USD
EUR
RUB

Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը

 
 

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.

- Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը... Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից... Եվ մնացել եմ
անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին...

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը - չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ...»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից...

1923թ.
Թիֆլիս

Լրահոս
Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են «Մշակույթի նախարարության հայտարարությունն ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է». «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերություն Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին» «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում «Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է» Մեջբերումներ Թումանյանի մասին Հովհաննես Թումանյան․ Ուրախ գիշեր Ազգ-բանաստեղծ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ
website by Sargssyan