Մշակութային տոնախմբություն Գյումրիում

Մշակութային տոնախմբություն Գյումրիում

Հանրապետության նախագահի՝ Գյումրի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համերգից հետո նախագահը հանդիպել է նվագախմբի ղեկավարության հետ և, ի սրտե շնորհավորելով հոբելյանի առթիվ, երախտագիտություն հայտնել արվեստին անմնացորդ նվիրումի և մշակութային խիզախումի համար, որի շնորհիվ Գյումրին այսօր ունի բարձրակարգ նվագախումբ:

«Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա հատուկ մարդիկ կարող են անել, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ, և ընդհանրապես համառություն և նվիրվածություն ունեցող մարդիկ»,-ասել է նախագահը:

Նա պատրաստակամություն է հայտնել նաև որոշակի աջակցությամբ նպաստել նվագախմբի հետագա ծրագրերի իրականացմանը:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում