Պաշտոնական ընդունելություն Մելբուռնում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Պաշտոնական ընդունելություն Մելբուռնում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով փետրվարի 10-ին Մելբուռնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և ճաշկերույթ:

Ճաշկերույթին ներկա էին թեմի հոգևոր սպասավորներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական և ծխական խորհուրդների անդամներ, Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին ողջունեցին թեմական խորհրդում Մելբուռնի ներկայացուցիչ տիար Ժակ Հոդագործյանը և Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանը:

Հովվապետական այցի առիթով ավստրալահայության անունից իր երախտագետ զգացումները և որդիական սերը Հայոց Հորը փոխանցեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` վերստին ընդգծելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը սփյուռքի համայնքներ մեծ խանդավառություն և նոր լիցքեր է հաղորդում հայրենիքից հեռու բնակվող հայորդիներին:

Պաշտոնական ճաշկերույթի ավարտին մելբուռնահայությանն իր պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Նորին Վեհափառությունը նշեց, որ այցի ընթացքում ունեցած հանդիպումները, միասնական աղոթքը Սիդնեյի և Մելբուռնի հավատավոր հայորդիների հետ, կազմակերպված միջոցառումները անհուն ուրախություն և քաջալերություն պարգևեցին իրեն` ընդգծելով, որ կրկին զգաց իր հոգևոր և ազգային արժեքների, իր ինքնության, մայր հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հանդեպ ավստրալիաբնակ մեր ժողովրդի սերը, որը միավորում է համայն հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի:

«Արդարև, որտեղ էլ ապրում է մեր ժողովուրդը՝ հայացքն ուղղված է դեպի իր հավատքի ակունքը՝ Սուրբ Էջմիածինը և իր բնօրրան հայրենիքը, որտեղ Արարատի հայացքի ներքո ձևավորվել է իբրև ժողովուրդ և ապրել հազարամյակները իր պատմության: Ասում են՝ հայերի ամենասիրած նկարները Արարատի և Մայր Տաճարի պատկերներն են: Եվ դա ճշմարտություն է ու բնական է, քանի որ այդ պատկերները նաև մեր ժողովրդի հոգում են՝ իբրև դրոշմ մեր ինքնության, հոգևոր և ազգային մեր արժեքների, որոնք միավորում են մեզ մայրցամաքից մայրցամաք, համախմբում եկեղեցիների գմբեթների ներքո ու ազգային կյանքի մեջ: Որքան էլ տարբեր երկրներում մեր ժողովրդի զավակները տարբեր մտածողության, կրթության ու դաստիարակության կրողն են, նրանց մեջ բաբախում է սիրտը հայկականության, կոչնակը ազգային ինքնության: Իրոք, ի՞նչն է այստեղ բնակվող հայորդուն մղում ամենօրյա իր հոգսերից բացի մտածելու մայր հայրենիքի դժվարությունների մասին, հայրենիքում կամ սփյուռքի մեկ այլ համայնքում բնակվող իր ազգակցի կարիքների մասին, եթե ոչ մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսիլքը, հոգևոր և ազգային արժեքների կարևորության գիտակցումը և որպես ազգի ու Եկեղեցու զավակ՝ որդիական պատասխանատվությունը:

Սիրելիներ, քրիստոնյա և ազգային մեր ինքնությունը պահպանելու այդ ներքին կոչնակն է ամենուր ղողանջել հայ համայնքի ունկերին՝ առաջնորդելով հաճախ զրկանքների գնով ձեռնամուխ լինելու նախ եկեղեցու կառուցմանը և ապա կողքին՝ հայկական դպրոցի հաստատմանը, որպեսզի երաշխավորվի հավատքի և ազգային ոգու հարատևությունը:

Տասնամյակներ առաջ այս օրհնյալ երկրում հաստատված հայորդիները, ձեր հայրերն ու մայրերը, նույնպես իրենց սրտի ձայնին ունկնդիր, իրենց հոգու մղումով ստանձնեցին ազգաշեն այդ առաքելությունը, որի շնորհիվ աշխարհի այս մասում նույնպես վեր հառնեցին հայկական եկեղեցիներ և ազգային հաստատություններ, հռչակվեց նաև՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեմը, որի հիսնամյակը լրացավ 2018 թվականին: Սիդնեյում նոր Առաջնորդարանի բացումը նաև ընծա է այդ հոբելյանին, հոգևոր և ազգային կյանքը զորացնելու հրավեր ողջ ավստրալիաբնակ հայ համայնքին», – ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այցի ընթացքում գոհունակությամբ ականատեսն եղավ համայնքի գովարժան ձեռքբերումներին:

Նորին Սրբությունը հաստատեց, որ քաջատեղյակ է նաև այսօրվա հրամայականներին և նաև հայորդյաց նվիրյալ ջանքերին, որոնցով, ինչպես ողջ սփյուռքը, ջանում են հաղթահարել ազգային ինքնության, մայրենի լեզվի ու արժեքների պահպանության մարտահրավերները: «Ժամանակը, արդարև, ավելին է պահանջում, առավել ջանքեր, համախմբում: Մենք կարիքն ունենք ազգային և եկեղեցական կյանքի մեջ մեր ժողովրդի զավակների առավել ներգրավման, ազգային միասնականության ամրապնդման և լավատես հոգով ներշնչուն գործունեության ծավալման:

Հայրապետիս հորդորն է, սիրելիներ, որ ամուր հավատքով ու վառ հույսով նախանձախնդիր մնաք ձեր եկեղեցական և ազգային կյանքի հանդեպ: Շարունակեք պայծառացնել ձեր համայնքը, ձեր զավակներին դարձրեք աշակերտներ Ավետարանի, որպեսզի լինեն Աստծո օրհության ու շնորհների ներքո և կառուցեն իրենց երջանիկ կյանքը: Նրանց կրթեք եկեղեցասիրությամբ, հայրենասիրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը որդոց որդի շարունակի կրել հոգում՝ որպես նվիրական խորհուրդ, Արարատի ու Սուրբ Էջմիածնի պատկերը և հոգևոր ու ազգային իր արժեքներով իրագործի իր իղձերը և կերտի իր ապագան», – ասաց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և ի սեր հայրենիքում և սփյուռքում հոգևոր և ազգային կյանքի զորացման ծավալվող ամենօրյա գործունեության:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայրենիքում ընթացող փոփոխություններին և զարգացման հեռանկարներին` կարևորելով այդ գործընթացում սփյուռքի համայնքների ներդրումը, որպեսզի հայրենիքով միավորված՝ բարձրանա ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայկազուն Սրբազանին, նրան լծակից հոգևոր սպասավորներին՝ ժողովրդի հոգևոր կյանքի հանդեպ դրսևորած նախանձախնդրության համար, նաև բարձրորեն գնահատեց թեմական խորհրդի, եկեղեցական վարչությունների անդամների, ազգային կառույցներում ներգրավված հայորդիների նվիրյալ ծառայությունը ի նպաստ թեմական ու համայնքային կյանքի պայծառության: Հայրապետական օրհնության արժանացավ նաև ճաշկերույթի կազմակերպիչ հանձնախումբը:

Վերջում Վեհափառ Հայրը աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան և այստեղ բնակվող մեր ժողովրդի զավակներին, պայծառ՝ մեր եկեղեցիները, մեր ազգային հաստատությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Երկնավորը խաղաղ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, հավատքով ամուր՝ մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը ի սեր հայոց կյանքի առաջընթացի ու բարգավաճման, Եկեղեցու հավետ պայծառության:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում