USD
EUR
RUB

Տեառնընդառաջ

 

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:

Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տեառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

Տեառնընդառաջը՝ նշանվածների թե՞ նորապսակների տոն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Հասմիկ Թամամյան

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan