեջ թաղելու վիրավոր մի կարոտ:

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում