Մշակույթն ու սփյուռքը մեր թեւերն են

Մշակույթն ու սփյուռքը մեր թեւերն են

Քանի Ազգային ժողովը դեռ «ժամանակ ունի» կառավարության վերջնական ձևավորման համար, մի «վերջին անգամ» հիմնավորեմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ։ Ի տարբերություն «ժողովրդի պահանջի», մեր մոտեցումը մասնագիտական է և անկախ լուծումից, հարցը պետք է բարձրաձայնվի։

Որքան էլ պարզ է, որ խոսելը իմաստ չունի, բայց չխոսելը «գործելու» «ամուր» հիմք է դառնում «Իմ քայլի» ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԻ ՀԱՄԱՐ։ Արդեն մի անմիտ միտք է շրջում համացանցում, ըստ որի «ժողովրդի լուռ համաձայնությամբ լուծարվեց սփյուռքի նախարարությունը»։ Պարզ է, որ «ժողովուրդը» նման կոնկրետ «հրահանգ» չի տալիս։ Աշխարհի բոլոր կառավարություններն են շահարկում ժողովրդի անունը, բայց իրականացնում են ժողովրդի համար ամենաանցանկալի որոշումներ։ «Ժողովրդի» անունից խոսելը երկիր կառավարելու ամենահին ձևն է։

Այնպես որ՝ դիմում ենք ԱԺ «ժողովրդի ներկայացուցիչներին» հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող երկու նախարարությունների պահպանման համար։ Կառույցը քանդելու փոխարեն գործելակերպն է պետք փոխել։ Եթե «օպտիմալացման» խնդիր է, ապա քանդելու փոխարեն ավելի «օպտիմալ» տարբերակ է մշակույթն ու սփյուռքը բերել իրար կողքի, քանի որ գրեթե նույն գործընթացն է իրականացվում։ Ավելին` սպորտն ու երիտասարդությունը կարող են գումարվել նույն կառույցին։ Առավել «օպտիմալ» եմ գտնում գիտությունը ևս բերել մշակույթի ոլորտ և դրանով ամենածանրագույն ոլորտը՝ կրթությունը ազատել չկայացած գիտության բալաստից, իսկ 5 «ազգային» բնույթի ոլորտները «օպտիմալացնել» մեկ կառույցի մեջ։ Ծավալի խնդիր է։

Եթե միատարր նոր խորհրդարանում հնարավոր է որևէ կարգի այլակարծություն և եթե երիտասարդների մեջ կլինեն համարձակներ, որ լուծարումների փոխարեն մի այլ մոտեցում կարողանան բարձրաձայնել, ապա հեռավոր հույս կա, որ «օպտիմալացումը» կգնա չքանդելու, այլ խտացնելու ճանապարհով և խնդիրը կլուծվի առանց եղածը կորցնելու։ Իսկ գիտակցական գոյության 5000-ամյա Հայաստանի համար մշակույթն ու սփյուռքը ճակատագիր են և այն երկու թևերն են, որոնց գործունեությամբ գոյատևում է Հայաստան աշխարհը։

Տեղին է՝ երկու ոլորտների նշանակությունը շեշտելու համար օրինակ բերեմ Ավետիք Իսահակյանի «ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ» իմաստուն առակը, որ ավելի դիպուկ է ներկայացնում իմ հարցադրումը, քան ինքս կարող եմ այն ներկայացնել։ Չափածո առակը բերում եմ արձակ շարվածքով. Ամբողջությամբ.-

«Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր` Ընկել էր մենակ աղբյուրի եզրին, Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր. Մեռնում էր, աչքը` ջրի երազին: Քնքուշ պարիկը տեսավ դալկահար Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

– Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար, է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ: Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.

– Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ. Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

– Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին, Աղավնին բացեց աչքերը ոսկի, Ու թևին տալով ծափեց խնդագին.

– Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

– Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:

– Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք. Առանց թռիչքի կյանքը գին չունի. Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ: -Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,

– Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին, Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի… Ասաց ջրերի լուսեղեն ոգին»։

ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵՐ ԹԵՎԵՐՆ ԵՆ – ահա, « Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի… »

Ավելորդ է իմ կողմից ուրիշ միտք ավելացնել. Կարող եմ բերել թե մշակույթի կառավարման ինչ սկզբունքներ են գործում Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, բայց իմաստ չունի։

ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

Հասկացողին ավելին պետք չէ ասել, չհասկացողին տասն անգամ ավել հիմնավորումն էլ պետք չէ։

Եթե մի ՎԵՐԻՆ ծրագիր չի իրականացվում, ապա այս հոգսաշատ միտքը կարող է գործուն լինել։

Լևոն ԻՎԱՆՅԱՆ

Խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում