ԱՄՆ-ում The New York Times-ի արխիվների հիման վրա Հայոց ցեղասպանության մասին երկհատորյակ է լույս տեսել

ԱՄՆ-ում The New York Times-ի արխիվների հիման վրա Հայոց ցեղասպանության մասին երկհատորյակ է լույս տեսել

ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով երկհատորյակ, որում ներկայացված են ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթում հրապարակված հարյուրավոր հոդվածներ ու նյութեր, որոնք պատմում են XIX դարի վերջից սկսած Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին, գրում է Rusarminfo.ru կայքը:

Երկհատորյակում տեղ գտած հոդվածներն ու տեղեկատվական նյութերը ժամանակագրական հերթականությամբ պատմում են հայ ազգի պատմության սև էջերի մասին՝ միաժամանակ ընթերցողին հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմել օսմանյան իշխանությունների՝ քրիստոնյա ազգը բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին:

Գրքերում ներկայացված նյութերը կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի՝ 1894-1896թթ. հայերի զանգվածային ջարդերը, Ադանայի ջարդերը և 1915թ.-ի եղեռնը, 1920-ական թվականների սկզբին հայերի բնաջնջման քաղաքականության շարունակությունը:

Երկհատորյակի հեղինակներն են հետազոտող Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության անդամ վարդապետ Վահան Օհանյանը: Գիրքը կազմելու համար 12 տարի է պահանջվել:

Ներկայում հեղինակներն աշխատում են համանման գրքերի լույսընծայման վրա, որտեղ ամփոփված կլինեն XX դարի սկզբին Boston Daily Globe, Chicaco Tribune, Los Angelos Times, Washington Post և այլ հայտնի ամերիկյան պարբերականների՝ Մեծ եղեռնին վերաբերող հրապարակումները:

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում