Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին

Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին

Արդեն երրորդ օրն է, որ կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել։ Նախօրեին Հ. Գալստյանին է այցելել երգիչ, երաժիշտ, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Վահան Արծրունին։ Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Այդ գրառման տակ արված մեկնաբանություններում Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հարցադրում է արել, թե «ո՞րն է խնդիրը, որ, կարծեմ խոստացան, բայց չեն կատարում այն»։

«Ոլորտը կառավարելու և կազմակերպելու ունակության բացակայության մեջ։ Հովհաննեսի օրինակը առաջինն է, բայց տիպական է մշակութային դաշտի համար, ուր ղեկավարները փոխանակ խնդիրներ լուծեն, խնդիրներ են առաջացնում»,- գրել է Վահան Արծրունին։

Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը պահանջում է.

«Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։

Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում