Մետաքսե․ Բանաստեղծություններ

Մետաքսե․ Բանաստեղծություններ

ԵՍ ԳԻՆԻ ԵՄ

Թանձր ու թունդ գինի եմ ես է՜ն գլխից,
Այս դարի դեմ փրփրոտված անդադար,
Տղամա՞րդ ես, թասդ լցրո՛ւ, ըմպի՛ր ինձ,
Թե կարող ես, սի՛րտս տար…

Բայց ո՞վ ես դու, ի զորո՞ւ ես սիրտ տանել,
Երբ ինձ համար սրբությունն է սիրո հաց,
Զուր ես վերից այդքան վստահ նայում ցած,
Այդ ի՞նչ ունես դու ինձանից առավել,
Որով սիրում, տիրանում ես և՛ կանանց,
Ե՛վ սրտերին, և՛ գահերին, և՛ աշխարհին թևաբաց…

Ես մաճառ չե՛մ, թունդ գինի եմ արնագույն,
Եթե դավես ու խաբելով ըմպես ինձ,
Ես թքիցդ այնպե՛ս կգամ, որ կյանքում
Ուշքի չես գա՝ որպես խիղճ…
Դուք՝ այրերդ, վա՜յ, այրերդ անառակ,
Սիրո բոմժեր, ալկաշներ եք շնացող,
Խառնշտել եք հազար գինի ու տեսակ,
Դարձել սիրո հարբեցող…

Ես նաիրյան թունդ գինի եմ է՜ն գլխից,
Արևահամ, ոսկեծղի և արդար,
Մոտի՛կ արի, թասդ լցրո՜ւ, ըմպի՛ր ինձ,
Տղամա՞րդ ես, սի՛րտս տար…

ԵՐԱՆԻ

Երանի՜ հագիդ վերնաշապիկին,
Որ գրկել է քեզ օրը ցերեկով
Եվ իր ծալքերի սեթևեթանքով
Փաղաքշում է հեթանոսական
Կրակը մարմնիդ…
Նրան ի՞նչ, թե մի խելակորույս կին
Այրվում է խանդից արեգակի պես
Եվ երազանքի ճառագայթն աչքում՝
Տենչում է՝ մի օր գոնե տաշտակում
Փայփայել նրան, որ հպվել է քեզ…
Նրան ի՞նչ, թե կա աշխարհում մի կին,
Որ փափագում է հոտոտել նրա
Օձիքը տաքուկ, որ իր ռունգերում
Եվ հիշողության շնչում հողեղեն
Պահի քո սիրո բույրը այրական…
Երանի՜ հագիդ վերնաշապիկին,
Որ կոճակների նուրբ օղակներով
Կարողանում է տեղահան եղած
Մեր ժամանակում,
Կարճատև կյանքի սիրո ցերեկով
Պահել իր գրկում քեզ նման մեկին,-
Երանի՜ հագիդ վերնաշապիկին…

ՉՀԱՆԴԻՊԵՑԻ

Չգիտեմ որտեղ, որ երկնքի տակ,
Բայց գիտեմ, որ կա՛, ա՜խ, կա՛ այդ մեկը,
Որի համար էլ ես աշխարհ եկա,
Չհանդիպեցի…
Էլ ինչի՜ համար սիրեցի երգը,
Սիրեցի մարդուն, սերը սիրեցի,
Երբ հեռու հեռվում իմ այն մեկը կա,
Որ երբեք չի գա,
Երբեք չի պատմի իր սիրո մասին,
Այլ հոգում հյուսած դեմքս անծանոթ՝
Նա գիշեր ու զօր կտանջվի ինձ պես,
Ու կտառապի կարոտից անհաս,
Որ կոպերի տակ ե՛ս ծնվեմ որպես
Հավերժող երազ…

ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Մեր այս հողեղեն բնությունից դուրս
Կա մի ավելի,
Իրեն խորքերում բացատրելի,
Իրեն խորքերում ավելի հարուստ
Ու բարդ բնություն,-
Դա մեր կանացի առեղծվածային
Բնապատկերն է, որ ժամանակին
Մենք ժառանգել ենք մեր նախամորից.
Եվ հիմա ամեն, ամեն մի պարզ կին
Խրթին խաչբառ է, մի բարդ բնություն…
Բայց կանայք ողջը բնությունից դուրս
Մի բնություն չեն,
Այլ ամեն մեկն է մի ողջ բնություն,
Բնությունից ներս, բնությունից շեն…
Եվ կանանց հազար ու մի բնություն
Չիմացող այրեր
Քեզ պես կարծում են, թե ես էլ խելոք
Այն կանանցից եմ, որոնք հարճի պես
Խոնարհ ու հլու կորչում են հաճախ
Գրկում այրերի,
Դառնում զոհերը այն պակաս-պռատ
Զգացմունքային կողոպուտների,
Որ վայելքների աշխարհում ազատ
Կոչվում է սիրո թերավարտություն…
Ո՛չ, ես ինձ երբեք,
Երբեք չեմ թողնի
Հասնելու սրտիդ՝ հպատակվելով,
Քեզ մատուցվելով…
Դու ի՛նքդ պիտի սիրուս ձին սանձես,
Հնազանդ պահես առնական ոգուդ,
Ինձ ի՛նքդ ինձնից պիտի ետ խլես,
Ինձ ի՛նքդ պիտի քեզնով նվաճես,
Ինձ ի՛նքդ պիտի տիրանաս, հաղթես,
Որ իմ մեջ հրճվի կանացի մի վախ,
Ու վայելքների փոխհատուցումով
Սպառումներդ ինձ շահեն այնպես,
Որ թուլությանս հաղթող զորությամբ
Ես կողոպտեմ քեզ…

ԱՄԵՆ ԳԻՇԵՐ

Ես մեռնում եմ ամեն գիշեր
Վերածնման նոր հույսերով,
Դեռ մեռնում եմ մահով անմեռ,
Եվ այդ մահս երազ է ծով…
Բայց աշխարհը նույնն է մնում,
Մեռնող ամեն արցունքն է ցող,
Մեռնող ամեն գիշերն անհուն՝
Առավոտ է շողշողացող:
Նույնն են մնում աստղ ու լուսին,
Ես էլ նույնն եմ մնում կարծես,
Միայն ինչ-որ մեկն իմ մասին
Աստղերից է շշնջում քեզ,
Թե աշխարհում դեռ կա՛ մի կին,
Որ մեռնում է ամեն գիշեր,
Եվ համբարձված նրա հոգին
Շաղ է տալիս աշխարհում սեր…

ՄՈՌԱՑԱ

Սիրտս մոռացա գիշերը քեզ մոտ,
Անսիրտ քայլեցի ձեր փողոցն ի վար,
Կյանքս ծերացավ մինչև առավոտ,
Ձեր փողոցն ի վա՜ր, ձեր փողոցն ի վե՜ր…
Սիրտս պահերով, թե դու վեր տարար,
Տարո՛վ վար տարար, քարո՛վ վար տարար,
Ա՜խ, կյանքս վեր ու վարերով անցավ,
Վարերո՜ւմ անցավ…

ԴԵՌ ԱՄՈՒՍԻՆ ԿԱ

Դեռ ամուսին կա, աշխարհում կա դեռ,
Որին բերում ես կարոտներդ ողջ,
Նվիրվում նրան, համարում քեզ տեր,
Բայց նա ստրո՛ւկն է ուրիշ մի կնոջ…

ԻՆՉ ԶԳՈՒՅՇ ԵՍ ՆԱՅՈՒՄ

Ինչ զգույշ ես նայում այսօր
Եվ չափազանց մեղմ ես ու ջերմ…
Ա՜խ, չլինի՞ թե հանցավոր
Մեղք ես գործել իմ սիրո դեմ…

ՕՐԸ

Օրը թրջվեց անձրևից,
Ամպով սրբեց աչքը բաց,
Սիրածի պես նայեց ինձ,
Ամպրոպներով հեկեկաց,

Լացեց, լացեց ինձ համար,
Ու մի օր էլ իմ սիրուց
Անցա՜վ, գնա՜ց կյանքիս հետ՝
Չվայելած ու թափուր:

Փարվեց ոտքիս արցունքով,
Ափսոսանքով մղկտաց,
Խոնավացած կարոտով
Ինձ խրատներ կաթկթաց:

Լացեց, լացեց իմ ցավից,
Փայլակներով որոտաց,
Կայծակներով սաստեց ինձ,
Որ չմերժեմ քեզ հանկարծ…

ՄԱՏԱՆԻ

Ա՛ռ այս մատանին, որպես սուրբ նվեր,
Քո նվիրական ճակատագրին,
Ես հավատամքիս տառապած ոգին
Տարել եմ սիրուս երկինքներն ի վեր,
Տարել եմ վսեմ զգացողության
Ամենաբարձր լեռնագագաթով,
Ամենակարծր ժայռերի սրտով,
Ամենաքնքուշ նվիրումների
Անձնազոհությամբ…
Բայց գիտե՛մ, որ դու, դո՛ւ և ինձանի՛ց
Կգնաս մի օր,
Ու ես քո կանանց ձգվող շղթայում
Կդառնամ փոքրիկ պսպղուն մի օղ,
Որ քեզ իմ լույսով ետ կանչեմ նորից…
Ա՛ռ այս մատանին ու թող նա ցմահ
Ձեռքդ զարդարի,
Ու թե չլինեմ արդեն քո սրտում,
Գոնե կլինեմ քո ձեռքի վրա,
Հյուսված կլինեմ քո տաք գոյության
Մի մատին թեկուզ,
Որպես մեծ սիրո ոսկեձույլ մի հուշ…

ԱԶԱԲՈՒԹՅՈՒՆ

Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,
Մնա՛ս բարով, բարո՛վ գնաս,
Սարն ի վեր էր քեզնով խոսում
Գետ ու առու, կյանք ու երազ…
Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,
Թոկից փախած ի՛մ խելացի,
Երբ ինձ տարան հարսանյաց տուն,
Դու հեռացար գլուխդ կախ,
Ու չիմացա՝ ո՜նց գնացի,
Գնացի ու սրտիս մեջ վախ,
Մի գիշերում հասա մեր հին
Սիրո կապող շղթաներին…
Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,
Մնա՛ս բարով, բարո՛վ գնաս,
Սարն ի վեր էր քեզնով խոսում
Գետ ու առու, կյանք ու երազ…

ՔԵԶ ԲԱՐԻ ՃԱՄՓԱ

Հասկանում եմ ես, ուզում ես ի՛նքս քեզնից հեռանամ,
Որ իմ տան դուռը դու վերջին անգամ
Ի՛մ ձեռքով փակես,
Եվ արդարանաս հարցումների դեմ,
Թե՝ խաթարվել է բախտդ ի՛մ ձեռքով…
Հին խաղ է, գիտեմ,
Դարիս անազնիվ ու թույլ այրերի
Թղթախաղն է դա…
Ուզածդ ի՞նչ է, երեսի՛ս ասա,
Թե չէ բերում ես, շղթայում վզիս
Հնարումների այնպիսի խրթին
Թակարդներ ու լուծ,
Որ տառապանքի ահավոր ցավից
Ճչում եմ կյանքիս ավերակներին…

Ես հասկանում եմ, ուզում ես ի՛նքս ինձնից հեռանամ,
Որ իմ տան լույսը դու վերջին անգամ
Ի՛մ ձեռքով մարես
Ու մեղադրես,
Թե՝ քառատվել է շեմս իմ մեղքով…
Բայց դու բաց արա բոլոր իմաստուն սրտերի առաջ,
Թե ի՜նչ անողոք դաժանություն է մրափում փափուկ
Քո ժպիտների ու ճոխ բարության փետուրների տակ,
Ասա՛ դու նրանց, որ քո մեղքերը զմռսել դրսում,
Ուզում ես հիմա ինձնից հեռանալ
Որպես հալածված մի սուրբ առաքյալ…
Բայց ե՛ս եմ անգութ, ե՛ս եմ իմ վկան,
Որ տարիների դավով ես բերել
Սիրուս այսպիսի խաչված հանգրվան…

Հասկանում եմ ես, որ պիտի արդեն ի՛նքս հեռանամ,
Ինքս արցունքի գույները գտնեմ որպես վերջաբան,
Ու յոթնախոցված ինքնասիրության իմ երգը լսեմ
Իմ հոգու ձայնով…
Աշխարհում գուցե սե՛րն է, որ չունի ոսկեհուռ վանդակ,
Չունի ո՛չ շիրիմ, ո՛չ տապանաքար, ո՛չ ժառանգություն,
Եվ վրեժ չունի ու հաշվեհարդար…
Ունի լոկ տխուր պահերին եկող
Վերադարձություն,
Որպեսզի դառնա մեղավոր հոգու
Եվ ժամանակի միջև հաշտարար…
Հիմա, թե սիրուդ անցյալը քո մեջ
Չի ձգվում որպես թևավոր հեքիաթ,
Չի մղում հոգիդ երազանքների բարձունքները լույս
Ու խանգարում է սիրուդ այն ցոլքին,
Որ ծիածան է հանգուցել սրտիդ կես դափնու վրա,
Քեզ բարի՜ ճամփա…

ՀԻՇԻՐ ԻՆՁ

Դու այս գիշեր մաքրությամբ, լույս մաքրությամբ հիշիր ինձ,
Թող արցունքներ ես դառնամ ու գլորվեմ այտերիդ,
Թող փշրվեմ ներումի, նվիրումի ճամփին քար,
Միայն թե դու այս գիշեր սուրբ մաքրությամբ հիշիր ինձ:
Դու այս գիշեր ետ մնա կարոտներից անանուն,
Թող մոմի տեղ ե՛ս այրվեմ հուշերիդ մութ խորանում,
Գիշերն իջել է ծունկի ու խոնարհված լուսնյակին,
Նահատակված իմ սիրո խաչքարերն է համբուրում…

ՍԻՐՈ ԵՐԱՄ

Թևածում է կոպերիդ նուրբ
Կռունկների մի թուխ երամ,
Աչքերդ մեր երկինքն է լուրթ՝
Կարոտիս մութ ամպը վրան:
Էլ չեմ սգա սերս խորունկ
Սար ու քարին մեր արևկա,
Թե իմանամ՝ գեթ մի կռունկ
Քեզնից մի օր խաբրիկ կուտա:

ՉՀԱՍԿԱՑԱՐ

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Չտեսար իմ մեջ այն բարձունքները,
Որոնց դու հասնել,
Դու երբեք հասնել չկարողացար…
Չկարողացար թափանցել նրանց
Գագաթները վեհ,
Որ հասկանայիր ինձ գագաթներով,
Ու կատարներից նայելով խորունկ
Խորքերն իմ եսի,
Գոնե զգայիր մանրությունը քո:
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Քառախաչեցիր իմ անցյալն իմ դեմ,
Որ երկրպագեմ քեզ որպես միակ
Իմ փրկարարի,
Ձգտեցիր հարթել ինքուրույնության
Լեռները խրոխտ իմ խառնվածքի,
Ու պայթեցնել սիրո դավերով
Ընդվզումներիս ժայռերը բյուրեղ…
Դու պայքարեցիր թուլություններում,
Որ խոնարհության դիմազրկությամբ
Ինձ պես անհատին զրկես ինձանից,
Ու գերեզմանես ինքնատիպ ոգիս…
Դու դավանեցիր, որ ես ամենուր
Իմը մոռացած միշտ քոնը հիշեմ,
Հալվեմ ու կորչեմ քո ծարավի մեջ
Որպես կաթիլ ջուր…
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Նայեցիր վրաս լոկ որպես անզոր
Մի ենթակայի,
Որն իր պատկերի արտացոլումը
Կարող է տեսնել միայն քո դեմքին,
Բայց ես արարող, հաստատուն մի կին,
Չեմ կարող տանել իշխող մատներիդ
Բութ հպումները…
Պարզի՛ր ափերդ, որ այս լուսեղեն,
Այս ցորենաբույր շողերն արևի
Ծորեն մեղմորեն քո մատներն ի վար,
Ու ծլարձակեն քարահողերում…
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Եվ զուր ես կարծում, թե դու փրկարար,
Սերն ես իմ այն մեծ,
Որին փնտրել եմ ես իմ աղջկական
Ցնորքների մեջ…
Գուցե հենց դո՛ւ ես, դո՛ւ ես այն միակ
Պատահականը,
Որի հետ սիրուս ոտքերը բոբիկ
Չանգռեցին բախտի թփեր ու մացառ,-
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար…

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Բուրիկի հիշատակին
Երբ քեզ էլ կանչեց պատերազմը մեծ,
Մեր հրաժեշտի այն ծանր պահին,
Դրսում խշշոցով մի երգ փշրվեց
Ու տխուր փռվեց պարտեզում ձեր հին:
Որպես վրեժի պղտոր արցունքներ,
Անձրևեց բարդին տերևն իր դեղին,
Որ քայլերիդ տակ սիրո երգ հյուսեր,
Սիրտը տար՝ մաղթանք քո ճանապարհին…
Տարիներ անցան, բայց հետ չդարձար,
Դեռ կանչում է քեզ բարդին վշտահեծ,
Մեր հրաժեշտի պահին դողահար՝
Դրսում խշշոցով մի երգ փշրվեց…

ՁԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ

Աշնանային քամու հետ դողացի ձեր փողոցում,
Սպասեցի տագնապով, սպասեցի վախվորած,
Բայց լոկ քամին ինձ գրկեց բռնությունով իր անսանձ,
Ու մնացիր դու իմ մեջ որպես տխուր մի անցում…
Քամին տարավ կարոտիս տերևները դալկացած,
Ես մնացի միայնակ ամայացած փողոցում…

ՉԵԿԱՐ

Դու այսօր չեկար, ու ես զգացի,
Որ հանդիպումն էլ համբույրի նման
Պիտի կարոտով նախ հասունանա
Ու պտղավորվի,
Սպասումներով երանգավորվի.
Նախ պիտի վառվի ծխացող հույզի
Երկյուղածությամբ ու տագնապներով,
Այն հոգեպարար հափշտակությամբ,
Որի մեջ սիրո ջերմությունն է շոգ
Դառնում գոլորշի…

Դու այսօր չեկար, ու քո փոխարեն
Որտեղից որտեղ եկավ անօրեն
Մի հիասթափող անորոշություն,
Ու խենթացնող ծեքծեքապարով
Ինձ առավ, տարավ իր տարերքն ի վար,
Բախումներն ի վեր,
Եվ ակնկալող գալարումներով
Այնպիսի խուճապ բերեց իմ սրտին,
Որ ես մոռացա այս հողագնդի
Պտտվելն իրոք…

Դու այսօր չեկար ու ես զգացի,
Որ անմտության մի չկամությամբ,
Իմ գոյությունից գնացիր անդարձ,
Ինչպես մայրացող կոկոն արգանդից
Այն ծնունդները, որ աշխարհ չեկած
Վտարվում են մահ…
Քո չգալն հիմա
Հուսախաբության ցավով իրեղեն
Մեր ծլարձակող սերը սրբազան
Վանեց հավերժող գիրկը կորստյան…

Դու այսօր չեկար ու տանուլ տված
Իմ քնքշանքների, փայփայանքի տեղ
Պիտի վաստակես թախիծս անմեղ,
Իսկ ես հեռացող տեսիլիդ դիմաց
Ժառանգելու եմ լոկ հպարտությամբ
Իմաստավորված մի դատարկություն…
Ա՜խ, աշխարհն ինչո՞ւ դարձավ առեղծված,
Ու հանկարծ իմ մեջ խաչեց որոշում,
Որ վաղը թե գաս՝ կարոտով քո շեն,
Հեգնելով մերժե՛մ…

ՔՈ ԴԱՐՁԻ ՃԱՄՓԻՆ

Ձմեռն էր փռվել քո ճանապարհին
Սիրած աղջկա թաշկինակի պես,
Խիղճդ պաղ զենքի, արյան դեմ անմեղ
Մաքուր էր ձյունի փաթիլներն ինչպես,
Որ իջնում էին, այդ օրը կիսում՝
Դարձած շուշաններ, մատներ փափկասուն,
Դարձած մաղթանքի օրհներգ մի անձայն,
Որ անփորձ լիներ քո դարձի ճամփան…
Ձմեռն իր ճերմակ դրոշը բացել,
Մեղմ ծածանվում էր որպես պահապան,
Որ խաղաղ լիներ անաղարտ ճամփան,
Որով դու պիտի զինվոր գնայիր…
Անգամ ձեր այգու չինարին ջահել
Իր ձյունե քողով,
Քո համբույրները պահեց աչքերից,
Որ լուռ երդումի այրող խոսք որպես
Դրոշմում էիր սիրած աղջկադ
Շուրթերին անբիծ…
Քեզ բնությունն էր օրհնանքով օծում,
Որ այսպես անցնեն գարուններ լեցուն,
Ծով աշուններ գան,
Ու նամակներիդ կապը միշտ հյուսված
Ոսկե շղթայով՝
Դեպի ձեր գյուղը ձգվեր ապահով…
Բայց ո՞ւր ես հիմա, ի՛մ լավ հեռավոր,
Քո դարձի ճամփին թողիր ինձ մոլոր…

ԱՅՐԵՐ

Այրե՛ր, ինչո՞ւ եք մեզնից բողոքում,
Երբ մինչև հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտեք կյանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նույնպես
Արվեստ է մի նուրբ…
Չեք կարողանում ձեր սիրած կանանց
Այնպես հոլանել, որ փշաքաղվի,
Որ նա հուրհրա, շիկանա սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն…
Փորձե՞լ եք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղենի արձակումներով,
Օղակների դեմ՝ հարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով…
Փորձե՞լ եք մի օր զգալ իսկապես,
Թե ձեր մատներով կիսահաղորդիչ
Ջերմության դիմաց ինչ է փոխանցվում
Կնոջ մարմնին, հոգուն նվաճած,
Երբ ձեր կրակը շաղ տված դրսում՝
Պարտականության պարտքով սպանիչ
Գգվում եք նրանց,
Կայծի փոխարեն պահանջում հրդեհ…
Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչև հիմա դեռ մարդավարի
Չգիտեք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտեք կանանց:
Եվ մերկության մեջ այս մոլորակի
Կանայք կան՝ գալիս, գնում են գոցված,
Ու չեն հասկանում՝ ձե՞ր զոհն են իրենք,
Թե՞ ժամանակի…

ԱՅՐԵՐ

Այրե՛ր, ինչո՞ւ եք մեզնից բողոքում,
Երբ մինչև հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտեք կյանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նույնպես
Արվեստ է մի նուրբ…
Չեք կարողանում ձեր սիրած կանանց
Այնպես հոլանել, որ փշաքաղվի,
Որ նա հուրհրա, շիկանա սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն…
Փորձե՞լ եք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղենի արձակումներով,
Օղակների դեմ՝ հարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով…
Փորձե՞լ եք մի օր զգալ իսկապես,
Թե ձեր մատներով կիսահաղորդիչ
Ջերմության դիմաց ինչ է փոխանցվում
Կնոջ մարմնին, հոգուն նվաճած,
Երբ ձեր կրակը շաղ տված դրսում՝
Պարտականության պարտքով սպանիչ
Գգվում եք նրանց,
Կայծի փոխարեն պահանջում հրդեհ…
Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչև հիմա դեռ մարդավարի
Չգիտեք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտեք կանանց:
Եվ մերկության մեջ այս մոլորակի
Կանայք կան՝ գալիս, գնում են գոցված,
Ու չեն հասկանում՝ ձե՞ր զոհն են իրենք,
Թե՞ ժամանակի…

ՔԵԶ ՀԵՏ

Ամուսնուս հիշատակին
Վերնաշապիկներդ լվանում եմ, ավա՜ղ, ես վերջին անգամ,
Վերջին անգամ նրանց գուրգուրում եմ խորունկ
Տաշտի մեջ մեր հին,
Որն ինձ գերեզմանդ է հիշեցնում, ասես անդունդի բերան,
Ու տաք արցունքներս կաթկթում են, մերվում
Օճառաջրին:

Ա՜խ, ձեռքս չի գնում, որ նրանց տրորեմ, ոլորեմ, քամեմ,
Վախենում եմ հանկարծ, թե անզգույշ դիպչեմ
Սրտիդ անամոք.
Այս ամեն մեկի հետ մի հուշ է շուլալվել օրերում այն շեն,
Որ չի վերադարձնի ինձ որպես սփոփանք
Աշխարհում ոչ ոք:

Այս ճերմակ, գծավոր վերնաշապիկի մեջ երկյուղածությամբ
Դու առաջին անգամ զգացնել տվիր,
Որ սիրում ես ինձ,
Այս կրակագույնն էր հագիդ, օ՜, հիշում եմ, երբ դու աստղերի չափ
Ինձ հավատարմություն ու գորով խոստացար,
Իմ թա՛նկ կողակից:

Դու այս փիրուզափայլ վերնաշապիկի մեջ խելագար ու խեղճ,
Երգեր էիր գրում քո սուրբ սիրո մասին
Ու զոհողության,
Երանի՜ այն օրը, որ այս ոսկեգույնի ուսը պատռվեց,
Երբ ինձ ծառի մթնում զոռով համբուրեցիր
Առաջին անգամ…

Այս կապույտն էր հագիդ, երբ գրկեցիր քնքուշ
Նորածին դստերդ զորությամբ Աստծո,
Եվ քեզ հայր զգալով, դեմքիդ հանեցիր խաչ,
Իսկ այս իմ նվիրած սև վերնաշապիկով,
Ի ցավ զուսպ հոգուս,
Դու առաջին անգամ ծունր իջար ուրիշ
Փեշերի առաջ…

Բայց դու հրաշք էիր բոլոր գույների մեջ, բոլոր փեշերի,
Բոլոր գդակների ու բյուր զանգերի մեջ,
Դու՝ շող հուրհրան,
Հոգիդ սիրո հիվանդ, երկինք հասած հիմա, ուր էլ գիշերի,
Մեր տան լուսամուտից համբույր է ինձ ճամփում
Ամեն աղոթարան…

Քեզանից զուրկ կանգնել վերնաշապիկներիդ խուրձի դեմ անտեր,
Լվանում եմ, շոյում և ամեն մեկի հետ
Խոսում առանձին,
Ու տաք արցունքներս կորստիդ մորմոքից կաթկթում են դեռ,
Թրջում մայրամուտվող սիրուս այրիացած
Աշունը վերջին…

ԱՉՔԵՐՍ ԹԱՑ

Աչքերս թաց
Ու գիրկս բաց
Քեզ եմ կարոտ, տո՛ւն արի,
Իմ թուխ տղա
Սիրտ կդողա
Քեզ հիշելիս, տո՛ւն արի:

Մի քաղցր հուշ,
Ջերմ ու քնքուշ
Գուրգուրում եմ, տո՛ւն արի,
Որ պատմեմ քեզ
Կարոտ սրտես,
Ա՜խ, ե՞րբ կգաս, տո՛ւն արի…

ՀԱՐՍՆԱԾԱՂԻԿ

Նվիրում եմ Վարդուհուն
Հնգաթերթիկ նուրբ ու ճերմակ,
Հարսնածաղիկ իմ քնքուշ,
Դու բնության սուրբ հրեշտակ,
Ապրիր տանս որպես հուշ…

Քեզ գտել է խոտերի մեջ
Աղջնակս թրվռուն,
Թերթիկներդ շոյել անվերջ,
Համբուրել է մինչև տուն:

Նա քեզ բերեց, նվիրեց ինձ,
Վարդավառի մի գիշեր.
Հարսնածաղիկ, իմ սրտակից,
Որ իրեն տաս բախտ ու սեր:

Դու հարսների ձեռքերի զարդ,
Պսակների տաք ոգի,
Ջահել զույգի սիրով հպարտ,
Ճերմակ աղոթք մեր վանքի:

Հարսնածաղիկ, խնդության թաս,
Ընտանիքի շունչ վսեմ,
Քեզ կտանեմ ինձ հետ Մանթաշ,
Որ աղջկաս պսակեմ…

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեռ հանդիպում են ընթերցարանում
Մի ջահել տղա, տարիքով մի կին,
Իրարից մատիտ ու գիրք են վերցնում,
Խոսում են, ասես լուռ ու սրտագին:
Թեթև շիկնում է կինն ամեն անգամ,
Աղջկա նման շփոթվում իսկույն,
Նրա հուզմունքը տեսնում է տղան
Ու սրտի դողով սպասում թաքուն…
Երբ զրուցում են… անսահման քնքշանք,
Անորոշ վախ կա կնոջ աչքերում,
Տղան զգում է, նայում համարձակ,
Բայց ինքն էլ ինչ-որ տագնապ է ապրում:
Տուն ուղեկցելիս տղան կամացուկ
Բռնում է կնոջ ձեռքը սիրելի,
Հետո գնում են նրանք թևանցուկ,
Ու ջերմանում են սրտերն ավելի:
Սիրահար տղան ինչպե՜ս իմանա,
Թե ուր կտանի գերող այդ ուղին,
Նա գիտե՞ արդյոք, որ իր մեջ հիմա
Կինը փնտրում է սերն իր առաջին…

ՀԱՐՍԱՆԻՔ

Կեսգիշերն անց է… փաթիլները ձյան,
Ցավից են գուցե շտապում այսպես,
Թախծում է այսօր փողոցը Տերյան,
Ու խոր վշտից է ճերմակում կարծես…

Մի աղջիկ կանգնել մոտիկ տան դիմաց,
Նայում է անթարթ լուսամուտներին,
Ուր երջանկություն, երգ կա թևաբաց,
Ծով խնդություն կա շաղ տված չորս դին:

Բաժակ են խփում թամադա, քավոր,
Գովում են զույգին գինով արնագույն,
Հարսը նայում է գոհ ու բախտավոր,
Փեսայի ձեռքը մեղմ շոյում թաքուն:

Քամին ծեծում է դուռ ու պատուհան,
Ոտքի է կանգնում փեսան ժպտերես,
Ապակուն հասնող փաթիլները ձյան,
Նրա թուխ դեմքին խփում են կարծես…

Մարդիկ երգում են, ծափ տալիս ուրախ,
Եվ հարս ու փեսա պարում են խնդուն…
Դրսում աղջիկը մայթին ձյունաշաղ
Իր սիրո վերջին արցունքն է թափում…

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ, ԱՍԱ՛…

Շղթա չի՞ դառնա քո այս մատանին…
Կարո՞ղ է գիրկդ լինի ինձ համար
Մանկուց կորցրած իմ նվիրական
Տունը հայրական,
Լինել եղբայրս, քույրս, հոգատար,
Որոնց կարոտը դեռ մինչև հիմա
Շաղեր են թողնում տողերիս վրա…
Արցունքներիս չափ կարո՞ղ ես տալ ինձ
Խնդություն ու սեր:
Կարո՞ղ ես կիսել անցած ու գալիք
Փորձությունները թե՛ մեծ, թե՛ փոքրիկ…
Կարո՞ղ ես արդյոք
Ինձնով զօր-գիշեր
Պահել քո սրտի կրակը բորբոք,
Խենթությունները չթերթել հոգուս
Հայացքով թեկուզ:
Չդառնալ կամքիս քմահաճ իշխող,
Զգալ մոտիկից
Իղձերիս ամեն ճառագայթ ու շող…
Կարո՞ղ ես, ասա՛,
Լինել ընթերցողն իմ հավատարիմ…
Երկիր բերելով երազներս պերճ,
Քեզ չխնայել, սպառվել իմ մեջ,
Որ թե սայթաքեմ, կողքիս քեզ զգամ,
Ինձ սիրես այսպես, ինչպես որ ես կամ,
Կարո՞ղ ես, ասա՛…

ՀԱՐԳԱՆՔ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ

Չեմ ուզում հարգես,
Հարգանք մատուցիր ճամփիդ անցորդին,
Ինձ բեր մտերիմ
Սրտիդ լույսերը սիրո այգ որպես,
Որպես տաք թրթիռ, հոգու խենթություն,
Հավատարմության սարեր հեռանիստ,
Բախտի ջերմություն…
Ու երբ կլինեմ,
Ու երբ կլինեմ հարյուր տարեկան,
Թող այն ժամանակ հարգեն ինձ թեկուզ
Սիրո խաղերի ջահելները խենթ,
Այրերը շքեղ ու ծերերն անգամ…
Իսկ հիմա տուր ինձ մի պտղունց երազ,
Մի կում տաք կարոտ ու սիրո մի բուռ
Փշրված լավաշ,
Որ ձեռքիս ափի երկյուղածությամբ
Սուրբ նշխարքի տեղ այրերին ի լուր
Տանեմ, բաժանեմ աշխարհի կանանց,
Որպես հարգանքի մխիթարություն,
Որպես հոգեհաց…

ՆՐԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ

Ի՜նչ ես սարսափում, նայում երկյուղած
Հեղեղումներին իմ գգվանքների,
Քեզ ուր էլ տանի հորձանքը սիրուս՝
Պիտի թափառի իմ էության շուրջ
Ու վայելքների գանձեր վաստակած,
Գիրկս հետ բերի:

Ի՜նչ ես վախենում, նայում դողահար
Շիկացումներին իմ համբույրների,
Սիրահարվելիս միշտ էլ աշխարհում
Այնպես եմ սիրում,
Որ կարծես թե հին վրեժ եմ լուծում
Այրից իմ գերի:

Ի՜նչ ես զարհուրած նայում շարունակ
Հրդեհումներին իմ պոռթկումների,
Սեր ըմբոշխնելուս սպառումներում
Միշտ էլ ակամա ես ոխ եմ հանում
Աշխարհի բոլոր էրիկ չունեցող
Կանանց փոխարեն,
Սիրո մեջ խաբված մեր աղջիկների,
Բախտում ձախողված բոլոր միայնակ
Ջահել մայրերի,
Տանը մնացած ցամաք կույսերի
Ու այրիների,
Մեկումեջ սիրվող հոմանիների,
Լոկ ձևի համար այր մարդ ունեցող
Տանտիկինների, նորահարսների
Եվ իմ փոխարեն,
Այնպես որ պիտի կա՛մ դու ինձ զգաս
Ու քո մեջ փնտրես նման մի սուրբ քեն,
Կա՛մ էլ՝ հեռանաս…

ԱՂՋԻԿԸ

Նա մի աղջիկ է նուրբ ու կանացի,
Վաղ է մոլորվել կյանքի ճամփեքում,
Գուցե իր սիրո թախիծն է ցրում,
Որ գալիս է քեզ, գալիս է այցի:

Չի ակնկալում նա քեզնից ոչինչ,
Ո՛չ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ գանձեր,
Ուզում է թեկուզ գրկի մեջ քո ծեր,
Քնքշանալ, սիրվել, նրբանալ մի քիչ…

Շատ է միամիտ ու նուրբ է հոգին,
Փորձառու սիրուդ խաբվածն է անսուտ,
Բայց կգա օրը, երբ քեզնից անշուշտ,
Նա կհեռանա որպես հասուն կին…

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ

Թե ուզում եք դուք վայելել սիրո պտուղն անմահական,
Սիրահարվեք կյանքի ծարավ տղաներին իմ հայրենի,
Բոցկլտացող կրակներով կայրեն շուրթը ձեր էության,
Սիրո խաղի հին վարպետներ, տղամարդիկ իմ հայրենի:

Թե ուզում եք դուք մայրանալ, հյուսել բախտի տաքուկ օջախ,
Ձեր օջախի հիմքն ընտրեցեք տղաներից իմ հայրենի,
Ընտանիքում բերդ կունենաք, կշղթայեք նրանց հաճախ,
Թե պարգևեք երեխաներ, տղամարդուն իմ հայրենի:

Թե ուզում եք լինել ցմահ պաշտամունքը տղամարդկանց,
Ստրկացեք սիրո դողով տղաներին իմ հայրենի,
Կհամբուրեն վանքերի տեղ ճակատները ձեր սրբացած,
Հավատարիմ հեթանոսներ, տղամարդիկ իմ հայրենի:

Թե ուզում եք չկործանվեն ազգատոհմի տանիք ու պատ,
Զոհաբերվեք մերթ զիջումով տղաներին իմ հայրենի,
Գերդաստանի սիրով թողած Հռոմ, Փարիզ, Լենինգրադ՝
Կարոտ դառած տուն են խուժում տղամարդիկ իմ հայրենի:

Եվ մի՛ թողեք հեռուներից գրկերը բաց վազեն թեթև
Մի բուռ կրքով տանից հանեն տղաներին իմ հայրենի,
Խելքի եկեք, հա՛յ աղջիկներ, նազ մի՛ արեք հազարաթև,
Հարս գնացեք նվիրումով տղաներին իմ հայրենի:

Հարս գնացեք ու մայրացեք, ունեցեք ձեր աստվածը տան,
Հպարտացեք դարերի հետ տղաներով իմ հայրենի,
Մեկը՝ Դավիթ, մեկը՝ Տիգրան, մեկը՝ Արա, մեկը՝ Վարդան,
Հավերժության թև ու թիկունք տղամարդիկ իմ հայրենի:

ՍՐՏԱՆՑ ԿԱՆՉԵՆ

Սրտանց կանչեն հեռվից մեկեն
Արևները աչքերիդ,
Ու կարոտիս ամպը ցրեն
Թարթիչները աչքերիդ,
Ճամփից հոգնած՝ փնտրեմ ես ինձ
Քո աչքերի գիշերում,
Հանգչեմ, կորչեմ, ծնվեմ նորից
Քո աչքերի մշուշում…

ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Ամեն ինչ կարծես առաջվանն էր դեռ,
Միշտ վազում էի մեր սիրած այգին,
Թափուր տեսնելով նստարանը հին,
Զրուցում էի պահակի հետ հին:

Նրանից էի քո կարոտն առնում,
Գիտեր քո կյանքի ամեն շերտ ու ծալ,
Երբ խոսում էի մեր սիրուց անհուն,
Նա լսում էր ինձ հանց հավատացյալ…

Ասում էր՝ կգաս այդ հեռվից կապույտ,
Չես մնա գերի ճամփեքին տափակ,
Որ հոգիդ՝ հարավ, սիրտդ՝ անհագուրդ,
Դու՝ արև, ինչպե՞ս կդառնաս ճրագ…

Մեր նստարանն ու այգին կան տեղում,
Միայն պահակը վաղուց էլ չկա,
Թե բացեմ նորեն իմ սիրտը փխրուն,
Այս ջահելն, ափսո՜ս, ինձ չի հասկանա…

ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՍ…

Սիրահարվում ես, տարվում անսահման,
Երբ որ չես թերթել, նրան չգիտես,
Մեկ էլ սիրում ես իմաստունի պես,
Երբ ճանաչում ես, լավ գիտես նրան…

ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Ես մի հասարակ մարդ եմ աստղասեր,
Ուզում եմ պատմել իմ լսածն իրավ,
Որ հողագնդի թանկ հրթիռը մեր,
Լուսնից առաջին իր համբույրն առավ:
Երբ աշխարհով մեկ կանչում էր նրան,
Մերթ աչքով անում, շտապում խանդոտ,
Լուսինը սիրուց տենչում էր միայն,
Թե ե՞րբ է գալու, հյուր մնա իր մոտ…

ԵՍ ՈՒ ԴՈՒ

Բախտավոր եմ ես, որ ձմռան կեսին
Փարվել է հոգուս արևի մի շող,
Ու թրթռում է քո սիրո մասին
Հաճելի մի դող:

Բախտավոր եմ ես, որ ձյուն-ձմեռով
Աստղերով լի է գիշերն աչքերիս,
Որ փաթիլ-փաթիլ հյուսում են գորով
Ու սիրո թավիշ:

Բախտավոր եմ ես, որ ճերմակ ցրտին
Շառագունել եմ քո սիրո վախով,
Ու բոցկլտում եմ կարոտիդ չորս դին
Արցունքի շաղով:

Բախտավոր եմ ես, որ սարսում է ինձ
Պարուրված սրտիս շոգը կենսատու,
Թե ի՜նչ հրաշք ենք շահում իրարից,
Գիտենք ես ու դու…

ԹՈՂ ՉՍԻՐԻ

Ինչո՞ւ, ինչո՞ւ է չգիտեմ,
Կինդ սիրում ինձ սրտագին,
Երանի չէ նա ինձ ատեր
Ու չարությամբ լցներ հոգիս:

Այնքան լավն է, այնքան քնքուշ,
Միամիտ ու հոգով ազատ,
Որ մերթ դառնում է աչքի փուշ,
Ու մերթ քրոջ պես հարազատ:

Չե՛մ ուզում, չէ՛, թող չսիրի՛,
Թող չնայի՛ ինձ սևեռուն,
Զգա՛, որ իր սիրով բարի
Միայն տանջանք է ինձ բերում:

ԽԱԲՈՂՆԵՐԻՆ

Գուցե և ճիշտ ես, զուր եմ հավատում, ժպտում բոլորին,
Մի բարի խոսքով ճանաչում մարդուն այսքան մտերիմ…
Բայց մեր սիրո մեջ, թե ազնիվ լինես ու ինձ հավատաս,
Իմացի՛ր, որ դու խաբած կլինես ինձ խաբողներին…

ԴԱՏԱՐԿ ԳԼԽՈՎ

Միշտ տխրում էիր, թե մանկության մեջ
Մի աղավնի ես սպանել հանկարծ,
Որի աչքերում ծիածանը պերճ
Կլորացել էր ու սառել անդարձ…

Հիվանդանոցում դու պառկել այսօր,
Առաստաղին ես նայում ամայի,
Ճմլում ես ահից սավաններ ու շոր,
Ներկված արյունով քո երեխայի:

Դեռ մայր չդարձած, ո՛վ դահիճ, դու քեզ,
Դու քեզ մորթեցիր քո իսկ արգանդում,
Կիսաթալանված եկեղեցու պես
Խաչդ կորցրել, սգում ես տրտում…

Առաստաղին ես նայում վշտահար,
Հիշում սպանված քո սուրբ աղավնուն,
Որոնց կորստի զղջումը դժվար
Արցունք է ծնել աչքիդ խորանում…

ՍՐՏԻՍ ԱՊԱԿԻՆ

Այնպես ես կոտրել սրտիս ապակին,
Որ էլ այնտեղից արևը սիրուս
Չի արտացոլվի շողերով իր լույս,
Ու դու կմրսես, կմրսես, անգի՛ն:
Քանի ձմեռը չի եկել, գնա՛,
Սիրտս վաղուց ես թողել անգարուն,
Զուր մի՛ ճերմակիր ձյուներում նրա,
Գնա՛, չմրսես սիրուս ցրտերում…

ԳԻՏԵ՞Ս

Դեռ պատմում ես ինձ մեծ սիրուդ մասին,
Թե գուրգուրելիս շշնջում էր քեզ.
– Պուճո՛ւրս, խե՛նթս, գառնո՛ւկս իմ հեզ…
Եվ հավատում էր սիրտդ երազին:
Աշխարհը քոնն էր ու երանելի՝
Լցված խենթերով ու գառնուկներով,
Սերը թվում էր անսպառ մի ծով,
Ձեր սիրո ճամփան՝ անվերջանալի…
Ու դեռ պատմում ես, պատմում ես անվերջ
Մեծ սիրուց նրա,
Բայց գիտե՞ս արդյոք, որ վաղուց դարձել
Նա խենթ մի մանուկ,
Քեզ ասած բոլոր խոսքերն այդ տաքուկ
Իմ ականջին է շշնջում հիմա…

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Երբ տեսնում ես ինձ,
Իրարանցումով ձեռքդ գցում ես դու ծխախոտիդ,
Մի կարմիր ալիք ոտքերիդ ծայրից
Վազում է վերև, շառագունելով դալուկը դեմքիդ,
Սրտիս ծխանով գլանակներիդ ծուխը բարձրանում,
Մշուշ է մաղում աչքերիդ հեռու հորիզոններում,
Ուր բռնկվում է տվայտանքներիս ցոլքը խելագար,
Ցոլքը ծխածածկ…
Ու թրթռում են շուրթերդ սիրո սարսուռից շվար,
Դողում են խոնարհ կնոջդ բախտի ու իմ սրտի հետ…
Ոչ ոք չի տեսնում փախուստդ քեզնից ու սրտից քո խենթ,
Ոչ ոք չի տեսնում ներսիդ խուճապը ինձանից բացի,
Քանզի այս նույնը չի կրկնակվում ոչ մեկի ներսում,
Ոչ մեկի ներսում հրդեհվող սիրտը այսպես չի մրսում…

Երբ տեսնում ես ինձ,
Այնպես ես լինում դու տակնուվրա,
Որ մոխրանում ես գլանակներով, մոխրանում ես լուռ,
Լավ չէ՞ լուսավոր մի մեղք վերցնել իր խղճի վրա,
Քան այդքան մրուր…

ՉԻ ԼԻՆԻ

Չի լինի ուրիշ մեկը երջանիկ,
Սիրո խաղերով սպառել եմ քեզ,
Այն, որ համբույրով դու մեկիկ-մեկիկ
Թարթիչներս էիր հաշվում խենթի պես,
Դիտմամբ շփոթվում, սկսում նորից,-
Կարծում ես ոչինչ չէ՞ր կորչում քեզնից…

Այն, որ աչքերիդ ալիքներում ծով
Ջրահարս էի դարձել երազուն,
Ուր սուզվում էի սիրուս տարերքով,
Թափում կոպերիդ արցունքը լեցուն,
Որ լալիս էիր ու հետ կանչում ինձ,-
Կարծում ես ոչինչ չէ՞ր կորչում քեզնից…

Այն, որ կարոտիս ծփանքը խռով
Ճանապարհներից քեզ բերում է տուն,
Որ ծիծաղում ես ու մերթ ծիծաղով
Վշտերիդ կեսն ես թողնում իմ սրտում,
Այն, որ դարձել ենք կյանքում ուղեկից,-
Կարծում ես հե՞շտ է հեռանալ ինձնից…

ՈՐՊԵՍ ԳԻՆԱՐԲՈՒՔ

Ա՜խ, երանի՜ քեզ,
Որ այդքան ուժգին ու խորն ես սիրում,
Եվ ինձ տեսնելիս ներքուստ շվարում,
Այնպես ես դողում, գունատվում այնպես,
Որ թվում է ինձ, թե սիրուս հակված՝
Ուր որ է հիմա կմարես հանկարծ:
Ա՜խ, երանի՜ քեզ,
Որ այս անցավոր աշխարհում ունայն
Լցվել ես սիրո գանձերով միայն,
Ու կյանքը աչքիդ հավիտենապես
Մի երանելի մեծ ու անհատնում
Մարդկային հսկա դրախտ է թվում…
Բայց ոչ երանի, ոչ երանի քեզ,
Որ անկարող ես նվաճել մի բուռ,
Հազար հույզերի ու լույսերի գուռ
Կանացի սիրտը, լի սափոր որպես,
Որպես գինարբուք, ցավերի շեղում,
Համաշխարհային այս մեծ ժխորում…

ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ

Մեր Վայոց ձորի կիրճոտ բերանից
Ձգվում է երկար, շիկավուն մի ժայռ,
Որ վրան ունի նյարդեր սրածայր,
Երակներ ունի ձորի կապույտից:
Ամպերին հասնող այս ժայռը շքեղ
Չգիտես՝ ո՞վ է անվանել այստեղ
Զոքանչի լեզու…
Խեղճ զոքանչների հաշվին հեշտ ապրող
Չար փեսանե՛րն են անիրավասու,
Որ դեռ չգիտեն, թե՝ քարափն այս քար
Հայ ժողովրդի նզովքն է ընդդեմ թշնամիների,
Որ կաթիլ-կաթիլ լեռնացել ձորի
Դարերով ծեծված շրթունքին անբառ,
Երկինք է տանում մեր վրեժն արդար…

ՉԵՄ ԻՄԱՆԱ

Կգա՛ս, ես գիտեմ, կայցելես մի օր
Հեռու-հեռավոր իմ գերեզմանին,
Կնստես կողքիս, կծխսես մոլոր,
Լուռ նորոգելով անցածները հին:
Կգաս մեխակներ, յասաման փնջած,
Գարուն շաղ կտաս շիրիմիս անշուք,
Կողբաս սիրո ծառուղին չանցած,
Որ մեր կյանքով մեկ ձգվեց որպես սուգ:
Կգաս, կհիշես երգերս գրած,
Անծուխ կմխաս՝ նայելով չորս դին,
Կայրվես իմ կյանքի կրակով հանգած՝
Մոխիրդ տալով տաք ծխախոտին:
Կգաս իմ սիրած մեղեդիներով,
Իմ քրքիջներով, ծիծաղներով բաց,
Ա՜խ, զգո՛ւյշ, նրանք լռության ձեռքով
Չպատառոտեն քո սիրտը հանկարծ:
Կգաս կարտասվես շիրիմիս մի օր,
Սրտիդ մեջ մոմեր կվառես իմ դեմ,
Չեն հանգչի մեկեն հուշերդ բոլոր,
Ու կգաս էլի, կգաս, ես գիտե՛մ,
Բայց, ափսո՜ս, երբ գաս, ես չեմ իմանա,
Էլ չե՜մ դիմանա…

ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Նվիրում եմ ամուսնուս՝ Համլետին
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ տանջանքիդ մեջ դրած ամենուր
Պայքարում ես ինձ պահելու համար,
Չկորցնելու,
Ինձ միշտ քո գրկում շահելու համար…
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ ծնունդ առավ ու արմատ գցեց
Նախահայրերի սիրահարության
Խորություններով,
Մեր երակների նույնահուր արյան,
Մեր հոգու, ոգու բռնկումների
Զորություններով,
Ու աստվածահաս մաքառումների
Հրացոլքերում
Ժայթքեց, բոցկլտաց մեր սիրո լավան
Ու հրավառվեց…
Մենք մեզ մերվելու, միաձուլվելու
Մերանով գտանք հարազատություն,
Մեր վիշտն ու ցավը փոխանցած իրար՝
Ճակատագրի ցնծություն գտանք
Ու մակարդեցինք մի մեծ գոյություն…
Մեր սուրբ կարոտի կամրջակներով
Բաժանումների սմբակներ անցան,
Դոփեցին դարեր,
Մահ խրխնջացին ձիերը վայրի,
Ոտնահետք թողած ժամանակների
Հրաժեշտներում…
Մեզ քողարկեցին սիրո պատմության
Խավար զմռսող դամբարաններում,
Բայց մենք լույս ու կյանք սփռեցինք այնտեղ
Ու խնկարկեցինք հարատևության
Բարձրավանդակում…
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ հանուն սիրո գոյատևության
Դեռ պայքարում ես երկուսիս համար,
Մեր ամբողջության, մեր բոլորումի,
Մեր երջանկության լրումի համար,
Մեր միամորիկ այս ժառանգության,
Այս հողի, շողի փրկության համար…
Առանց քեզ ինչպե՜ս կդիմանայի,-
Ես ցավը տանեմ քեզ նման հայի…

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԵԶ ՀԵՏ

Առաջին պահից սիրեցինք իրար,
Իրար փարվեցինք առաջին սիրո երկյուղածությամբ,
Ու ժամանակը չկարողացավ երբեք պարծենալ
Մեր վայելքների հպանցիկությամբ…
Ես արևելքի տաքարյուն մի կին
Ցնորվել ահա քո այրավարի գրկախառնումից,
Ինքնակամ ընկել գրկիդ հնոցը հալվում եմ, ձուլվում
Քո էությանը, լույսիդ ակունքին…
Այդ ի՜նչ թևեր են, որ իմ ծփացող ծարավը սանձում,
Փաղաքշանքով սարսուռ են շաղում արյան մեջ իմ բորբ,
Ու հրդեհիդ մեջ ես փշաքաղվում, դողում եմ շոգից…
Այդ ի՜նչ լավա է, որ ինձ կլանում
Տարփանքի այրող բոցկլտումներով ոգիս թալանում,
Փշրում է կամքիս ոսկորները որբ,
Ու ներխուժելով էությունս տաք,
Քանդում է հպվող փոթորկումների ծփանքները սուրբ,
Որ իրար մերվող ալեկոծումի բախումները զուսպ
Հանգուցվեն որպես սիրո խոնջանքի ցավ ու ափսոսանք…
Ո՞վ ես ինձ համար,
Այդ դո՞ւ ես արդյոք մասն իմ զորավոր,
Թե՞ ես եմ հոգուդ մի հյուլեն անզոր,
Դո՞ւ ես ինձանով միշտ հարստանում,
Թե՞ ես՝ քեզանով,
Բայց ամեն անգամ քեզ հանդիպելիս
Զգում եմ ինչպես շքեղությունդ մի նոր հմայքով
Ինձ հեռվից գիրկդ է կանչում, սիրելի՛ս:
Մեր կարոտների մակընթացությամբ
Ապրեցինք հույզի այնպիսի հզոր տեղատվություն,
Որ պառկել հիմա խաղաղված, թեթև,
Երկուսով նայում, ժպտում ենք թափուր երկնքին ծավի,
Որ դարձել պսակ ամպերից վերև,
Մեր միացումն է օրհնում երևի,
……………………………………………………..
Իմ սիրո կապույտ, կապույտ օթևան
Սիրած ի՛մ Սևան…

ԱՄԵՆ ՄԻ ԿԻՆ

Ամեն մի կին տաճար է մի,
Գավիթներով խորհրդավոր,
Կամարներով հոգեկանի
Ու մայրությամբ գմբեթավոր:

Ամեն մի կին մատուռ է մի,
Վառվող ցավի յուր մոմերով,
Ամեն սիրտ իր մեռոնն ունի
Նվիրումի նշխարներով:

Ամեն մի կին խորան է մի,
Ու նրա մեջ՝ սուրբ Տիրամայր,
Ամեն բախտ իր մատաղն ունի
Ու զոհվելու մի սրբավայր:

Ամեն մի կին՝ մի պատարագ,
Շարական է կարոտների,
Քավություն է սիրով իր տաք
Ու ճգնավոր վայելքների:

Այր չունեցող կինը մոլոր,
Տեր է թախծում հոգաբարձու,
Ա՜խ, նման է նա մենավոր
Ու անգմբեթ եկեղեցու…

ՍԵՐԸ

Սերը տառեր չունի,
Սերը հնչյուններ ունի լռության մեջ,
Սեպագրեր ունի լուսանցքներում,
Իր այբուբենն ունի ճիչերի մեջ,
Իր սրբագիրն ունի աստվածաշունչ,
Եվ մագաղաթներն՝ իր հուշերի:

Սերը բառեր չունի,
Սերը խաղեր ունի ու արբեցում,
Ներքնատեսություն ու սոսափ ունի,
Ճառագայթներ ու հոսանք ունի,
Ունի անջատումներ ու միացում,
Մոխրացումներ ունի իր թախիծում:

Սերը ճառեր չունի,
Սերը բնազդ ունի իր ոգու մեջ,
Գուշակումներ ունի նախամարդուց,
Բռնկումներ ունի հրդեհաշունչ,
Միացումներ ունի սկզբից վերջ,
Եվ հիասթափություն անջատումի:

Սերը քարեր չունի,
Սերը դարեր ունի ոտքերի տակ,
Բախտի ծաղկունք ունի ու փշե թագ,
Արձագանքներ ունի հեռու մահվան,
Հանդիպումներ ունի բաժանումի,
Եվ կյա՛նք, և կյա՛նք ունի հարատևման…

ՀԱՐՍ Է ՏԱՐԵԼ

Գարունն էսօր սեր է արել,
Երազս ինձ հարս է տարել,
Մի թուխ տղա փեսավորվել,
Հողեր ու տուն միավորել,
Պսակի տակ կանգնել կողքիս,
Որպես սրտիս տեր ու արքա,
Մատանի է դնում մատիս,
Որ իր տան մեջ ու աշխարհում
Ունենա թագ ու հզոր գահ,
Որ հաստատի մեծ գալիքիս
Փառքը որպես Աստծո օծում,
Որպես բարու հզորացում,
Որպես ցավիս ու տանջանքիս
Արդարացում,
Որպես ազգիս երազների
Հավերժական միասնություն…

Գարունն էսօր սեր է արել,
Կարոտս ինձ հարս է տարել…

ՍԻՐՈ ԻՆՔՆԱՍՊԱՆԸ

Դու գերեզմանված շրջում ես իմ դեմ,
Թարմ հողաթումբդ իմ սրտում արդեն
Տխուր շոշափում,
Ափսոսում եմ լուռ իմ վաղամեռիկ,
Ինքնասպան եղած այն սիրո համար,
Որն ինձնից տարավ ոչ միայն տարիք,
Այլ տվեց գալիք կյանքի միացում…
Բայց ո՛չ, այս անգամ մահը մեղք չունի,
Դու ի՛նքդ, ի՛նքդ ընդառաջ ելար
Սիրո այդ տխուր դամբանաձևին…
Գնա՛, ե՛լ, գնա՛, գնա՛ նրա մոտ,
Որը քեզ հրեց դեպի մահացու
Թակարդն այդ ցավոտ…
Դու կարծում էիր, թե այդ բանսարկուն
Քեզ մի օր սիրո դրախտ կտանի,
Բայց դու ո՛չ ինձ մոտ, ո՛չ այդ դրախտում,
Ո՛չ՝ դժողքի մեջ
Տեղ չունես, ավա՜ղ,
Քանզի չի ներում Տերը և նրանց,
Ովքեր գնում են ինքնասպանության…
Դու սիրո դատարկ փողոցներն ընկած՝
Թափառում ես դեռ,
Կարոտի թափուր մայթերով ի վեր,
Մայթերով ի վար,
Եվ հետո օտար հարազատությամբ
Վերադառնում ես օջախը քո տաք,
Ու լուռ ծվարում
Իմ հին բարության շորշոփների տակ…

ԿԵՍՈՒՐՆԵՐ

Մանկուց եմ լսել շատ պառավներից.
«Մեր հարսի ոտքը ձախորդ էր, բալա՛մ»,-
Հարսեր էլ գիտեմ՝ աչքերում կսկիծ,
Հյուր են գալիս, որ գանգատվեն ու լան:

Մի ընտանիքում հերիք է արդեն,
Որ իրար ծածուկ ատեն երկու կին,
Տան տղամարդը դեռ այդ չգիտե,
Իսկ հարևանը՝ սերտել է կարգին…

Ապահարզան եմ տեսել ես այնքան,
Երեխաների հայացքներ տխուր,
Նայում եմ շուրջս՝ խոր արմատներ կան,
Կան և կռվարար հարսեր և կեսուր:

Աշխարհում ինչքան կեսուր կա, թող գա՛,
Թող մեր հարկի տակ ապրի լիասիրտ,
Ինչքան լա՜վ է, երբ օջախում մեծ կա,
Երբ փորձված մի ձեռք զգում ես ուսիդ:

Հարսե՛ր, մի՛ կարծեք, թե ձեզնից խռով
Նախանձ մայրերին գովեցի այդպես,
Նրանց եմ սիրում, ով խրատներով
Հարսի պակասը շտկում է անտես…

ՉԵ՞Մ ՄԱՏՆՈՒՄ ԻՆՁ…

Երգեր էիր գրում դասին,
Ուղարկում ինձ այնպես թաքուն,
Ուր երդում կար սիրուդ մասին,
Սրտիդ մասին այնքան մաքուր:
Ես սիրեցի հոգիդ շիտակ,
Դարձանք ընկեր քանի տարի,
Թվում էր ինձ՝ երկնքի տակ
Լոկ դու էիր ջերմ ու բարի:

Ամառներն էլ, երբ կարոտած
Մեկնում էիր հայրենի տուն,
Տալիս էինք իրար սրտանց
Սիրո հազար երգ ու խոստում:

Երդումներով այդ սրտաբաց,
Ուզում էինք եկող ձմեռ
Լիներ շքեղ ու երազած
Հարսանեկան խնջույքը մեր:

Սակայն եկար դու այս անգամ
Քո նոր ընտրած հարսնացուով,
Ու միամիտ այդ աղջկան
Չեմ էլ ատում, նայում խռով:

Քեզ տեսնելիս ուզում եմ ես
Կեղծել, ցույց տալ ինձ միշտ ուրախ,
Թե չեմ սիրում իբր էլ քեզ,
Թե անցածը եղել է խաղ:

Թվում է ինձ, որ սերս ծով
Լավ եմ կեղծում, ծածկում քեզնից,
Բայց հենց իմ այդ սուտ խաղերով
Ասա՛, արդյոք չե՞մ մատնում ինձ:

ՉՀԱՍԿԱՆԱՆ

Կանաչ գիշեր է եղևնու գրկում,
Լույսեր են վառվում աստղերի նման,
Մենք իրար նայում, ժպտում ենք թաքուն,
Աչքերով խոսում, որ չհասկանան:

Ու չենք էլ տեսնում՝ մեր հոգում ինչպես
Հին ու Նոր տարին բախվում են լռին,
Ուրախանում ենք երեխայի պես,
Պայծառ հավատով ընդունում նորին:

Կանաչ գիշեր է եղևնու գրկում,
Լույսեր են վառվում աստղերի նման,
Ձմռան թևերով եկել է գարուն,
Աստղերով խոսենք, մեզ չհասկանան:

ՀԵԹԱՆՈՍ

Երբ դիցուհու պես ծնկանդ դրած՝
Երկրպագում ես փայփայանքներով,
Երբ աչքերիդ մեջ կրակներ ու կայծ
Ալեկոծում են արբած մի գորով,
Հիշում եմ մեր շոգ հեռավոր հեռուն,
Ուր Վարդավառի տոներին շքեղ,
Բագինների խենթ խրախճանքներում,
Հայոց այրերը մեր գեղեցկատես,
Արնավառ գինու արբունքից պապակ,
Ըմբոշխնում էին կանանց հենց այնպես,
Ծնկանը դրած,
Որպես վայելքի հեթանոս աստված…

ԱՓՍՈՍԱՆՔ

Ես ափսոսում եմ, շատ եմ ափսոսում
Իմ ժամանակը, տարիները իմ,
Որ վատնել եմ ես անգամ երազում՝
Խորհելով միայն, միայն քո մասին:
Ինչքա՜ն սպասել, խանդել եմ անուժ,
Մութ կասկածներով փնտրել քեզ անվերջ,
Ինչքա՜ն կրակներ, թախիծներ անուշ
Բոցկլտացել են նամակներիս մեջ…
Ինչքա՜ն գիշերներ, ցերեկներ շիկնած,
Ջերմացել են իմ, իմ կարոտով խենթ,
Մի ճառագայթով ինչպե՜ս կուրացած՝
Ծիածաններ եմ ես կորցրել հավետ…

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությանը, որն, ուժ առնելով
Մեր կրակներից, այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր չդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ,
Երբ ներսից այրվեց, մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…

Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
Հիասթափությամբ,
Ու նրա ամեն-ամեն մի բջիջ,
Որպես անցյալի սպառված երազ,
Դատարկ աչքի պես նայում է վրաս,
Ցավերով հիշում ինչպես մեր միջև
Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
Որ հետո այսպես գար ու անհոգի
Վերածվեր սիրո սառնամանիքի
Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Տարրալուծվել իսպառ
Ծալքերի մեջ սրտիդ,
Որ ողողված լույսի թրթիռներով ընդմիշտ՝
Ապրեմ ես անվերջ
Միայն քեզ համար…

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Ազատվել այս մթից, ցրտությունից իմ տան,
Եվ տառապանքներից անորոշության,
Որ քանդում է, հյուսում
Սիրուս սահմանամերձ
Երազանքներ և սյուն…

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Կյանք տալ խեղաթյուրված տենչանքներիս բոլոր,
Դուրս գալ շրջափակված իմ այս բախտից մոլոր
Ու խեղճանալ միայն քեզ հնազանդվելուս
Փաղաքշանքներից խելագարվելիս…
Օ՜, ի՛մ սիրելիս,
Դու հրաժեշտին նայեցիր ինձ անհույս,
Ու չտեսար ներսիս հրաբուխները մեծ,
Որ երազում էին վերածնվել քո մեջ…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Կուզեմ դառնաս հիշողություն,
Դառնաս անուշ, անցած երազ,
Դառնաս կարոտ, երգ ու խոստում,
Ցնորքի պես դու ինձ ժպտաս:

Կուզեմ դառնաս անանց հուզում,
Դառնաս արցունք, ծիծաղի ցող,
Դառնաս տարերք ու սպասում,
Մշուշներում տխրես ինձնով:

Բայց ելնում ես իմ դեմ անտես,
Քո տաք սիրով այնպես ցնծում,
Որ չգիտեմ, ա՜խ, էլ ինչպե՞ս
Քեզ դարձնեմ հիշողություն…

ԻՄԱՆԱՍ

Սերն հավատ է՝ թե իմանաս,
Եվ փոխադարձ գնահատում,
Սերը սար է՝ թե դիմանաս,
Ուսած տանես բախտիդ հեռուն:

Սերը խանդ է՝ թե իմանաս,
Ու փոխադարձ զոհաբերում,
Սերը սուրբ՝ թե դիմանաս,
Ազնիվ պահես պատիվ ու տուն:

ՊԱՏՈՒՀԱՆ

Սրտի դողով շատ եմ անցել, ծածուկ նայել պատուհանիդ,
Կանչել են ինձ փեղկերը բաց, գրկել քո բաց թևերի պես,
Անհունորեն շոյել ես ինձ, մեղմ գուրգուրել մազերս խիտ,
Ու ջերմացել , թեթևացել մրմունջներիս շնչով հրկեզ…

Երբ անցնում եմ, անցնում հիմա, պատուհանդ փակում ես դու,
Որ ապակե իր պաղ աչքով տունդ նայի ինձ անտարբեր:
Ա՜խ, չգիտեմ՝ ի՞նչ պատահեց քո սրտի հետ այն կենսատու,
Որ խռոված ծովի նման որոնում է ուրիշ ափեր:

ՉԵՄ ՀՐԱՎԻՐԵԼ

Չե՛մ հրավիրել քեզ թարթիչներով,
Ո՛չ իմ աչքերի խաղով կանացի,
Ո՛չ ժպիտների իմ շռայլանքով,
Որոնց տակ գաղտնի կարոտս լացի…
Բայց հորդել ես դու իմ էության մեջ
Գանգուր մազերիդ մի փնջով անփույթ,
Մերթ քո հույզերի կրակով անշեջ,
Մերթ երազներիդ հմայքով կապույտ:
Հորդել ես իմ մեջ ծով բարությունով,
Ինչ-որ հայացքով, խոսքով մտերիմ,
Մերթ ծխախոտդ վառելու ձևով,
Մերթ անզուսպ սիրուդ հրով մարդկային…
Թե կանանց հոգին գիտես իսկական՝
Երբեք չես ատի, չես ծաղրի դու մեզ,
Որ տղամարդու սուտ խաղով անգամ
Տարվում ենք հաճախ, սիրում խենթի պես:

Փեղկեր բացված կոպերի պես, աչքերի պես բացված փեղկեր…
Դեռ ժպտում են երեկոյին, անցորդների երթին խնդուն,
Միայն քո տան պատուհանն է հագել մթնով սև ակնոցներ,
Վարագույրով գիշեր բերել և՛ քո տան մեջ, և՛ իմ սրտում…

ՎԵՐԱԴԱՐՁ

– Եղի՛ր իմ սիրո հանգրվանը դու,-
Ասում ես հոգնած, թախիծով թեթև,
Փայլում է արդեն մազերիդ մթնում
Հինգ տարիների փոշին արծաթե:

Դու քաղաքներ ես արել ոտնատակ,
Մարել աչքերիդ երազները հուր,
Անմիտ ցրել ես կարոտներդ տաք՝
Փակելով ճամփիդ այնքան բախտի դուռ:

Սեղանների շուրջ հյուր ես եղել լոկ,
Ձեռքից ձեռք անցել մերթ գավաթի պես,
Ի՜նչ փույթ, թե այնժամ հավատով իրոք
Հեռավոր մի սիրտ կանչում էր դեռ քեզ…

Դու ուշացել ես, ուշացել այնքան,
Մի՛ թակիր դուռս զղջումով անզուսպ,
Իմ արցունքներին դարձել են դամբան
Աշխարհի բոլոր տաճարները սուրբ…

ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ

Համբույրների մեջ շուրթեր չեն միայն
Լուռ մերվում իրար,
Ազգեր են ձուլվում,
Հյուսվում են իրար ճակատագրեր
Եվ աշխարհներ են ճանաչում իրար…
Մայրական շրթի համբույրը լեցուն
Սուրբ թալիսման է և հոգու մաղթանք,
Խորհուրդ ու պարգև հոր համբույրը թանկ.
Եղբորը՝ թիկունք և հույսի պատվար:
Սիրահար զույգի համբույրը թաքուն,
Երկնքից պոկված արև է բորբոք,
Մեղրամիսով են միշտ երկրպագում
Նորապսակի համբույրները շոգ…
Եվ իրար սիրող ամուսինների
Համբույրն է խորունկ ու ողջանվեր,
Այնտեղ սրտեր կան հարազատ դարձած,
Օրերի խինդ կա և փորձության բեռ…
Տխուր բաժանման համբույրները տաք,
Մերթ շաղախվում են արցունքով որբի,
Օ՜, երանի թե մարդը չխաբվի
Եվ այն համբույրով, որ հիմք է դառնում
Ընտանիք քանդող մի ամուսնության,
Օ՜, երանի թե մարդը չխաբվի
Եվ այն համբույրով, որ հոգուց ջահել
Իլիկի նման քաշում է մի թել
Ու խճճում է, թողնում կես ճամփին…
Չէ՞ որ համբույրով շուրթեր չեն միայն
Լուռ մերվում իրար,
Ազգեր են ձուլվում,
Հյուսվում են իրար ճակատագրեր,
Եվ աշխարհներ են ճանաչում իրար…

ԸՆՏԱՆԻՔԸ

Հանդիպումներիս մտերմիկ խոսքում,
Սիրո ցավերի թելը կծկելիս,
Մերթ ընթերցողիս մի հարց եմ տալիս.
-Ընտանիք ունե՞ս…
Ընտանիքն ազնիվ երևույթ է թանկ,
Գոյության ծածկ է, կեցության աղբյուր,
Նա ազգի բռունցք, մեղվի շեն փեթակ
Եվ արմատների հանգույց է ամուր…
Այո՛, նույն վշտի, խինդի, հոգսերի,
Նույն բջիջների, նույն արյան հոսքի
Պահպանող կարգն է,
Նույն հող ու ջրի, նույն մտքի, լեզվի,
Անցած ու գալիք երազանքների
Շարունակության ոգու սուրբ վանքն է
Եվ բուն օրոցքը՝ նոր սերունդների…
Եթե դու էլ ես այդպես պատկերում
Սուրբ ընտանիքի ոգին իսկապես,
Ուրեմն՝ ունե՛ս…

Աղբյուր՝ lilasar.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում