Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի

Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը 12 օր է հացադուլի մեջ է, սակայն նրան գործադիր իշխանությունից որևէ մեկը չի այցելել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Գալստյանը։

«Գործադիրից որևէ մեկը ինձ չի այցելել։ Չեմ սպասում նրանց այցելությանը։ Մենք կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց չենք կարող ունենալ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն։ Ես հայտարարում եմ, որ մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի, հակառակ դեպքում գոնե հորդորով հանդես կգային կամ կգային ինձ այցելելու։ Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ ես միայն կոշտացնելու եմ իմ պայքարը»,- ասաց ռեժիսորը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը, ով փետրվարի 3-ից Ազգային ժողովի մոտ հացադուլ է հայտարարել, պահանջում է վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հ. Գալստյանը կոչ արեց Հայաստանի իշխանություններին անհապաղ փրկել սեփական դեմքը, քանի որ չեն կարող միջազգային կինոնախագծի մեջ տալ երաշխիքներ ու չկատարել դրանք, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ։ Նա հայտնեց, որ բացվելու է հաշվեհամար, ցանկացողները կարող են թեկուզ չնչին գումարով աջակցել։ Ռեժիսորը կոչ արեց իշխանության մեջ գտնվող պարկեշտ պաշտոնյաներին, պատգամավորիներին փետրվար ամսվա աշխատավարձից փոխանցեն «Տատիկիս վարսերը» հաշվեհամարին։ Նա նշեց, որ չի դադարեցնելու հացադուլը, իսկ մարտի 1-ին գնալու է նկարահանման հրապարակ նախապատրաստական աշխատանքների։ Մարտ-ապրիլ ամիսների աշխատանքի համար նվազագույն հաշվարկներով անհրաժեշտ է 10 միլիոն դրամ։

«Այդ աշխատանքներն անհրաժեշտ են ֆիլմի արտադրությունը չվիժեցնելու համար, որպեսզի մեր գործընկերները ստանան երաշխիքներ, որ ֆիլմը շարունակվելու է, իրենք էլ անեն իրենց նկարահանումները»,- ասաց նա։

Հ. Գալստյանը միակ իրատեսական ուղին համարում է հասարակության աջակցությունը, իսկ իշխանության հետ որևէ հույս չի կապում, քանի որ նրանք չեն ասելու, որ սխալ են թույլ տվել։

Նա կդադարեցնի իր հացադուլն այն օրը, երբ հավաքված լինի անհրաժեշտ այդ գումարը և կառավարությունից կստանա երաշիքներ, որ ֆիլմի նկատմամբ ստանձնած երաշխիքները կվերահաստատեն։

«Մինչև այդ օրը որևէ զիջում չի լինելու։ Ավելին՝ մինչև երեկոյան որևէ ադեկվատ պատասխան չստանալու դեպքում իմ մոտ կհայտնվեն նոր վրաններ։ Հացադուլից դուրս չեմ գալու մինչև..Թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով։ Այդպիսի բան չի լինելու»,- ասաց ռեժիսորը։

Նա կրկին ներկայացրեց ֆիլմի ֆինանսավորման հետ կապված խնդիրները. «2015 թվականին դիմել ենք Ազգային կինոկենտրոն, որն ուսումնասիրել է հայտը, տվել երաշխավորագիր։ Այսինքն գեղարվեստական խորհուրդն ընդունել է հայտը, Կինոկենտրոնը մասնակցում է ֆինանսավորմանը 30 տոկոսի չափով, այսինքն 312 միլիոն դրամից ակնկալվում էր 88 միլիոն դրամը։ Դա նշված է անգլերեն փաստաթղթում, իսկ հայրենում նշված է մինչև 30 տոկոս։ Կինոկենտրոնի խնդրանքով երեք տարվա համար կնքվել է առանձին պայմանագրեր։ Առաջինը կնքել ենք, կատարել ենք գործողությունները, երկրորդ տարվանը նույնպես, երրորդի ժամանակ մշակույթի նախարարությունում ձևավորվել է ֆիլմերի ֆինանսավորման նոր հանձնաժողով, որը կասեցրել է մեր ֆիլմի հայտը՝ թույլ տալով աննախադեպ մի բան. Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմ չի կասեցվել, երբեք։ Այստեղ զավեշտն այն է, որ այն կետը, որով կասեցրել են, համարվել է անօրինական իրենց իսկ կողմից։ Այսինքն կասեցրել են անօրինական։ Դեռ նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ինձ հրավիրել էր, հստակ երաշխիքներ տվել ֆիլմի ֆիանսավորումը վերսկելու համար։ Ձայնագրությունը կա։ Իր իրավաբանի հետ չշտել էր՝ արդյոք իրավունք ունեին կասցնելու, իրավաբանի պատասախանը եղել էր ոչ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում