«Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը

«Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 13-ին «Երևան Մոլ»-ում գտնվող «Կինոպարկը» կազմակերպել էր ռեժիսոր Ադամ Մաքքեյի` «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին մասնակցում էին Կինոպարկի հավատարիմ հաճախորդներն ու կինոսիրահարները: Քրիստիան Բեյլի, Էմմի Ադամսի, Սթիվ Կարելի և Սեմ Ռոքվելի գլխավոր դերակատարությամբ այս ֆիլմն «Օսկարի» հավակնորդ է:

«Իշխանություն»-ն ամերիկյան կատակերգություն-դրամա է՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմում նկարագրվում է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնի անցած ուղին, թե ինչպես է նա դառնում ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փոխնախագահը: Դիկ Չեյնին հաջողվում է փոխել պատմության ընթացքը` միաժամանակ մնալով ստվերում: Ռեժիսորը հմտորեն համադրել է նրա քաղաքական ուղին և ընտանեկան դրաման:

Tert.am-ի հետ զրույցում «Կինոպարկ»-ի կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը նշեց, որ ֆիլմը հանդիսատեսի համար կցուցադրվի փետրվարի 21-ից` առնվազն երեք շաբաթ, ընդ որում` նաև օրիգինալ լեզվով` արտասահմանցի հյուրերի համար:

«Այս ֆիլմն առաջին հերթին ներառել ենք մեր ցանկում, որովհետև այն տարվա ամենասպասված և ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է: Ֆիլմը նոմինացված է «Օսկարի» 8 անվանակարգում` այդ թվում լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, երկրորդ պլանի դերասան և դերասանուհի անվանակարգերում»,- ասաց Մարինա Ղամբարյանը:

Ինչպես միշտ, այս անգամ էլ «Կինոպարկի» ֆեյսբուքյան էջում խաղարկվել է երկու անձի համար նախատեսված մի քանի տոմս, որոնց հասցեատեր հաջողակները ներկա էին փակ ցուցադրությանը:

«Կինոպարկը» հանդիսատեսին խոստանում է նորանոր դիտարժան ֆիլմեր, որոնք հասցրել են ներկայանալ հայտնի կինոփառատոններում ու ձեռք բերել մեծ հնչեղություն:

«Հիմա մենք աշխատում ենք հիմնականում բլոգբասթերների, ինչպես նաև փառատոնային և «Օսկարի» հավակնող ֆիլմերի ուղղությամբ: Ներկայումս ցուցադրում ենք «Ֆավորիտուհի» ֆիլմը, շուտով կլինի նաև «Իշխանությունը»: Մենք շատ ենք կարևորում համագործակցությունը փառատոնային ֆիլմերի շուրջ` մեր գործընկերների հետ, ովքեր կարողանում են մեզ տրամադրել այդ ֆիլմերը: Ներկա պահին Բեռլինում անցկացվում է Բեռլինյան կինոփառատոնը, որից հետո ևս մի քանի հետաքրքիր ֆիլմեր կմատուցենք մեր հանդիսատեսին»,-եզրափակեց «Կինոպարկի» ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում