Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին

Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: «Հորդուն, ճկուն տարողությամբ նրա արձակն ունի ոչ միայն խիստ առարկայական էություն՝ զերծ ամեն տեսակ իդեալականացումներից, շոշափելի՝ դողի, հողի խորդուբորդ լինելու, մարմնի ջերմության ու ձայնի տեմբր զգալու չափ, այլեւ անսահման մեծ բան՝ մարդու հոգին, նրա աստվածային էությունը: Այդ ոլորտներում ոչինչ չի կարելի հաստատել, իսկ առավել եւս՝ պարտադրել, ու թեեւ հոգեւոր կյանքի մասին Մաթեւոսյանի արձակը հայտարարություններ չի անում, սակայն ուզում ես նրան բնորոշել միայն այսպիսի անսովոր բառերով՝ Աստծո մարդ, Աստծո աշխարհ»…

Յուրի Կարաբչիեւսկի

Ռուս գրող Յուրի Կարաբչիեւսկին Հայաստանը ճանաչել է ոչ միայն Օսիպ Մանդելշտամի եւ Անդրեյ Բիտովի՝ Հայաստանին նվիրված ստեղծագործություններով, այլեւ Հրանտ Մաթեւոսյանի գրականությամբ:

Անցյալ դարի 70-ական թվականներին նա եկել է Հայաստան գործուղման (մասնագիտությամբ էլեկտրոնային սարքերի ինժեներ էր)՝ նաեւ հուսալով ծանոթանալ մեծ գրողի հետ: Այն կայանում է եւ ռուս գրողի համար դառնում առիթ՝ խորհրդածելու մեր երկրի անցյալի, ներկայի մասին եւ ամենակարեւորը՝ բացահայտելու ի՛ր Հայաստանը. «Ինձ համար Հայաստանն առաջին հերթին նա է՝ Հրանտը»:

1978 թվականին Կարաբչիեւսկին գրում է «Կարոտ առ Հայաստան» վիպակը, որը տպագրվում է միայն 1988-ին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: Հայաստանում լույս տեսած վիպակից հետո Կարաբչիեւսկու ստեղծագործությունները սկսում են տպագրվել ռուսաստանյան գրական մամուլում:

«Կարոտ առ Հայաստան» վիպակի առանցքը հանդիպումն է մեծ գրողի հետ: Ըստ Կարաբչիեւսկու՝ Հրանտ Մաթեւոսյանի գրականության մեջ կային բարձր արձակի բոլոր տարրերը՝ ոճը, ռիթմը, պատկերների ճշգրտությունը, կերպարների իսկությունը. «Նրանք այնպիսին էին, ինչպես իրականում»: Եվ կյանքի ճշմարտությունը, որ վարք ու բարքի եւ խոսքերի ճշմարտություն էր, այն սահմանն էր, որին հասել էին ժամանակակից գյուղագրության ներկայացուցիչները, սակայն նրանց գործերում չկար անիմանալին, այն ճանապարհը, որ տանում էր մարդկային հոգու անսահման խորքերը. «Այդ անչափելի խորքն ու բարդությունը, «հողի մարդու» հոգու ելեւէջումների այդ սահուն նրբությունը, նրա հոգեւոր լիարժեքությունը առանց այլեւայլի, թող որ անգամ բնականության կեղծ զիջումներով եւ անդրադարձերի բացակայությամբ, առաջինն արտահայտեց Հրանտ Մաթեւոսյանը»,- գրում է ռուս գրողը: Կարաբչիեւսկուն հաջողվել է կերտել Մաթեւոսյան գրողի կերպարը: Մենք նրան տեսնում ենք այնպիսին, ինչպիսին ճանաչում էինք իրականում: Վիպակն ընթերցելիս մեր առջեւ հառնում է սիրելի գրողը, «նրա պայծառ ներկայությունը» (Հրանտ Մաթեւոսյան, «Տախը», Հովհաննես Թումանյանի մասին):

Կարաբչիեւսկին վիպակում անդրադառնում է մեկ կարեւոր հարցի նույնպես: Նա մտածում է, որ իսկական, մեծ գրողների իրականացրած անհնարինության հանդեպ ընթերցողի ցանկացած տուրք քիչ է. «Քիչ է ցանկացածը, եւ չգովաբանելը, չաջակցելը, եթե դրանք փոքր-ինչ հիմք ունեն, մեղք է: Մեղք է թաքցնելը, լույսի եւ ջերմության թեկուզ մի պատառը չվերադարձնելը…»:

Ռուս գրող Յուրի Կարաբչիեւսկին «Կարոտ առ Հայաստան» վիպակով վերադարձնում է լույսի եւ ջերմության իր պատառը Հրանտ Մաթեւոսյանին: Հերթը մերն է՝ Մեծ Գրողի ժամանակակիցներինս… .

2018 թվականի դեկտեմբերին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը լույս է ընծայել ռուս այլախոհ գրող Յուրի Կարաբչիեւսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակը: Գիրքը տպագրվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:

ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում