Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին

Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։

Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է աժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակներում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Տերտերյան ֆեստի շրջանակներում փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Ղազորս Սարյանի, Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես կգան Հասմիկ Պապյանը, Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։

Տերտերյան ֆեստի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Այս համերգը բարեգործական է, և համերգի հասույթը փոխանցվելու է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում