«Պապդ, տղա՛ս, երբեք չիմացավ նահանջել բառի իմաստը»

«Պապդ, տղա՛ս, երբեք չիմացավ նահանջել բառի իմաստը»

Պապին ամենամտերիմ ընկերս էր: Դեռ մանկուց հիշում եմ, որ առիթ-անառիթ պատրվակ էի փնտրում պապիս տանը գիշերելու համար, որովհետև ամենալավ հիշողություններս, որ հիմա ունեմ կապված են հենց նրա հետ. գիշերը տատիին ուղարկում էինք քնելու, իսկ մենք պապ ու թոռ նստում և խոսում էինք տարատեսակ թեմաներով մինչ լուսաբաց: Կյանքիս գրեթե բոլոր կարևորագույն խորհուրդներն իրենից եմ ստացել, ինքն ինձ դարձրեց իսկական տղամարդ, ցավոք, հիմա կողքիս չի, որ տեսնի, թե ինչ մեծ ճանապարհ եմ անցել ու հասել այնպիսի հաջողությունների, որոնց մասին մենք դեռ այն ժամանակ պարզապես պատկերացնում էինք:

Պապիս մշտական խոսքն էր՝ համբերությունը կյանք է: Երևի անգիտակցաբար այս խոսքերը հիշեցի իմ ամբողջ կյանքում, հետագայում այն վերածեցի կարգախոսի, որով առաջնորդվում եմ մինչ օրս ու տղայիս հետ հաճախ զրուցելիս կրկնում եմ, որ ինքն էլ երբեք չմոռանա՝ ամեն ինչին մարդ հասնում է, եթե համբերատար է: Իզուր չէ ասված՝ հաջողությունը թակում է սպասողի դուռը:

Պապիս միշտ ասում էր, որ մարդիկ տարբեր են, մոտեցումները` ևս:

– Կյանքում մարդիկ լինում են երկու տեսակ՝ կյանքի վայելքը պահի մեջ տեսնող և վաղվա մասին մտածող ու 5 քայլ հետոյի մասին մտածող: Տղես, ես չեմ ասում, որ առաջին տեսակին պատկանող մարդիկ ճիշտ չեն կամ այդպես ապրելը սխալ է, ամենևին, պարզապես մեզ՝ տղամարդկանց, միշտ տրված է հոգսաշատ կենցաղ, ուստի տան տղամարդը իրեն չի կարող թույլ տալ ակնթարթով ապրել ու վայելել, վախը ապագայի թույլ չի տա, քանի որ նա սեփական անձից բացի ևս մի քանիսի համար է պատասխանատու իր ամբողջ կյանքում: Իսկական տղամարդն իր առջև նպատակ է դնում և ամեն գնով հասնում դրան, բայց պետք է իմանա, որ իր հաջողության գրավականը համբերությունն է:

Պապիս մահից հետո տատիս ստանձնել է պապիս դերը տղայիս կյանքում.ամեն գիշեր լսում եմ, թե ինչ առակներ է կարդում նրա համար:

– Մի անգամ աշակերտներն իրենց վարպետին հարցրին, թե նա երբևէ հիասթափվել է, երբ իր ջանքերը տվել են ավելի քիչ պտուղներ, քան ինքը սպասում էր: Ի պատասխան վարպետը պատմեց նրանց պատմություն մի խխունջի մասին, որը վաղ գարնան մի սառը և քամոտ օր, սկսել էր բարձրանալ բալի ծառի վրայով: Հարևան ծառին նստած ճնճղուկները զվարճանում էին՝ նայելով, թե ինչպես է խխունջը դանդաղ սողում դեպի վեր: Ճնճղուկներից մեկը չհամբերեց ու թռավ դեպի խխունջը:

– Էյ, մի՞ թե չես տեսնում, որ այդ ծառի վրա բալ չկա: Ինչո՞ւ ես բարձրանում:
Շարունակելով վեր ընթանալ ծառի բնի վրայով՝ խխունջը պատասխանեց.

– Կլինի, երբ ես այնտեղ հասնեմ: Այդպիսի տեսակ էր նաև պապդ, տղաս, նա կյանքում երբեք չիմացավ նահանջել բառի իմաստը: Դու էլ երբ մեծանաս պիտի հորդ և պապիդ պատիվը բարձր պահես ու իմանաս, որ երբեմն հարկավոր է ժամանակ մեր սեփական և ոչ այնքան հեշտ ճանապարհն անցնելու և մեր աշխատանքի պտուղները վայելելու համար:

Լիլիանա Օսիպյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում