Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

Հունվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանին (նստավայրը` Թեհրան):

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունն առավել կնապաստի երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացմանն ու խորացմանը:

Անդրադառնալով Ուրուգվայում հայոց կյանքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ շնորհիվ Ուրուգվայի իշխանությունների ջերմ ու հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանության տարիներին երկրում ձևավորված հայ համայնքը հնարավորություն ունի ազատորեն ապրելու իր ազգային, հոգևոր և մշակութային կյանքով: Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ Ուրուգվայը աշխարհում առաջինն է պաշտոնապես ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը:

Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպանը ևս անդրադարձ կատարեց իր առաքելությանը` հավաստիացնելով, որ ջանալու է էլ ավելի խթանել երկու երկրների միջև առկա համագործակցությունը: Ուրագվահայ համայնքի առնչությամբ դեսպանն ընդգծեց, որ այն սիրված ու գնահատված է:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերեց դեսպանին:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում