Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների ամենասիրելի և սպասված Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի`Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում