USD
EUR
RUB

Հրաչյա Թամրազյան․ Բանաստեղծություններ

 

Խորան

Բարակ մի թել կա օրերի միջև
Ու այդ թելը քո սրտից է կախված,
Մեռյալ քնի մեջ արթնության ճիչ է
Ու անդունդներից ելնող արձագանք,

Որ սերունդներին իրար է կապում
Հնչերգի նման սուրբ պատարագի,
Միաձուլվում են այդ արձագանքում
Բյուր սերունդները՝ որբ ու տարագիր:

Ու ալիքվում է քո ներսում հանդարտ,
Ու աշխարհներ է ձայնն ալեկոծում,
Ու հոգու խորքում մի պարզ հավատամք
Մեղեդիներն է այդ սրբագործում…

Գուցե քո ձայնը լսելի՞ դառնա,
Եվ խորհրդավոր այդ խորաններում
Շղթանե՞ր կապեն խոսքերն արարման,
Ու ես էլ գնամ լուռ խոնարհվելու

Այդ խորաններին, ուր լույսն է խաղում
Ու քո հայացքին հյուսվում թելի պես…
Մոտեցել է քեզ մեկը անաղմուկ
Ու սրտիդ բարակ լարերին դիպել,

Ու նա երգում է, ու նա զնգում է
Մի անմեկնելի ցնծության առթիվ,
Ու թվում է, թե ունկնդիր են մեզ
Հիմա բյուրավոր, անհամար մարդիկ:
Ու միանում են անցյալ ու գալիք
Հոգի առ հոգի, անուն առ անուն -
Բյուր սերունդները ի մի են գալիս
Ու խենթախոսո՛ւմ սրտի խորանում:

Տարեդարձ

… Օրերն այսպես եկան-անցան,
Եվ լրացավ կլոր տարին,
Մի օղակով ավելացան
Տարիները կենաց ծառի:

Կենաց ծառ է ամեն մի երգ, -
Եվ տող առ տող ուղի հարթող
Բարձրանում է երկինքն ի վեր
Նա բառերի խիտ սաղարթով:

Քեզ երկինքներն են օրորել,
Քամիներն են եկել-անցել,
Տարիներն են ճյուղավորվել,
Բառարմատներն են ծառացել,

Ներաճել են և ծառ, և մարդ,
Նրանք ունեն նույն արմատներն -
Օղակները քեզ կերևան,
Եթե նրանց բունը հատեն…

Դու խորացիր օրերի մեջ,
Եվ բառարմատ ու ծառ դարձիր…
Դու նոր երգեր կհորինես
Արդեն հաջորդ տարեդարձին:

* * *
Ու մինչև նորից քնես-արթնանաս,
Ու խոր քնի մեջ նոր երազ տեսնես,
Հիշիր - հավիտյան կորցրել ես նրան,
Ում երեկ գիշեր վերցրեցիր քեզ հետ -

Ճամփա ելնելիս դեպի այլ աշխարհ,
Երբ կուլ են գնում աչքերն անհատակ,
Ու երբ բացվում է շղարշն այն քաշած,
Ու հայտնվում ես քաղաքում դատարկ,

Որ պիտի կրկին դու բնակեցնես
Մարդկանցով - այնքան օտար-հարազատ,
Նաև նրանով, որ եկավ քեզ հետ,
Ում հետ քո կյանքի սահմանին հասար…

Քնի մեջ շրջվող ծանր երազներ,
Երբ վեր ես թռչում դու հանկարծակի,
Դու քո խենթության եզրին ես հասել
Ու պիտի զատվես քո երազանքից:

Ի՞նչ հանցանք է սա, որ կոչում ենք սեր,
Օ՛, շղթայակիր ճամփաներ հոգու,
Արդյոք ո՞ւր է նա, ով մեկնեց քեզ հետ
Եվ փակված մնաց օրերի խորքում:

Ու խավարում են աչքերը անքուն,
Ու կուլ են գնում երազանք և ծիր,
- Ինչո՞ւ հենց այնտեղ՝ սրտիս քաղաքում
Դու ինձ ակամա դավաճանեցիր…

* * *

Աշխարհի բոլոր գեղեցիկ կանանց
Կարող ես մի պահ դու երջանկացնել,
Երբ նրանց փարվի կարոտդ անանց,
Որ հավերժության ծիրով է անցել:-

Շրջելով մաքուր իր անուրջներում
Ու որոնելով դեմքը այն կնոջ,
Որ իր ժպիտն է սփռում ամենուր -
Եվ սակայն չկա այդպիսի բնորդ

Այս բնության մեջ - այնքան կանացի
Եվ ոչ նկարիչ՝ ժպիտ նկարող,
Կան եզրագծեր անանուն թախծի,
Կա միայն կնոջ անսահման կարոտ.-

Բայց նրա դեմքը դու չես տեսնելու,
Նա անկարող է քեզ երջանկացնել -
- Հոգիդ թախծում է այն պարտեզներում,
Որոնցով անանց քո սերն է անցել…

* * *

Ու քո զնգացող զարկերակներում
Արեգակնային ղողանջները կան -
Թե որտեղ ենք մենք հավերժ հանգչելու,
Թե որտեղից մենք այս աշխարհ ընկանք,

Թե ինչպես պիտի վեր հառնենք կրկին -
Իբրև հրկիզվող մի ներտիեզերք,
Ինձ մեծ կարոտի ծիրը կփրկի -
Թե չմոխրանամ, թե լինեմ քեզ հետ…
Անձրևող աչքեր

Աշուն - հեռացած ձայներ ես լսում -
Ասես բյուրավոր ապակե աչքեր
Անձրևում են պաղ աշնան մշուշում,
Բայց դեռ օտար է այդ հայացքը քեզ՝

Դեռ պիտի քայլես ծառուղիներով,
Դեռ պիտի երկար քո խոհը խորհես,
Դու նրանց ես քո հայացքն ուղղելու,
Որ նրանք թաքուն հուշերն օրորեն:

Հեռացողներին ոչ ոք չի հիշում,
Սակայն բոլորն են քայլ-քայլ հեռանում,
Օ՛, զարմանալի անհիշողություն,
Օ՛, ժամանակներ անդեմ, անանուն…

Դու վաղուց ի վեր ճամփա ես ելել,
Այսպես քայլում ես ծննդյան օրից,
Հիմա ընկղմվիր հին խոհերիդ մեջ
Ու աշնան նման դեմքդ սքողիր,

Որ անուրջներիդ ծովերը կապույտ
Էլ չալեկոծվեն ու ննջես խաղաղ,
Միայն աշունն է արցունքներ թափում
Ամեն մի կորցրած տերևի համար:

* * *
Ինձ աչքեր պետք չեն գրելու համար,
Այլ պետք է ներքին մի տեսողություն,
Երբ դու գրում ես առանց մատների,
Երբ տարաշխարհիկ երազ ես տեսնում,

Երբ արտագաղթող քո երազները
Քո ապրումներն են իրենց հետ տանում -
Ես, թվում է, այդ ծիրին եմ հասել,
Ուր երազները մեր համընդհանուր

Ըդելուզվում են հավիտյան իրար
Ու նույն հողում են արմատ արձակում,
Ուր մեզ գրկում է հարազատ մի մարդ,
Ուր հոգիներն են իրար մեջ փակվում…

Աղբյուր՝ Անդին

Կարդում է՝ Սիլվա Յուզբաշյանը

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan