Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ

Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ

Մանիշակ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։

Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։

Առ կույսն

Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։

Առ Մայիս

Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։

Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․
– Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։

 Գարնանային կենացս մեջ

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։

Դրժել

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ-ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. – «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
– «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Երգ մարտին Վարդանանց

Արիք որդիք Արարատյան,
Նըսեմ ճակատք ցայտե՚ն թող շանթ,
Դողդոջ ձեռաց մեչ սուր ցոլա՛ն,
Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՚նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՚նք յ՚Արտազ՝
Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
Մեր սուսերց փայլեն
Սասանին Սասանք,
Մեր ամեն քայլեն
Ծագի հաղթանակ։

Թրքուհին

Երեկո է, բոցավառ է հորիզոն.
Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
Եթե նայի՛,
Կ՛ըսես – հի՛մա կը մարի։

Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն.
Ի՜նչ դալկահար… կարծես հաջաղը վառե
Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.
Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.
Եթե ժպտի՛,
Կ՛ըսես – ո՜հ, հի՛մա կ՛անցնի։

Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
Նե շողերու, բույրերու է թագուհի,
Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
Եթե շարժի՛,
Կըսես – հի՛մա կը թռչի։

Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.
Կուզե սիրե՜լ… համբույրի մհետ նըվաղիլ,
Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
Եթե շիկնի՛,
Կըսես – հի՛մա կը բռընկի։

Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք
Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին
Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
Եթե խոսի՛,
Կ՛ըսես – հի՛մա կը հատնի։

Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես…
Թե իսկ մեռնի՛,
Կ՛ըսես – հի՛մա կը ծընի։

Իմ հանգիստը

Եթե մոտի հողակույտիս,
Թուխ – մոխրագույն աչեր ներա
Թե չուխտ մարգրիտ թափին իմ վրա,
Չը ցավագնիր ոսկերոտիս.
Ա՛յս իմ հանգիստ.
Իմ լըռանիստ
Ա՛յս օթևան
Խաղաղության։

Իմ մահը

Եթէ տժգոյն մահու հրեշտակ
Անհուն ժպտով մ’իջնէ իմ դէմ…
Շոգիանան ցաւքս ու հոգիս,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ սընարըս իմ տիպար
Մոմ մը վըտիտ ու մահադէմ
Ո՜հ, նըշուլէ ցուրտ ճառագայթ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ ճակտովս արտօսրազօծ
Զիս պատանի մէջ ցուրտ զերթ վէմ
Փաթթեն, դընեն սեւ դագաղը,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ հընչէ տխուր կոչնակ,
Թրթռուն ծիղաղն մահու դժխեմ,
Դագաղս առնէ իր յամր քայլ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ մարդիկն այն մահերգակ,
Որք սեւ ունին եւ խոժոր դէմ՝
Համասըփռեն խունկ ու աղօթք,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթ’ յարդարեն իմ հողակոյտ,
Եւ հեծեծմամբ ու սըգալէն
Իմ սիրելիքը բաժնըւին,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Իսկ աննըշան եթէ մնայ
Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ,
Եւ յիշատակս ալ թառամի,
Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ – փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չ է՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չե անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

* * *
Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ,
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝
Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․

Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըղմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ – կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Կույսն լքյալ

Հալեց սառեր գարնան արև,
Ոսկի մատամըք ծաղիկ, տերև
Ցանեց, ցրվեց ամպ ու բալ փույթ,
Պարզեց աստեղց կամարն կապույտ.
Ո՜հ, ինչո՞ւ կույսին
Նայվածքն է մրթին։

Ոսկի սփռեց լերանցն արփի,
Ծիծաղեցավ լուսինն յ՚ալի,
Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն,
Թերթեր, ուր սեր կարդա զվարթուն․
Ո՜հ, ինչո՞ւ գունատ
Է կույսին ճակատ։

Բուլբուլն թառեր թավուտ թփին՝
Գեղգեղե գե՛լ աղիոք սրտին․
Թռչունք մըթին անտառաց խոր
Ձայնակցին, հեշտ սիրո ժըխոր․․․
Ո՜հ, ինչո՞ւ լինի
Լուռ կույս լեզվանի։

Ալիք սիրո ցույց տան կայծ, նետ,
Մրմունջ, նայվածք տանելով հետ,
Ջըրել կերթան ծաղկոտ մարմանդ,
Թոթվե խոտեն հովն ադամանդ․
Ո՜հ, ինչո՞ւ արտսուք
Թափե կույսն ի սուգ։

Ի դրանց ոսկի արևելքին՝
Թռչտելով սյուքեր հեշտին՝
Ծաղկանց, ալյաց, թերթից համբույր
Տալով՝ սահին թողլով համ, բույր․
Ո՜հ, ինչո՞ւ հառաչ
Հանե կույսին լանջ։

Ո՜հ, կույս, ինչո՞ւ այսպես տրտում
Սամույր հոպոպքդ արտասվաթուրմ
Դեմքըդ սիրուն ծածկեն, վերցո՚ւր
Ճակատդ, շնչե սեր, լույս ու բույր.
Անկողինդ ծաղկունք,
Աստղեր քեզի շուք։

– Սիրեի ես աստղերն երկնի,
Ալին զիս ցույց տար գեղանի,
Վայլեր ծաղիկ ճակտիս անսուգ,
Զեփյուռն ուներ հեշտ փըսփըսուք.
Մատնելու զկուսիկ
«Հրապո՜ւյրք խաբուսիկ»։

* * *
Մինակ էր․
Վարդ մ՚ը զգոն
Մատուցի
Ներա ձոն։

Շիկնեցավ
Նե զըվարթ՝
Կընդուներ
Երբ իմ վարդ։

Ներա քով
Վարդն ո՜ր չափ
Էր անշուք՝
Գունաթափ
Նույնպես ձոնս
Համբույրին
Զոր տըվավ՝
Չէր բնավ գին։

Մանուկն առ խաչ

Ո՛վ խաչափայտ
Դու քառաթև,
Որո ճակատ
Սիրո արև՝
Գամված Հիսուս,
Փըչեց խոնարհ
Հոգի և լույս
Սեր ընդ աշխարհ,
Ընդունե՞ իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ
Թևերուդ տակ և սորվեցո՚ւր ինծի հավատ,
Սեր, հույս, որով միշտ բաբախե իմ փափուկ լանջ,
Եվ փարատե՛ լուսովդ խավարն սրտես վըհատ.
Սորվիմ աղոթք
Բառնալ քեզի,
Երբ խութից ոտք
Իմ հանդիպի
Սև Սատանին,
Որ ճգնի միշտ
Դյութել զհոգին
Ի մութ, ի վիշտ։

Մնաս բարյավ

Առտու մը դեռ մթնշաղ՝
Կըծավալվեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կըժպտեիր լուսնո պես։

Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։

Սիրտս թռա՜վ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ’իշխեր գոնե տկար սրտիս.
Ուր որ երթամ, դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ… մահո՜ւ նետ։

Երբ անտառին խորըն նսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կըգտնես զիս,
Տերևներեն կխոսիս։

Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կըգտնես զիս,
Ալյաց մեջեն կժպտիս։

Երբ լեռները կըփախչիմ,
Որ չտեսնեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կըխոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս։

Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կըգտնես զիս,
Աստղերուն մեջ կըժպտիս։

Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարյա՜վ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ’ալ չունիս։

Նայվածք մը

Ամրան տապեն ես խոնջած՝
Թավուտքի մը բյուր բյուր կայծ
Տերևներուն շուքն ինկած՝
Ո՜րչափ սիրեմ շունչն հովտաց՝
Մեղմիկ
Հողմիկ։

Արշալույսին կանուխկեկ՝
Ո՜րչափ սիրեմ՝ ոտքյս մերկ
Կոխելով մարգ ծաղկաներկ՝
Լըվացվելու գտնել մեկ
Հստակ
Վըտակ։

Երբ միայնակ ես գամ ման,
Ո՜րչափ սիրեմ կրակներս այն
Ներշնչելու սերս անձայն՝
Հոտոտելու կույսի նման՝
Քաղցրիկ
Ծաղիկ։

Երբ հովանի աստղազարդ
Ըլլա երկնից գմբեթարդ,
Որչափ սիրեմ ի սաղարթս
Երբ կը հյուսե երգ ի վարդ
Թրթրակ
Սոխակ։

Բայց ասոնք չեմ փոխեր բնավ
Մեկ նայվածքին հետ անբավ
Թե յուղարկե ինձ հեշտյավ
Իր աչերեն վառ․ ու սյավ
Լուսիկ
Կուսիկ։

* * *
Վարդը գարնայնի
Թե կույսին տիպար
Այտերուն չ՚ըլլար՝
Ո՞վ կ՚հարգեր զ՚անի։

Թե չը նմաներ
Կապույտն եթերաց
Կույսին աչերաց՝
Երկինք ո՞վ կ՚նայեր։

Թե կույսը չ՚ըլլար
Սիրուն ու ամբիծ,
Աստվածն այն երկնից
Մարդ ո՞ւր կը կարդար։

* * *
Համբույր մառի ներանե,
Համբո՜ւյր մանհուն գորովի,
Երբ կարմիր շողք մարեին
Հորիզոնին վերևի։

Ջեռքըս տարավ կուրծին՝ հոն
Սիրո երկին մորոտար,
Թոշնեցա գիրկն ես իբրև
Համբույր մանհուն, դալկահար:

Նե զիս իր քով նըստեցուց
Գորգի վըրա դալարյա
Հուսկ ճաճանչ մը կպլպլար
Ներա դիմացը վըրա։

Թոթովեցի․․․ դողացի․․․
Առի համբույր անհամար.
«Խոսինք» ըսավ – ոհ խոսիլ,
Հատնիլ է լոկ ինձ համար։

Աչերու բոցն երբ մարի,
Դադրի տըրոփն երբ սրտին,
Լոկ այն ատեն հարկ է որ
Անզոր շուրթերը խոսին

Հուր հորիզոնն մարեցավ,
Երկինքն աստղեր փթթեցան,
Համբույր մառի դարձյալ ես
Հանուն աստեղց ցիրևցան։

Նե թողուց որ վարսքն ազատ
Սյուքը դեպ յիս բերելով
Միշտ հովահրե բըռընկած
Ճակատը զով բույրերով։

Ո՜հ, այն ժամը ոսկեզօծ
Անշուշտ սահած, թըռած է
Ճակատագրին անողորմ
Սև ձեռքերեն երկաթե։

Մեր համբույրներն պահեցին
Տերևները խարշափմամբ,
Եվ շողերու տըվին շուք
Աստղերն երկնից այն անամպ։

Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարու,
Դողդըղացին աստղերն ալ
Մեր երդումեն ահարկու։
Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ,
Աստղեր սրսկեց ի գորով,
Բնությունն եղավ պըսակիչ,
Մեզ պըսակեց աստղերով․․․

Նոր սեւ օրեր

Մինչ բռնության՝ ընկա՜ն արյան դարերը,
Աշխարհմ՛ը կա արցունք թափող սարերը,
Արյամբ պղտո՜ր դեռ գետերուն ափունքը.
Չը դադրեցավ դեռ այս երկրին սև սուգը.
Ավերակույտն այս ահարկու,
Աշխարհ մոխրոց ու նոճերու:

Հայ դյուցազանց,
Որ հոն ընկան ի վաղուց
Ոսկերոտիքն՝ արմատներն այն վըրիժյուց
Ահ, դեռ բողբոջ մը չարձըկած հող դարձան․․․
Ուրեմն հիմա աղիք չ՛ունի Հայաստան․․․
Այ, դալկահար դու հայրենիք․․․
– Եվ դեռ Քրդին ալ խոնարհինք։

Մառախուղ են հագեր դաշտքն ու լերինքը,
Չը գեղգեղեր Հայ հովվուհվույն սըրինգը,
Հայուն համար չը փալփըլիր աստղիկը,
Արցունքներով թոռմեր հոգվույն ծաղիկը,
Դադրեր անմեղ խինդ, թինդ ու պար,
Շողա ազա՜տ Քրդին տապար։

Դողդոջ մտնե առագաստը գիրգ հարսը,
Արտասվաթոր՝ դեմքին ծածկած հույլ վարսը՝
Որ չ՛ըլլա թե հանկարծ սիրո մրմունջը
Խափանե վատ Քրդին տռփոտ մըռունչը.
Սերը փեսին արյամբ կարմրի,
Հարսը Քրդին կերթա գերի․․․։

Մի՛շտ կը ցանե Հայն, չը հնձեր․․․ անոթի՜․․․
Իր դալկահար դեմքեն երկու շիթ կաթի,
Արտոսր[1] ու քիրտ[2] միանգամայն․․․ ո՜վ Աստված,
Նա ճաշակե տրտմած սրտով ցավ ու հաց.
Այս տարաբախտ ազգն է Հա՛յը,
Մեր արյունը, մեր եղրայրը:

Ահ, ոտնակոխ Հայուն սիրտը և տաճար
Հրացանն յուս սա կոշտ Քրդին անդադար,
Եվ մեր ներսը չեռա՞ր կարմիր մեկ ալին
Կամ մեկ փրփուրն հայրենյաց սուրբ երակին,
Որ սառույցի զերթ որդիներ՝
Մեր աղիքները չենք թոթվեր։

Ի՞նչ սիրտ է այս որ հոս գամեր է Աստված,
Մինչ չը սիրեր նա հայրենիքը ցաված․․․
Չունի ներսը Հայն իր նախնյաց տըրոփը,
Լըքեր է զինք ճակատագրին Սերոբը.
Երես դարձուց Հայն սուսերեն,
«Սև» ժառանգեց լոկ պապերեն։

Սառե աչեր, քարե լեզու, ա՞յս մընաց
Բյուր փառքերեն մեր գոռ ու պերճ հայրենյաց,
Սևագըլուխ խումբ մը ագռավ մընաց լոկ՝
Կամ խումբ մը կույր խըլուրդ՝ ըստրուկ փառքի սոսկ.
Ա՜հ, այն արծիվ ժողովրդեն,
Ո՚ր հարվածվի արդ կոշտ Քրդեն։

Ինչ, սև ձեռքեր հըպին վըճիտ ճակատին
Հայ կուսիկին նըվիրական լաչակի՜ն,
Դըժոխք մը տարփ թոշնեն վարդը կուսության,
Կարծես ծաղիկ մը կոխկռտեն զ՚այս կըզգան,
Ինչպես որ Հայ մը մորթեն,
Կարծեն թե հավ մը մորթեն։

Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մանգամ պետք չէ մեզ,
Այլ հայրենի սոսկ զգացում մաղեկեզ,
Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չունինք,
Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մալ չունինք.
Օ՜ն, ոտքերնիս զարնե՚նք գետին,
Հայտնենք մեր ցավը ահագին։

Մեր քերց[3] վարդերն և արևներն մեր եղբարց՝
Մեր տաճարաց խաչերն՝ պատի՛վն հայրենյաց
Մենք պահանջենք, բարօրություն մեր ազգին.
Զա՚յս պահանջենք՝ զա՚յս Սուլթանեն սրտագին,
Մեր պատիվն ու Քուրդը կուզենք,
Եվ կամ նորա զենքին դեմ զե՛նք։

Սիրեցի քեզ

Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար յ՚երկին՝
Փոխան ամպոց հուր հյուսքի.
Տեղա՜ր մարգրիտ և ոսկի:

Թավուտքի մը խոր ծաղկոտ
Ընկողմանած նըվաղկոտ՝
Կը հևայիր դու տժգույն,
Ամրան սյուքի մը հանգույն:

Աչերդ սիրո Ատրուշա՜ն…
Եվ մատներովդ զերթ շուշան՝
Կը փետտեիր ծաղիկ մի,
Հառած շողից աչքդ երկնի:

Հիանայի թե ի՜նչպես
Փետտել թերթեր վարդին վես՝
Եվ թափթըփել քու գիրգ գիրկ
Կը զորեին մատներդ գիրգ:

Եվ նըվաղկոտ այդ աչեր
Նըշուլեին նո՜ր եթեր,
Եթեր մ՚աստեղց ուր փոխան
Հրաշեկ սլաքք կը շողան:

Ըրիր աչացդ մեկ կայծին
Եվ մեկ վանկիդ զ՚իս գերին,
Շղթայեցիր զ՚իս, անգո՛ւթ,
Նշույլներովն վեհ հոգվույդ:

Թող սիրտս, ինձմե գնա հեռի,
Չ՚ուզեմ հոգվույս թագուհի
Քեզ, որուն կուրծն վարդի թերթ,
Այլ կըրանիտ սիրտն է գեթ։

Դու, որ գիտես լոկ բուրել,
Գիրգ սրտերու վերք փորել,
Եվ կը սիրես, երբ կարի՜
Քեզ պաշտող սիրտն արյունի:

Թավուտքի մը շուք նըսեմ
Երբոր մենիկ արտասվեմ,
Հոն ես դու, կը գտնես զ՚իս,
Տերևներե՜ն կը խոսիս:

Երբ առվակին մեջ փաղփուն
Կ՚ուզեմ մոռնալ դեմքըդ, դուն
Դարձյալ հոն կը գտնես զ՚իս,
Ալիներե՜ն կը ժպտիս:

Երբ կը փախչիմ ժայռ ու սար՝
Ջախջախել սիրտս և քընար,
Հովին մեջեն միշտ մնչես՝
Թե դու բնավ զ՚իս սիրած չ՚ես:

Գրկեմ սրտովս արդ ցուրտ հող,
Ի՚ալ չը դիպիմ քեզի թող.
Կույս մ՚է նաև գերեզման…
Կա՞ խորունկ սիրտ մ՚անոր նման…

Վիշտք հայուն

Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց,
Համբույրին հետ շիթ մ՚ըզգացի արտասվաց,
Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք։
Ավերակաց ծաղկանցըդ սոսկ այցելու
Զեփյուռն չ՚եկավ նժդեհ ճակատս շոյելու,
Փառաց դարեր ծընող` ընկող հայրենի՛ք,
Մամռոտ ավերք և դամբարան զորավիգ

Արարատյան հսկայից,
Ուր ծոր ճակտով վիրալից
Հեծե ոգին հայկական․․․
Բայց ի զո՜ւր. ողբ, վայ, կական
Եվ արտասուք ու հառաչ
Քեզ ըսփոփել չ՚են կարող,
Այլ վեհ ճակատ քրտնաշող
Ի՚արյունաբուխ կող ու լանջ։

Մոխիր հագած, արյուն ծըծած սև հողե՛ր,
Ուր կը տիրեն սոսկում, տըխուր հիշատակք,
Ալ ծոցեդ թռեր են հուսո քաղցր հրեշտակք
Եվ արյունոտ դափնի մ՚անգամ չ՚են թողեր․․․։
Սև շղթաներ եղան ինծի խանձարուր,
Մըթության մեջ սըրտիս վըրա հսկեց սուր,
Միթե Հա՞յ եմ՝ մինչդեռ չ՚ես իմս, Հայաստա՛ն.
Եվ հոյակապ, վես կոթողներդ պատվանդան

Օտարաց, գահդ՝ հիշատակ,
Եվ ճակատըդ կրես պըսակ
Արդ փըշահյուս, սև նոճի․․․
Ալ չըկա՜ վառ թագդ առջի,
Որուն ականց տեղ անգին՝
Դառնաթախիծ մըտածմանց
Քրտունքներ սառ՝ քար կտրած՝
Կնճռոտ ճակատդ պճնեցին։

Երբոր տեսավ արյունլըվա վարդին ծոց`
Վարդատարփիկ բուլբուլն դողով թռչեցավ,
Սուգին փափկիկ թևքն արցունքով թրջեցավ`
Սիրատրոփ լանջք կուսից տեսավ երբ սրախոց․․․
Լըռեցին քնար, հանբույր, գեղգեղ և մրմունջ,
Հրաժե՜շտ տիրեց… և սիրակաթ շուրթեր մունջ
Համբուրեցին սև հողեր, ժայռ և ալիք,
Բույլ բույլ, բյուր բյուր ոգիք թըռան տրտմալիք.

Մասյաց մուսայք դողահար՝
Թողուցին պսակ և քընար.
Դաշտեր, ձորեր և սարեր,
Ալիք, ժայռեր և սառեր,
Հե՛գ հայրենիք Հայաստա՛ն,
Ըզքե՛զ, ըզքե՛զ ողբացին,
Որ ուրացողք քեզ բացին
Բյուր բյուր՝ սև սև գերեզման։

Հայն էր, որ թագըդ գըլորեց փայլարձակ,
Եվ ալևոր ճակտիդ բարդեց սև ամպեր,
Հետո վայեց, երբ գերեզման կըշտապեր,
Այլ շնչասպառ էր՝ չ՚ուներ ձեռքը կայծակ,
Որ այն ամպերն փոթորկաբեր փարատեր,
Եվ հայրենիքն շղթաներե ազատեր.
Նոճյաց խորքը մահվան շունչը սոսափեց,
Սոսկմամբ ցնորած Հայն իր երկրեն խուսափեց.

Թողուց ավեր և արյուն,
Թաղեց հոն փառք և ավյուն.
Արդ կը տեսնե բոթաբեր
Ներկայն՝ ճիգ մը չը թափեր,
Հայաստա՛ն, քեզ փրկելու,
Անզգա դարձած դարե դար՝
Չը հիշեր քեզ, չը փութար
Քեզ անձկանոք գրկելու։

Տրտունջք

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատև։
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՝ըսեմ․․․ շանթահարե զիս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դոլ որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մանհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն․․.
Հառաչ մեմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են․․․
Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդնն․․․

Սիրել

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
– «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
– «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ի՞ՆՉ ԿԸՍԵՆ

Ինծի կըսեն.-“Ինչո՞ւ լուռ ես”-
“Ո՜հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կըբռնկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես”:

Ինծի կըսեն.-“Միշտ տխուր ես”-
“Ինչպե՞ս չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք…
Արշալույս մը չանցավ սրտես”:

Ինծի կըսեն.- “Կրակոտ չես,
Լճակի մը պես ես մեռած.
Դալկահար՝ դեմքդ ու հայեցված”,-
“Ո՜հ, հատակն են իմ փրփուրներ”:

Ես ինձ կըսեմ.-“Ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա՛ գոգ,
Գերեզմա՛ն, հոն գտնես դու գոգ,
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…”:

Զղջում
(Օր մը վերջը)

Երեկ երբ պաղ քրտանց մեջ
Սև մըրափ մը կ՚առնէի,
Եւ թօշնած զոյգ մը վարդեր
Այտերուս վրայ կ՚այրէին,
Անշուշտ ճակտիս վրայ մահու
Դալկութիւն մը կը պըլպըլար,
Եւ մահու թռիչք մ՚ունէի,
Լըսեցի մօրս հեծեծում…
Բացի աչերս խոնջած,
Մօրըս արտօսրն տեսի՜…
Ո՜հ, ճշմարիտ գորովի
Մարգարիտներ լոյծ ու կեղծ…։
Մայրըս անհուն ցավ մ՚ուներ,
Այն սև ցավը ե՜ս էի…
Ա՜հ, գըլուխըս փոթորկեց…
Այս սև հեղեղն տըվի դուրս…
Ո՜հ, ներէ՛ ինձ, Աստուած իմ,
Մօրըս արտօսրը տեսի…։

Գուշակը

Ձեռքըս բռնեց գուշակն, եւ իր
քարայրին քով ինծի ըսաւ.
-Ափիդ մէջ կայ երեք կնճիռ,-
Երեք ճամբայ առջեւդ ելաւ:

Մին ցամաքէն քեզ կը տանի
լուսնի լոյսով մինչեւ անտառ,
ուր կը պարէ կոյս մ՛հոլանի…,
Ցուպըդ կոտրէ եւ մի երթար:

Միւսը ծովէն է ակօսուեր.
քեզ կը տանի կղզին դալար՝
ուր կը վազեն ոսկի գետեր…,
Ղեկըդ փըշրէ ու մի երթար:

Երրորդ ճամբան է երկինքէն.
պարզէ թռիչներդ սեփական,
մինչեւ աստղերը սիրտդ այրեն.
շարունակէ դու այդ ճամբան:

Աղբյուր՝ Գիշեր

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում