Հրայր Ուլուբաբյան. «Մի ուսուցիչն ասում է՝ մարդը կապիկից է առաջացել, մյուսը` մարդն Աստծո ստեղծած է»

Հրայր Ուլուբաբյան. «Մի ուսուցիչն ասում է՝ մարդը կապիկից է առաջացել, մյուսը` մարդն Աստծո ստեղծած է»

«Մեր երկրում ստեղծված վիճակից ելք փնտրողներն անպայման պետք է հաշվի առնեն Թումանյանի գաղափարները»,- փետրվարի 5-ին «Տեսակետ» ակումբում ասաց թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը` Հ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, խոսելով «Վերնատան» պատմական դերի ու արդիական նշանակության մասին: Նա հիշեցրեց 1969 թ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առիթով Պարույր Սեւակի հնչեցրած այն միտքը, թե Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է ստորադասված եւ չմեկնաբանված:

Ուլուբաբյանը նշում է, որ մահից առաջ բանաստեղծն ասել է, որ իր կյանքը հետագայում մեծ հետաքրքրություն եւ աղմուկ է առաջացնելու, շատ բաներ են պարզվելու, քանի որ իր գործերը վատ են ուսումնասիրված:

«Թումանյանի աշխարհը տիեզերական աշխարհն է, այդ տիեզերական կյանքում եւ բուդդայականություն, եւ քրիստոնեություն, եւ յոգա կա, բոլոր կրոնները համադրված են: Թումանյանը եղել է այդ ժամանակ ամբողջ աշխարհում տարածված թեոսոֆիական (աստվածային իմաստնություն, աստվածաճանաչողություն) ընկերության գաղափարների կրողը»,- կարծում է Հրայր Ուլուբաբյանը:

Նաեւ հավելում, որ թեոսոֆիական տեսության առանցքում էին համամարդկային եղբայրության գաղափարը, կրոնների փիլիսոփայությունների ուսումնասիրությունը, մարդու եւ բնության գաղտնի ուժերի ուսումնասիրությունը: Նա անդրադարձավ նաեւ էզոթերիկ այդ ուսմունքի հեղինակ Ելենա Բլավատսկայային, նրա կառույցն էլ որակեց գաղտնագետների միություն:

Ուլուբաբյանը համոզված է, որ Թումանյանը եւ «Վերնատան» բոլոր անդամները վերը նշված երեք խնդիրներով զբաղվել են:

«Թումանյանն էլ, Աղայանն էլ հեռազգաց են եղել, Աղայանը փողոցում ընկել-մահացել է, Թումանյանն իր տանը նստած տեսել է Աղայանի մահանալը»,-ասում է բանախոսը, ու փաստում, որ նրանք սովորական մարդիկ չէին:

Հրայր Ուլուբաբյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում հաճախ քննարկվող Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում դասավանդելուն:

«Եկեղեցու պատմություն ուսումնասիրողները պետք է մի քիչ լրջանան, քանի որ խոսում են չիմացած բաների մասին: Թումանյանն ասում է` մարդը կարծում է, թե եկեղեցին ու քրիստոնեությունը նույնն են, մինչդեռ, որ մի քիչ խորանում է, հասկանում է, որ դրանք ոչ միայն նույնը չեն, այլ լրիվ հակառակ բաներ են:

Այս իմաստով, եթե եկեղեցին ու քրիստոնեությունը հակառակ բաներ են, պատմությունից մեզ հայտնի է, որ եկեղեցին իր 1700-ամյա գոյության ընթացքում մեր բոլոր մեծերին հալածել է` Խորենացի, Փարպեցի, Դավիթ Անհաղթ, Շիրակացի, Թոնդրակյան, Պավլիկյան շարժումները եւ դրանց ղեկավարներին: Մինչեւ Կոմիտասը ներառյալ բոլորը հալածվել են: Հիմա ինչպե՞ս որոշել` այսօր եկեղեցին դպրոցում, բանակում պե՞տք է, թե՞ ոչ: Ո՞վ պետք է որոշի, ի՞նչ սկզբունքով եւ չափանիշներով պետք է ղեկավարվեն:

Խոսում են ազգային արժեհամակարգից, իսկ ունե՞նք այդ ազգային արժեհամակարգը, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե դա ինչ սկզբունքով է որոշվում: Մեր ազգի պատմությունը այսպես է սկսվում. նախաքրիստոնեական շրջան, քրիստոնեական եւ աթեիստական: Յուրաքանչյուր շրջանում էլ արժեքներ ենք ունեցել:

Ո՞նց պետք է որոշենք, թե որ արժեքները փոխանցենք հաջորդ սերնդին»,- նշում է Հրայր Ուլուբաբյանը:

Նա հիշում է, որ 20 տարի առաջ թեմայի շուրջ խոսել է այն ժամանակվա նախարար Էդուարդ Ղազարյանի հետ, հանդիպում է նշանակվել հարցը քննարկելու համար, սակայն հանդիպումը չի կայացել: Ասում է՝ չի կարելի հակասություն ստեղծել երեխայի համար:

«Մի ուսուցիչն ասում է՝ մարդը կապիկից է առաջացել, մյուսն ասում է` մարդն Աստծո ստեղծած է: Երեխան մտածում է, որ նրանցից առնվազն մեկը սուտ է ասում»:

Ուլուբաբյանը կարծում է, որ պետք է ի վերջո գիտություն-կրոն մերձեցման հարց լուծվի, ինքը դեռ 1998թ.-ից առաջարկել է գիտաժողովների շարք իրականացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում