Երբ ծառը կտրես արմատից` կչորանա

Երբ ծառը կտրես արմատից` կչորանա

«Որովհետև շատերը, րոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի Խաչի» (Փիլ. 3; 18-19)։

Պողոս աստվածախոս առաքյալը կարծես մեր օրերի համար ասած լինի այդ: Շատ անգամ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք Տիրոջ փրկարար խաչի խորհրդանիշը իրենց վրա կրելով, բազում ու բազմաթիվ մեղքերի մեջ են ընկղմված` շնություն, գողություն, կաշառակերություն, ընչաքաղցություն…:

Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն, և փրկություն նրանց համար, ովքեր երկրպագում են: Եթե նախկինում մարդիկ իրենց կյանքն էին նվիրաբերում հանուն Քրիստոսի` նահատակության պսակը կրելով հավիտենական կյանքի համար, այսօր պատկերը փոխվել և աստվածհայհոյության է վերածվել: Խաչանարգ ու աստվածամերժ այս դարում մարդիկ մոռացել են Քրիստոսի գթառատ սերը և լցվել ատելությամբ, ասում են, թե քրիստոնյա են, բայց անարգում են Քրիստոսին և նրա կենսաբեր Խաչը իրենց անբարո կեցվածքով, ասում են, թե Աստված կա, բայց աստվածհայհոյության մեջ են կորչում իրենց հակառակը վկայող գործերով: Մարդը սովոր է արդարացնելու ինքն իրեն, որպեսզի արդարացնի մեղքը, ինչը հատուկ է սատանային:

Անաստված այս դարում աստվածապատկեր մարդը դարձել է դրսից աստվածապաշտ, ներսից աստվածանարգ, իսկ ոմանք` անաստված: Կորցրել ենք երկյուղն Աստծո հանդեպ և չենք էլ մտածում, որ մեղքերի մեջ ենք ու դեպի դժոխք ենք ուղղորդում մեր ընտրած կյանքի ուղին: Կյանքի հորձանուտը անդունդ է նետել մարդ արարածին, կորացրել մեղքերի մեջ և ուղղորդել աստվածանարգության: Հետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը Խաչի մեջ են տեսել: Մեր սուրբ հայրերը հստակ գիտակցում էին, որ հրաժարվել Խաչից նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը` նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան Եկեղեցու ու նրա ավանդույթների նկատմամբ: ՈՒ եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է` Խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել և, որ առավել սոսկալի է, անարգել ենք մեր անօրեն ապրած կյանքի իրականությամբ:

Դարեր ի վեր մեր նվիրումը Քրիստոսի վարդապետության հանդեպ, մեր հավատքը Նրա կենսաբեր Խաչին պահպանել են մեր հայ տեսակը, առավել ևս թույլ տվել որպես ազգ, որպես ժողովուրդ գոյատևել: Երբ ծառը կտրես արմատից` կչորանա, երբ այրես` կմոխրանա: Մենք, աստվածուրացության մեղքի մեջ ընկնելով, չորանում ենք, անարգելով Տիրոջ փրկարար խաչը` մոխրանում, և որ առավել ցավալի է` կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ, ժողովուրդ գոյատևելուց:

Երբ որևէ մեկին լքում է բանականությունը, սկսում են գերիշխել բնազդն ու բնազդային կրքերը, որ հատուկ են չորքոտանի կենդանիներին, հետևաբար, նման մարդուց խաղաղություն, անշահախնդրություն, սեր, նվիրվածություն սպասելը միամտություն կլինի, իսկ եթե մարդը բանականության և հավատքի մեջ է, նրա մեջ գերիշխում են հավատն ու դրանից բխած աստվածահաճո բարի գործերը, որով նա վերահաստատում է Քրիստոսի, Նրա փրկարար Խաչի հանդեպ իր հավատը, նվիրումը:

Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես ընտրության առջև ենք կանգնած, մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, ըստ մեր ընտրածի` ստանում համարժեք պատասխան:

Եթե հարատևենք անհավատության և աստվածանարգության մեջ, մի օր պետք է զղջանք, բայց ուշացած, անօգուտ և ենթակա Աստծո դատաստանին: «Մինչ հիվանդանալը հոգ տար քեզ համար»,- ասում է իմաստունը, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է. «Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»: Աստված մեր առջև կրակ և ջուր է դրել ընտրության իրավունքով. մեկով կզովանանք, մյուսի մեջ ընկնելով` կայրվենք:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ(Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ)

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում