Հասմիկ Գրիգորյանը օպերային «Օսկարի» հավակնորդ է

Հասմիկ Գրիգորյանը օպերային «Օսկարի» հավակնորդ է

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանն առաջադրվել է հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը» (The International Opera Awards), որը ոչ պաշտոնապես համարվում է օպերային «Օսկար»: Մրցանակաբաշխության կայքից տեղեկանում ենք, որ նա առաջադրված է «Female Singer» անվանակարգում։

«Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը» հաղթողները կհայտարարվեն ապրիլի 29-ին Կարմիր գորգի արարողության ժամանակ:

Նշենք, որ 2016-ին Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում Լիտվայից 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող էր դարձել։

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականին: Մրցանակի կազմակերպիչներն ընդգծել են, որ ստուգատեսի գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն է:

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում