«Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է»

«Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է»

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փետրվարի 20-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ։ Համերգը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։

Լրագրողների հետ հանդիպմանը Ռ.Մլքեյանն ասաց, որ իրենց նպատակն է հնարավորինս բոլոր ժանրերով ներկայացնել Կոմիտասին, դրա համար իրենց երգչախմբով փորձելու են կատարել և խմբերգեր, և մեներգեր, կհնչեն նաև դաշնամուրային ստեղծագործություններ։

«Փորձելու ենք այդ երեկոյի ընթացքում տալ Կոմիտասի նկարագիրը»,- նշեց նա։

Ասուլիսին ներկա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը տեղեկացեց, որ իրենք նախաձեռնել են Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգաշար։ Յոթ համերգի ընթացքում ներկայացնելու են Կոմիտասի 147 խմբերգերը։ Առաջին համերգը կայանալու է փետրվարի 27-ին։

«Մեր նպատակն է հնչեցնել բոլոր մանր ու մեծ ստեղծագործությունները, բնականաբար, միշտ նկատի ունենալ՝ Կոմիտասն ըստ Կոմիտասի։ Հաճախ իմ մեջ խնդիր եմ ունենում՝ ունենալով Կոմիտասի նման մեծ ուսուցիչ, այդպես էլ խմբավարական մեր մտածողության մեջ չստեղծվեց Կոմիտասյան դպրոց։ Այս օրերին ևս մեկ անգամ մտածելով՝ գալիս եմ այն եզրահանգման, որ եթե կատարենք այդ մեծ ուսուցչին այնպես, ինչպես ավանդել է, բավարար է, որ մենք ունենանք դպրոց»,- ասաց Հ. Թոփիկյանը։

Հարցին, թե ի՞նչ անելիքներ ունենք Կոմիտասի երաժշտությունը հանրահռչակելու առումով, Ռ.Մլքեյանն ասաց, որ ինչ աշխատանք էլ անեն, եթե վերաբերվում է Կոմիտասին, միշտ պետք է լինեն մինչև վերջ չբավարարված։ Նա ցանկանում է, որ ամբողջ աշխարհում Կոմիտասին նվիրված համերգներ, դասախոսություններ, տարբեր միջոցառումներ կազմակերպվեն։

«Աշխարհին ապացուցելու բան չունենք, որովհետև ունենք Կոմիտաս, բայց ցանկություն կա, որ նրան բոլորը ճանաչեն, լսեն, ով հանճարեղ է ոչ միայն երգչախմբային արվեստի մեջ, նաև հայ դասական երաժշտության հիմնադիրն է, մարդ ով ստեղծել է ակադեմիական երաժշտություն, որը տարբերվում է ողջ աշխարհի ակադեմիական երաժշտությունից, բայց ակադեմիական է։ Պետք է ողջ աշխարհը լսի, հասկանա, որ հայ ժողովուրդն ունի մի կոմպոզիտոր, որն անգնահատելի է։ Եթե 200 պետություն կա, երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ով իր երգչախմբային արվեստով ազգային երաժշտությունը հասցրել է ակադեմիզմի ամենավերջին աստիճանի։ Ով լսում է, զարմանում է, նման չէ ոչ Բախին, ոչ Մոցարտին, ոչ Մենդելսոնին, ոչ Բրամսին։ Կոմիտասի ստեղծագործություններում կա էթնիկը, ֆոկլոր, բացի այդ նա երգեցողության, երաժշտության նոր ձև բերեց, որն ամբողջ աշխարհին ապացուցելի է որպես բացառիկ ակադեմիական երաժշտություն։ Մեր գերխնդիրը դա է»։

Հ. Թոփիկյանի խոսքով, մենք Կոմիտասին տեսնում ենք լեգենդի մեջ, նրա իրական արևը դեռ մեր մեջ չէ

Հետևեք մեզ նաև Telegram-ում