ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ

«Այսօր մշակույթի ասպարեզում բազմաթիվ սկզբունքային հարցեր են կուտակված։ Կառավարության նոր ծրագիրն այդ հարցերի պատասխանները չի տալիս, որովհետև կազմված է ընդհանրական դատողություններով, ստանդարտ նախադասություններով»,- Panorama.am-ին ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության նոր ծրագիրը։

Նա կցանկանար, որ ստանդարտ ձևակերպումներից բացի, ծրագրում լինեին կոնկրետ առաջարկություններ, հանձնարարականներ, թվեր. «Ընդհանրապես, ողջ ծրագրում թվերի խնդիր չկա։ Կարող էր լինել թվային պատկեր, թե հանդիսականն ինչքանով պետք է ավելանա, ինչ անենք, որ մեր մշակութային կազմակերպությունների որակը բարձրանա, արդյոք մենք գնում ենք մասսայական միջոցումների, թե մտածում ենք փոքր, բայց բարձր որակի միջոցառումների մասին»։

Գ. Մանասյանը, ով նաև Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն է, նշեց, որ իրեն դուր է գալիս օրենքներ ստեղծելու ցանկությունը։ Նրա խոսքով, մշակույթի ասպարեզում գրեթե 28 տարվա ընթացքում 9 օրենք է ստեղծվել, ինչը չափազանց քիչ է, անբավարար է։

«Երբ որ օրենք կա, օրենքը կարգավորում է մշակութային տվյալ ասպարեզի գործունեությունը, եթե տեղը դատարկ է, մարդն անմիջապես գրավում է օրենքի տեղը։ Օրենքը խիստ անհրաժեշտություն է, օրենքը տվյալ ոլորտում ստեղծում է ստեղծագործական բարենպաստ պայմաններ»,- ասաց մշակույթի վաստակավոր գործիչը։

Նրան դուր է եկել նաև ժամանակակից արվեստների մասին օրենքներ ստեղծելու գաղափարը։ Միաժամանակ նշեց, որ օրենքների ի հայտ գալը պետք է պատճառաբանվի, թե ինչ գաղափարի, մոդելի համար են ստեղծում դրանք, այսինքն նախընտրության հարց կա։

«Օրինակ, նախկինում ցանկության կար ստեղծել թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների մասին օրենքներ։ Ինչքանով ես եմ հասկանում, այժմ այդպիսի տարանջատված օրենքներ ստեղծելու ցանկություն չկա, այլ՝ օրենք ստեղծել ընդհանրապես ժամանակակից արվեստների տեսակների մասին, ինչը ենթադրում է, որ պետք է այսօր գործող ՊՈԱԿ-ները ստանան իրավական նոր կարգավիճակ»,- ասաց Գ. Մանասյանը։

Հարցին՝ օրենսդրական դաշտը փորձում են կարգավորել, միաժամանակ մշակույթի նախարարությունը կցում են մեկ այլ նախարարությանը, ինչը չի՞ նվազեցնում մշակույթի դերը, հակասություն չկա՞ այստեղ, նա ասաց. «Կա խորը հակասություն։ Մշակույթի նախարարությունը կառավարական մարմին է, լիազորված է տվյալ ասպարեզում մշակել և իրականացնել մշակութային քաղաքականություն։ Պետության լիազորված մարմինը մշակույթի նախարարությունն է։ Եթե մենք զրկում ենք մշակույթի նախարարությանը կառավարության մաս լինելուց, որը դառնում է ինչ-որ մի նախարարությանը կցորդ, դառնում է երկրորդական, երրորդական դեմք տվյալ օրենքները մշակելու, իրականացնելու, կյանքի կոչելու հարցում։ Կտրականապես դեմ եմ եղել, որ մշակույթի նախարարությունը միանա մեկ այլ նախարարության։ Մենք դրանով նվազեցում ենք մշակույթի դերը»։

Նա նշեց, որ խոսակցությունների համաձայն, մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների մեծ մասն անցնելու են քաղաքապետարանին։

«Ո՞վ է դրանց մեթոդական գործունեությունը ղեկավարելու, ո՞վ է ցուցումներ տալու, ի՞նչ քաղաքականություն ենք անելու, ո՞նց է լինելու։ Երևանում լինելու են մեթոդապես, կառավարման որպես մոդել մշակութային կազմակերպություննե՞ր, մարզերում՝ այլ կազմակերպություննե՞ր։ Չի կարող այդպես լինել։ Նախարարությունն ապահովում է ամբողջ հանրապետությունով միասնական մշակութային քաղաքականություն, այս տարանջատումն առաջացնելու է Երևանում այլ քաղաքականություն, մարզերում՝ այլ քաղաքականություն։ Եթե ուզում ենք մարզերի համաչափ զարգացման ծրագիր իրականացնել, գյուղ-քաղաք տարբերությունը վերացնել, ոնց որ անում ենք ճիշտ հակառակը՝ խոչընդոտում ենք միասնական քաղաքականության իրականացմանը»,- ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում