Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է

Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է

(Լիրիկական դրամա՝ երկու մասից)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ
ՏԻԳՐԱՆ – Գերդաստանի նահապետը
ՄԻՀՐԱՆ – Տիգրանի խնամին
ԼՈՒՍԻԿ – Տիգրանի հարսը
ԱՇՈՏ – Տիգրանի տղան
ՎԱՀԻԿ – Աշոտի տղան
ՇՈՂԵՐ – Վահիկի դասընկերուհին, Գարեգինի քույրը
ԳԱՐԵԳԻՆ – Աշոտի մանկության ընկերը
ՄՈՎՍԵՍ – Փոստատար։

Դեպքերը տեղի են ունենում մեր օրերում։

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Երեւում է Տիգրանի տան բակը։ Երեւում է Գարեգինը։ Մոտենում, նայում է բակից ներս։ Ետեւից, պայուսակը ուսին, գալիս է փոստատար Մովսեսը։ Քթի տակ կամաց-կամաց դնդնացնում է.
Բարեւագիր, սիրելիներ…
Նախ եւ առաջ՝ բարեւ ձեզ,
Թե ինձանից կուզեք հարցնել,
Նամակներ եմ բերել ես…
Հանկարծ նկատում է Գարեգինին, մոտենում, կամաց ձեռքը դնում է նրա ուսին։
ԳԱՐԵԳԻՆ.- (Վախեցած ետ է ցատկում)։ Մովսես։
ՄՈՎՍԵՍ.- Ես եմ, Գարեգին։
ԳԱՐԵԳԻՆ.- Տեսնում եմ, որ դու ես…
ՄՈՎՍԵՍ.- Գող, սիրտը՝ դող, խեր լինի, քավոր ջան։
ԳԱՐԵԳԻՆ.- (Շփոթված)։ Նամակ չունե՞մ, Մովսես։
ՄՈՎՍԵՍ.- Գրո՞ւմ են, որ բերեմ։ Իսկապես, ինչ է եղել, կանայք քեզ վերջերս մոռացել են, էլ չեն գրում…
ԳԱՐԵԳԻՆ.- Է, Մովսես, կնոջ հարցում բախտս քարի դեմ առավ։ Գիտե՞ս շատ վատ բան է, երբ մարդուն ոչ ոք չի հիշում…
ՄՈՎՍԵՍ.- Շատ կին պահելու վերջն էլ էդպես է լինում։ (Հեգնանքով)։ Խե՜ղճ-խե՜ղճ Գարեգին, որտեղի վրա մատդ դնում ես՝ փշեր են, ոչ ջուրը կտանի, ոչ հողը… կպահի։
ԳԱՐԵԳԻՆ.- Իսկապես դժվար է, իսկ դու էլ ծաղրում ես։
ՄՈՎՍԵՍ.- Բա լավ, Գարեգին, ծեգը-ծեգին էստեղ ի՞նչ ես անում։
ԳԱՐԵԳԻՆ.- Լուսիկին բան պիտի ասեմ։
ՄՈՎՍԵՍ.- Վահ, տնաշեն, ամեն օր առավոտից իրիկուն միասին եք լինում, չես խոսում, հիմա՞ ես ուզում ասել։
ԳԱՐԵԳԻՆ.- Դու էլի ուրիշ տեղ ընկար… Չէ, կարեւոր բան պիտի ասեմ։
ՄՈՎՍԵՍ.- Գարեգին, Լուսիկը քո իմացած կանանցից չէ, քանի տեսնող չի եղել, փասափուսադ քաշիր – գնա։
ԳԱՐԵԳԻՆ.- Վահ, էլ հավատ չի մնացել, է, էս աշխարհում։ Ասում եմ՝ գործով եմ եկել, չես հավատո՞ւմ։
ՄՈՎՍԵՍ.- Գործով գալուդ հավատացի, բա գողեգող գալուդ ի՞նչ ասեմ…
ԳԱՐԵԳԻՆ.- (Մեղմանալով)։ Մովսես, խնդրում եմ դու կանչես Լուսիկին, թող դուրս գա, չեմ ուզում ձայնս հարեւանները լսեն։ Աշխարհ է, հարյուր բան կմտածեն։
ՄՈՎՍԵՍ.- Որ քո մտքում բան չլինի, նրանք ոչ մի բան էլ չեն մտածի… Ամոթ է, Գարեգին։ Հետո էլ ես փոստատար ե՞մ, թե… միջնորդ։
ԳԱՐԵԳԻՆ.- Բա էլ ի՞նչ քավոր ես։
ՄՈՎՍԵՍ.- Քանի անգամ կարելի է քավոր լինել մի մարդու։
ԳԱՐԵԳԻՆ.- Է՜, Մովսես… Ես շատ էի ուզո՞ւմ։ Իմն էլ այսպես ստացվեց։
ՄՈՎՍԵՍ.- Էլ դրանից անցել է։ Գնա բանիդ, թող ես էլ իմ գործը կատարեմ։
ԳԱՐԵԳԻՆ.- Մովսես… Այս անգամ էլ ձեռք մեկնեիր, էլ որպես քավորի քեզ նեղություն չեմ տա։
ՄՈՎՍԵՍ.- Բա ծեգը-ծեգին խաթի մեջ չընկա՞նք… (Դեպի տուն)։ Տիգրան… Տիգրան քեռի…
ԳԱՐԵԳԻՆ.- Այ մարդ, հո չե՞ս գժվել, ի՞նչ ես անում…
ՄՈՎՍԵՍ.- Դեհ, ասացի՝ քաշվիր-գնա։ Տիգրան քեռի։ (Տիգրանը հայտնվում է տան շեմին։ Գարեգինը հեռանում է)։
ՏԻԳՐԱՆ.- Ո՞վ է…
ՄՈՎՍԵՍ.- Ես եմ… Մովսեսը։
ՏԻԳՐԱՆ.- Խե՞ր լինի։
ՄՈՎՍԵՍ.- Լուսադեմին հասրտություն է փողը, ասի՝ ձեզ հարստացնեմ։
(Փոստատարին է մոտենում Տիգրանը։ Բակում հայտնվում է եւ Միհրանը)։
ՄԻՀՐԱՆ.- Բարի լույս, այ ժողովուրդ։
ՄՈՎՍԵՍ.- Լույսը բարի։
ՄԻՀՐԱՆ.- Մեզ համար նամակից-բանից չես բերե՞լ։
ՄՈՎՍԵՍ.- Չէ, Միհրան եղբայր։ Այս անգամ Տիգրան քեռու համար եմ բերել։ Դե, Տիգրան քեռի, ստորագրիր։
ՏԻԳՐԱՆ.- Ասա։
ՄՈՎՍԵՍ.-Մի խնդրանք ունեմ։
ՏԻԳՐԱՆ.- Ասա, Մովսես, ասա։
ՄՈՎՍԵՍ.- Ամեն անգամ, որ կանչում եմ քեզ, ասում ես՝ խե՞ր լինի, սիրտս տակն ու վրա է լինում։ Խնդրում եմ, էլ էդ մասին չհիշենք…
ՏԻԳՐԱՆ.- Մովսես… Ախր աչքս վախեցած է։
ՄՈՎՍԵՍ.- Էն օրերը վաղուց են անցել։
ՏԻԳՐԱՆ.- Բա մի շաբաթվա մեջ երկու սեւ թուղթ կբերե՞ն, տնաշենի տղա։
ՄՈՎՍԵՍ.- Հիմա էլ՝ փառք Աստծո, Աստված այն երկուսի կյանքը տվել է Աշոտիդ… Դու էլ ես մեղք, մոռացիր։
ՏԻԳՐԱՆ.- Նրանց կռիվը տարավ… Բա այս մեկի՞ն ինչ ասեմ։
ՄՈՎՍԵՍ.- (Հանելով ինչ-որ թղթեր)։ Դե, հիմա ո՞վ չի սեզոն գնում։ Մենակ քո՞ տղան է։ Փոստիս կեսը սեզոնից է գալիս։ Այ, ուրիշները սկի սա էլ չեն անում (ցույց է տալիս թուղթը), քոնը գոնե տեղդ գիտե, մեկ-մեկ փողից, բանից ուղարկում է։ Ստորագրիր, այ էստեղ։
ՏԻԳՐԱՆ.- Սա ի՞նչ է…
ՄՈՎՍԵՍ.- Փող է ուղարկել Աշոտը, փո՜ղ… Բա չեմ ասե՞լ՝ էլ շառի համար քո դուռը չեմ գա, ոտքս կոտրի, չեմ գա…
ՏԻԳՐԱՆ.- Չէ, չէ… Մովսես։
ՄՈՎՍԵՍ.- (Զարմացած)։ Ո՞նց թե… Ախր, Աշոտն է ուղարկել, տղադ։
ՏԻԳՐԱՆ.- Ես Աշոտ անունով տղա չունեմ։
ՄՈՎՍԵՍ.- Տիգրան քեռի…
(Լուսիկը երեւում է դռների մոտ)։
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան խնամի… Այդ ի՞նչ ես անում։
ԼՈՒՍԻԿ.- Ի՞նչ է եղել, Մովսես։
ՄՈՎՍԵՍ.- Լուսիկ ջան, բան չկա։ Էս թուղթը ստորագրիր, փող է, վերցրու, ես գնամ։
ԼՈՒՍԻԿ.- (Նայում է Տիգրանին)։ Մենք դրա կարիքը չունենք։ Ոնց բերել ես, Մովսես, այնպես էլ տար։
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան, այդպիսի բան մի արա, վերցրու։
ՏԻԳՐԱՆ.- (Վճռական)։ Ասացի՝ չեմ ուզում։ Վերջ։ Տղա, փող… Թող տանի մածնի տա, քսի գլուխը։
ՄՈՎՍԵՍ.- Գլուխ ունենար՝ էստեղ կլիներ, էլի։
ԼՈՒՍԻԿ.- (Տիգրանին)։ Հանգստացիր, հայրիկ։
ՄԻՀՐԱՆ.- Տղայիդ սիրտը մի կոտրիր, Տիգրան։
ՏԻԳՐԱՆ.- Բա որ իմ սիրտը միշտ կոտրած է պահում, լա՞վ է։ Ինձ տղա է հարկավո՞ր, թե փող։ Աչքումս մազ է բուսել, մինչեւ մեծացրել եմ։ Հիմա որտե՞ղ է, ինձ տուր՝ քեզ տամ։
ՄԻՀՐԱՆ.- Դե, որտեղ լինի, սաղ լինի…
ՏԻԳՐԱՆ.- Դու էլ ես էդպես ասում, Միհրան։ Ես ի՞նձ համար եմ ասում։ Բա Վահիկը… Բա էս աղջիկը… (Ցույց է տալիս հարսին)։ Քո քեֆը գալի՞ս է, որ… Ախր իմ տղան է, քո էլ փեսան։ Մի անգամ էլ դու ասա։ Ինձ ես խրատ կարդում։
ՄՈՎՍԵՍ.- Լավ, Տիգրան քեռի, դուք որոշեք, ես գնամ, էլի եմ գալու… (Գնում է)։ Փոստը բաժանեմ, գամ։ Ախ, Աշոտ…
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան, գործը քոնն է, բայց իմ կարճ խելքով արածդ սխալ է։
ՏԻԳՐԱՆ.- Իմ խելքը ինձ հերիք է, Միհրան։ Մարդը տուն-տեղ թողել, գնացել է։ Այս էլ քանի տարի է, հա՜…
ՄԻՀՐԱՆ.- Հիմա ո՞վ չէ սեզոն գնում։ Ամեն դատարկ բանի համար կրակ ես թափում։
ՏԻԳՐԱՆ.- Դատա՞րկ… Տեսնո՞ւմ ես, տան պատը ճաք է տվել, թողնենք պատի ճաքը հողին հասնի՞… Թողնենք օջախի ծուխը կտրի՞…
ՄԻՀՐԱՆ.- Ի՜նչ ծուխ, ի՜նչ բան… Այ Տիգրան խնամի, բան ասա, բան հասկանանք։ (Աղջկան)։ Այս մարդը ինչի՞ է փրփրել։ (Տիգրանը լուռ է)։
ԼՈՒՍԻԿ.- Երեկ իրիկուն մի մարդ էր եկել։ Ասում էր…
ՄԻՀՐԱՆ.- Ի՞նչ էր ասում։ Դե, խոսիր։
ԼՈՒՍԻԿ.- Ասում էր՝ Աշոտն է ուղարկել։ Ուզում էր մեր տունն առնել։
ՏԻԳՐԱՆ.- Բա դա տղամարդու բռնա՞ծ գործ է։
ՄԻՀՐԱՆ.- Տունն առնե՞լ։ Ոնց թե…
ՏԻԳՐԱՆ.- Դե եկ ու կրակ մի թափիր։
ՄԻՀՐԱՆ.- Լավ բան չի արել։ (Դադար)։ Տիգրան, տղա է, էլի։ Տունը ձեռքից հո չտվի՞նք։
ՏԻԳՐԱՆ.- Ասել է, ասել է… Ի՞նչ կա։ Տուն ծախողը հոգին էլ կծախի։ (Աշոտի հասցեին)։
ՄԻՀՐԱՆ.- Ո՞վ նրան այսպես փոխեց, չեմ հասկանում։
ՏԻԳՐԱՆ.- Միայն այն ես հասկանում, որ ամեն տեղ նույն արեւն է, նույն հողը, նույն ջուրը…
ՄԻՀՐԱՆ.- Էդպես չի՞։
ՏԻԳՐԱՆ.- Չէ, էդպես չի։ Հողն ուրիշ է, պապական հողը՝ ուրիշ։ Պիտի ամուր կանգնես, որ հողը ոտքիդ տակից չգնա։
ԼՈՒՍԻԿ.- (Միհրանին)։ Հայրիկ… (Հայացքով խնդրում է, որ չշարունակեն)։
ՄԻՀՐԱՆ.- Դե, դուք գիտեք… Ես այստեղացի չեմ։
ՏԻԳՐԱՆ.- Ամբողջ գիշեր աչքիս քուն չեկավ։ Բարձը քար էր դարձել գլխատակիս։ Էսօր տունն է ծախում, վաղն էլ…
ՄԻՀՐԱՆ.- Դե, ես բան չեմ ասում, Տիգրան… (Նահանջում է)։
ՏԻԳՐԱՆ.- (Վրդովված)։ Բա ասա, է, ասա՛… (Ցույց է տալիս ծառերը)։ Իմ որդիները… ահա… Տեսնո՞ւմ ես։ Կռիվ գնալիս են տնկել, ծախե՞մ սրանք… ծախե՞մ…
ԼՈՒՍԻԿ.- (Տիգրանի ձեռքը բռնում է)։ Խնդրում եմ, հայրիկ, նորից մի հուզվիր, պետք չէ, պետք չէ…
ՄԻՀՐԱՆ.- Մի ծախիր։ Ես ի՞նչ իմանամ, թե… Համ էլ ասացի (օձիքը թափ է տալիս) ես այստեղացի չեմ։
ՏԻԳՐԱՆ.- Երկու որդիներս կռվում չմնային, մեկն ու մեկը օջախիս տեր կկանգներ։ Հիմա որտե՞ղ են… (Կանչում է)։ Պարգեւ, Վազգեն… Չեն լսում, չեն գալիս, հող են դառել… Տղաս Աշոտն է մնացել։ Նա էլ… շուն-շան որդիություն է անում։
(Մի պահ լռություն է տիրում)։
ՄԻՀՐԱՆ.- Ինչ էլ լինի, էլի քո տղան է, Տիգրան։ Այդպես չի մնա, ջահել է, կհասկանա։ Գնանք, մի կտոր հաց ուտենք, կեսօր դառավ։
ՏԻԳՐԱՆ.- Էհ… (Ձեռքը թափ է տալիս, լուռ հետեւում նրան։ Գնում են Միհրանի տուն։ Լուսիկը ուզում է գնալ ներս, լսվում է Գարեգինի ձայնը)։
ԳԱՐԵԳԻՆ.- Լուսիկ, Լուսիկ…
ԼՈՒՍԻԿ.- (Մի պահ լռելով)։ Էլի՞… Քանի անգամ եմ խնդրել չերեւալ այս կողմում, Գարեգին։
ԳԱՐԵԳԻՆ.- Լուսիկ, խնդրում եմ, մի րոպեով…
ԼՈՒՍԻԿ.- (Մոտենում է նրան)։ Ասա…
ԳԱՐԵԳԻՆ.- Ես քաղաք եմ գնում, ժողովի…
ԼՈՒՍԻԿ.- Իսկ դա ինձ հետ ի՞նչ կապ ունի… Բարի ճանապարհ…
ԳԱՐԵԳԻՆ.- Ասում եմ՝ իմ փոխարեն այսօր դու… Բրիգադ է, մարդիկ են… հանկարծ մի բան չպատահի…
ԼՈՒՍԻԿ.- Ուզում ես պաշտոնդ մի օրով նվիրել, հա՞…
ԳԱՐԵԳԻՆ.- Կյանքս էլ կնվիրեմ…
ԼՈՒՍԻԿ.- Լսիր, Գարեգին, քո բրիգադում քանի՞ կին կա։
ԳԱՐԵԳԻՆ.- Երեսուն։ Ինձնից բացի բոլորը կանայք են։
ԼՈՒՍԻԿ.- Այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ դիմում, կյանքդ էլ, պաշտոնդ էլ հերթով նրանց նվիրիր…
ԳԱՐԵԳԻՆ.- (Զգալով ծաղրը)։ Էլի ծաղրում ես, Բա եղա՞վ, Լուսիկ, բա ես մարդ չե՞մ, բա ես սիրտ չունե՞մ։
ԼՈՒՍԻԿ.- Դու որ սիրտ ունես, ուրիշի սրտից էլ խոսիր է։
ԳԱՐԵԳԻՆ.-Ուրեմն ես քո մասին քիչ եմ մտածում, հա՞…
ԼՈՒՍԻԿ.- Ներիր ինձ, Գարեգին, բայց դու եսասեր մարդ ես։ Ամեն ինչում միայն քեզ ես տեսնում, աշխարհն էլ կվառես քո մի չնչին ցանկության համար։
ԳԱՐԵԳԻՆ.- Կաց… Լուսիկ… Կաց… Խնդրում եմ։ Բա դու իսկի չե՞ս հիշում մեր դպրոցական տարիները։
ԼՈՒՍԻԿ.- (Կանգնում է)։ Հիշում եմ։ Բայց ավելի լավ է՝ չհիշել։
ԳԱՐԵԳԻՆ.- Այն ժամանակ դու դեռ երեխա էիր, ես էլ կարգին տղամարդ չէի։ Գոնե հիմա լինի, Լուսիկ։
ԼՈՒՍԻԿ.- Մնացել է։ Դառնություն։
ԳԱՐԵԳԻՆ.- Դառնությո՞ւն։ Եթե այն դառնություն ես անվանում, ապա երջանկությա՞նը ինչ անուն ես տալիս, Աշո՞տ…
ԼՈՒՍԻԿ.- Այո, Աշոտ։
ԳԱՐԵԳԻՆ.- Նա՞… որ լքել է մեզ, ընտանիքը։ Գիտեմ։
ԼՈՒՍԻԿ.- Դու ոչինչ էլ չգիտես։ Ես տեսնում եմ, որ բոլորդ էլ նախատում եք նրան։ Բայց ընկնողի ձեռքից բռնում են։ Համենայն դեպս, Աշոտն այդպես կաներ։
ԳԱՐԵԳԻՆ.- Ես չեմ ասում Աշոտը վատն է։ Բայց նրա արարքը չեմ ընդունում։
ԼՈՒՍԻԿ.-Ձեր մեջ սարեր ու ձորեր կան, Գարեգին։ Ինչ էլ որ լիներ, նա քեզ պես չէր վարվի։
ԳԱՐԵԳԻՆ.- Դու նրան լավ չես ճանաչում։ Նա քեզ արժանի չէ։
ԼՈՒՍԻԿ.- (Հեռանալով)։ Չհամարձակվես։ Գնա ու էստեղ մի երեւա։ Վերջ։ Չեմ ուզում լսել։ (Գնում է Գարեգինը։ Բակում երեւում է Տիգրանը։ Տնից դուրս է գալիս Վահիկը)։
ՎԱՀԻԿ.- (Այլայլված է)։ Մայրի՛կ…
ԼՈՒՍԻԿ.- Վահի՞կ… Ինչ է պատահել, ինչու ես ունքերդ կախել։
ՎԱՀԻԿ.- (Ձեռքին վառիչն է)։ Ոչինչ, մայրիկ… պապիկն ո՞ւր է։
ԼՈՒՍԻԿ.- Այգում է… Այդ ի՞նչ է ձեռքիդ… Դու…
ՎԱՀԻԿ.- Չէ… Հայրիկի վառիչն է։ Իմ գրադարակում ընկած էր։
ԼՈՒՍԻԿ.- (Ափսոսանքի ու կարոտի դառն զգացումով)։ Հա… Ես եմ նվիրել նրան… Տուր ինձ, կկորցնես…
(Երեւում է Տիգրանը)։
ՎԱՀԻԿ.- (Չի տեսնում դեռ պապին)։ Մայրիկ… Ճի՞շտ է, որ մեր տունը ծախում ենք…
ՏԻԳՐԱՆ.- Ի՞նչ… Ո՞վ ասաց… Սուտ է։
(Լսվում է Շողերի ձայնը)։
ՇՈՂԵՐ.- Վահիկ…
ՎԱՀԻԿ.- (Դեպի այգու դուռն է նետվում), Շողեր…
ՇՈՂԵՐ.- Չգնա՞նք։
ՏԻԳՐԱՆ.- (Ժպտում է նրանց)։ Էդ ո՞ւր…
ՎԱՀԻԿ.- Մեծ սար, ծաղիկների…
ՏԻԳՐԱՆ.- Հա, նրանք հիմա բացվել, ձեզ են սպասում։
ՇՈՂԵՐ.- Երբ ամեն անգամ գարուն է գալիս, ինձ թվում է աշխարի ամենասիրուն ծաղիկները մեր սարերում են բացվում։
ՎԱՀԻԿ.- Նրանք ասես խոսում են նույնիսկ։
ՇՈՂԵՐ.- Իսկապես, Վահիկ, եթե լեզու ունենային, տեսնես ինչ կասեին նրանք։
ՏԻԳՐԱՆ.- Ինչ մարդիկ բարձրաձայն չեն կարողանում ասել, ծաղիկներն են ասում։ Նրանց հասկանալ է հարկավոր։
ՇՈՂԵՐ.- Տիգրան պապիկ, կախարդական ծաղիկները միայն հեքիաթներում չեն լինո՞ւմ։
ՎԱՀԻԿ.- Իհարկե, ոչ… Չէ՞, պապիկ։ (Պապիկին աչքով է անում)։
ՏԻԳՐԱՆ.- Մեծ սարում էլ են լինում։
ՇՈՂԵՐ.- Իսկ նրանք խոսո՞ւմ են։
ՏԻԳՐԱՆ.- Իսկ ով նրանց մոռանում է, նրանց չի հասկանում, խռովում են, թերթիկները թափվում են արցունքների պես։
ՎԱՀԻԿ.- Այ, տեսնո՞ւմ ես, Շողեր… Որ ասում եմ…
ՏԻԳՐԱՆ.- Գնացեք…Գնացեք, ծաղիկները ձեզ կանչում են։
ՇՈՂԵՐ.- Բա ի՞նչ գիտեն, որ ուզում ենք գնալ… (Ծիծաղում է)։
ՎԱՀԻԿ.- Սիրտ ունեն, լեզու ունեն։
ՇՈՂԵՐ.- Տիգրան պապիկ, իսկ դու նրանց լեզվով կարողանո՞ւմ ես խոսել։
ՎԱՀԻԿ.- Իհարկե, կարողանում է… Այ, ամեն օր իմ բերած ծաղիկների հետ խոսում է։ Ես տեսնում եմ, չէ՞, պապիկ…
ՏԻԳՐԱՆ.- Հա, հա… Գնացեք, նրանք ձեզ հետ էլ են խոսելու… Միայն թե… (Հուզվում է)։
ՎԱՀԻԿ.- Միայն թե՝ ի՞նչ…
ՏԻԳՐԱՆ.- Միայն թե՝ իրենց չմոռանաք, միշտ իրենց հետ լինեք…
ՎԱՀԻԿ.- Պապիկ, իսկ ծաղիկներն ի՞նչ են ասում։
ՏԻԳՐԱՆ.- Ինչ մարդիկ բարձրաձայն չեն կարողանում ասել, ծաղիկներն են ասում։
(Գնում են Վահիկն ու Շողերը։ Երեւում է Միհրանը)։
ՄԻՀՐԱՆ.- Այդ ո՞ւր գնացին երեխաները, Տիգրան…
ՏԻԳՐԱՆ.- Չգիտե՞ս, որ ամեն տարի գարունքվա առաջին ծաղիկները բերում Պարգեւիս ու Վազգենիս ծառերին են դնում…
ՄԻՀՐԱՆ.- Շողերն էլ լավ աղջիկ է, Գարեգինի փոքր քույրը… Գարեգինը՝ ո՜ւր, Շողերը՝ ո՜ւր… Մտածում եմ՝ մի ծառի երկու պտուղն էլ այդքան տարբեր կլինե՞ն…
ՏԻԳՐԱՆ.- Միհրան… (Նշանակալից դադար)։ Էս մատները ախր չեն շարժվում, է, ոնց որ չեն բռնում…
(Տիգրանը տնտղում է պատվաստած մատերը, հանկարծ կանգնում՝ սարսափը դեմքին)։
ՄԻՀՐԱՆ.- Քեզ ի՞նչ եղավ։ Տիգրան խնամի։
ՏԻԳՐԱՆ.- Միհրան, էս ի՞նչ անհաջողություն է։
ՄԻՀՐԱՆ.- Բա՞ն է պատահել։
ՏԻԳՐԱՆ.- Մատերը չեն բռնել, Միհրան…
ՄԻՀՐԱՆ.- (Շրջվում է, մյուս կողմով գալիս)։ Քո տունը շինվի, ես էլ ասեմ՝ ինչ է եղել… Այ մարդ, մատեր են էլի, նորերը կդնես, ոսկի ե՞ն։
ՏԻԳՐԱՆ.- (Դեմքը հենում է մի ծառի)։ Դրանք ուրիշ մատեր էին։ Ախ, Աշոտ, Աշոտ…
ՄԻՀՐԱՆ.- Էլի՝ Աշո՞տ… Նա ինչ մեղք ունի, թե մատերը չեն բռնել…
ՏԻԳՐԱՆ.- Չէ, Միհրա՛ն, դու չգիտես, նա որ էստեղ լիներ՝ մատերը կբռնեին… Հա, հա… Ես գիտեմ, որ կբռնեին։ Ախր, մատերը դեռ չբռնած, նա տուն-այգի ծախելու մասին խոսեց… Բա դա հողը կվերցնի՞… Բա դա հողը կների՞…
ՄԻՀՐԱՆ.- Երեխա ես եղել, ես չեմ իմացել… Այ մարդ, դա հալեվորի զրո՞ւյց է…
(Քայլում են. Տիգրանը դեպի իր տունը, Միհրանը՝ իր)։ Չմտածես դրա համար։ Նոր մատեր կբերեմ…
ՏԻԳՐԱՆ.- (Գլխիկոր, չորացած մատերը ձեռքին մի պահ կանգնում է, լռում)։ Մատերը չբռնեցին… Չէ…

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Փողոց։ Հեռվից գալիս է Մովսեսը՝ պայուսակն ուսին։ Նրան նկատելով, կանգնում է Գարեգինը, սպասում։
ՄՈՎՍԵՍ.- (Մոտենալով Գարեգինին)։
Բարեւագիր, սիրելիներ,
Նախ եւ առաջ՝ բարեւս ձեզ։
Թե ինձանից կուզեք հարցնել,
Նամակներ չեմ բերել ես…
ԳԱՐԵԳԻՆ.- Գիտեմ, որ չես բերել։
ՄՈՎՍԵՍ.- Այ տղա, որ գրեն, բերելը՝ ինձ դուրս եկ։ Հո ի՞նքս չեմ գրելու…
ԳԱՐԵԳԻՆ.- Գրելում լավ ես, կգրես… Բայց որ ինձ է գալիս՝ ձեռքդ դողում է։ Այնքան տարվա ընկերներ ենք, չի՞ լինի մի-մի ոտանավոր էլ իմ մասին գրես։
ՄՈՎՍԵՍ.- Ախր, գիտե՞ս, դու ոտանավորի համար հարմար «նյութ» չես։ Հետո էլ՝ հիմա ես չեմ գրում, է… Այն էլ մի ժամանակ էր, բանտում էի, գրեցի…
ԳԱՐԵԳԻՆ.- Բանտո՞ւմ…
ՄՈՎՍԵՍ.- Ի՞նչ է, նոր ե՞ս լսում։
ԳԱՐԵԳԻՆ.- Չէ, բայց ինչո՞ւ բանտարկեցին քեզ…
ՄՈՎՍԵՍ.- (Նստելով մի քարի վրա, հառաչում է)։ Դա երկար պատմություն է։
ԳԱՐԵԳԻՆ.- Էլի…
ՄՈՎՍԵՍ.- Բաղունց Սերոժին ճանաչո՞ւմ ես։
ԳԱՐԵԳԻՆ.- Է՞ն, որ Ռոստովում կոշկի խանութի վարիչ է…
ՄՈՎՍԵՍ.- Հա, ապրես… Էն, որ հոր համար մի զույգ կոշիկ էլ չէր ուղարկում…Դե հիմա լսիր։ Որ հարցրել ես, պիտի ասեմ։ Նրա հորը լա՞վ ես ճանաչում։ Ոսկի մարդ էր։ Շատ էր հարցնում՝ բա Սերոժը նամակ չի գրե՞լ… Սերոժն էլ չէր գրում։ Մի օր ոտքս Ռոստով ընկավ։ Ասի՝ սրանից էլ լավ բա՞ն։ Գնամ, մի նամակ վերցնեմ, խեղճ մարդուն ուրախացնեմ։ Եվ՝ ի՞նչ լինի, որ լավ լինի…
ԳԱՐԵԳԻՆ.- Ասա…
ՄՈՎՍԵՍ.- Գնացի խանութ։ Սերժիկն ինձ չընդունեց, ասաց վաղն արի, ապրանք են ստանում, զբաղված եմ։
ԳԱՐԵԳԻՆ.- Դե, նրանց րոպեները հաշված են, ի՞նչ անես։ Մի մեղադրի…
ՄՈՎՍԵՍ.- Դու վերջը լսիր…Րոպեները հաշված են։ Ի՞նչ է, որ փոստատար եմ, ես րոպե չունե՞մ… Դու էլ բան ասացիր…
ԳԱՐԵԳԻՆ.- Հա, վերջը, գնացի՞ր մյուս օրը։
ՄՈՎՍԵՍ.- Բա չգնացի՞։ Այս անգամ էլ, տես, որ չի ճանաչում։ Ասում է՝ ով ես։ Փոստատար Մովսեսը՝ ասում եմ։ Էլի չի ճանաչում։ Գլուխդ ինչ ցավացնեմ, ասացի՝ թե ինչու եմ եկել։ Սա չլսեց, ուզում էր ինձ գլխից ռադ անել։ Որ ոտքս մի քիչ կախեցի, հիմա էլ փորձեց դուրս քշել։ Դե ես էլ… չհամբերեցի ու տարաբերի… Մի լավ տվի…
ԳԱՐԵԳԻՆ.- Ո՞նց թե… Ինչպե՞ս…
ՄՈՎՍԵՍ.- Չլսեցի՞ր։
ԳԱՐԵԳԻՆ.- Լսեցի, բայց լավ չհասկացա։
ՄՈՎՍԵՍ.- (Կանգնելով)։ Մի արի այստեղ։
ԳԱՐԵԳԻՆ.- (Մոտենում է)։ Հը։
ՄՈՎՍԵՍ.- Դու Սերժիկն ես։ Ասում ես՝ դուրս գնա իմ խանութից։ Ասա, ի՞նչ ես պապանձվել…
ԳԱՐԵԳԻՆ.- Քե՞զ…
ՄՈՎՍԵՍ.-Բա էլ ո՞ւմ։ Ասա՛։
ԳԱՐԵԳԻՆ.- Դուրս գնա։
ՄՈՎՍԵՍ.- (Ապտակում է Գարեգինին)։ Ես գնա՞մ… Դու սատկում ես հորդ մի թուղթ գրես, ես գնա՞մ… Հարամ լինի՝ նրա տված հացով ես մարդ դարձել։ Հիմա ինձ էլ չես ճանաչում… Դե հիմա փոստատար Մովսեսին ճանաչիր… Խանութի վարիչ… Մեծ բան է…
ԳԱՐԵԳԻՆ.- (Դեմքը բռնած, զարմացած նայելով)։ Այս ի՞նչ արիր, Մովսես… Ախր ես Գարեգինն եմ… Ես Սերժիկ չեմ։
ՄՈՎՍԵՍ.- Բան չկա, դու էլ ես արժանի…
ԳԱՐԵԳԻՆ.- (Թաշկինակը դնում է գրպանում)։ Կատակելն էլ չգիտես…
ՄՈՎՍԵՍ.- Հա… հետո էս Սերժիկը զանգեց… Եկան, քննեցին եւ… 15 օրով էլ նստեցրին։
ԳԱՐԵԳԻՆ.- Լավ արեցին…
ՄՈՎՍԵՍ.- Դե, առաջներում բոլոր մեծ գրողները բանտում էին գրում։ Ասի՝ ամոթ է, որ ես չգրեմ… Եվ մուսայիս կանչեցի, եկավ։
ԳԱՐԵԳԻՆ.- Չեմ հասկանում, Մովսես, դե որ գլուխդ այդպես աշխատում է, գրող դառնայիր, էլի, քո ի՞նչ գործն էր փոստատար լինելը…
ՄՈՎՍԵՍ.- Ինձ համար փոստատարից մեծ պաշտոն չկա աշխարհում։ Ինձ ժողովուրդն է փոստատար կնքել, երբ ես… մի մատ երեխա էի։
ԳԱՐԵԳԻՆ.- Ի՞նչ է, ուրիշ փոստատար չկա՞ր գյուղում։
ՄՈՎՍԵՍ.- (Կարծես ինքն իր հետ էր խոսում)։ Պատերազմ էր։ Ցավերը շատ, հոգսերը շատ… Իրար հետեւից «սեւ թղթեր» էին գալիս, հա՜… Հին փոստատարը մի ոտքանի մարդ էր, սիրտը չդիմացավ… Ոչ ոք չէր համարձակվում «սեւ թղթերը»տերերին հասցնել… Ընդամենը 11 տարեկան էի… մի օր կանչեցին, թե տար բաժանի… Ու սկսեցի նամակներ տանել, նամակներ բերել…
ԳԱՐԵԳԻՆ.- Պատերազմից հետո գործդ փոխեիր։
ՄՈՎՍԵՍ.- Չուզեցի։ Մարդկանց շատ էի տխրեցրել, ասացի հիմա էլ ուրախ լուրեր տանեմ… Պարտք էի…
ԳԱՐԵԳԻՆ.- Որ այդպես է, ինչո՞ւ ինձ համար մի ուրախ լուր չես բերում։ Գոնե մի ոտանավոր գրեիր իմ մասին։
ՄՈՎՍԵՍ.- Չէ, Գարեգին… Քոնն ուրիշ է։ Գրելիս թանաքս ջուր կդառնա։
ԳԱՐԵԳԻՆ.- Հասկացանք։ Է, ո՞վ է իմ լավությունը հիշում, որ դու հիշես։ Մոռանում ես, որ քեզ փոստատար դարձնողը ես եմ, ես…
ՄՈՎՍԵՍ.- Էդ ո՞նց։
ԳԱՐԵԳԻՆ.- Օրը հինգ նամակ էիր տանում մեր դասարանցի Գոհարին։ Այն ժամանակ էի զգում, որ տաղանդավոր փոստատար կլինես։
ՄՈՎՍԵՍ.- Դե, այն ժամանակ ուրիշ էր։ Աշոտն էլ իմ նամակներն էր տանում։ Երեխաներ էինք…
ԳԱՐԵԳԻՆ.- Բոլորը ցրվեցին, գնացին։ Աշոտն էր մնացել մեզ մոտ, նա էլ քոչեց։
ՄՈՎՍԵՍ.- Գարեգին, անունը տվինք, միտս ընկավ։ Գիտե՞ս, նա ինձ նամակ է գրել։
ԳԱՐԵԳԻՆ.- Որ՝ ի՞նչ…
ՄՈՎՍԵՍ.- Ասում է՝ փող եմ ուղարկել հորս, հետ է եկել։ Ի՞նչ է պատահել… Հետո, գիտե՞ս, նամակից երեւում է, որ էնտեղ ավելի սիրուն կնոջ ճանկ է ընկել։ Մի բերան էլ Լուսիկից է հարցնում։
ԳԱՐԵԳԻՆ.- Դե, Աշոտն այդպիսի տղա է… Կինը նրա համար, ոնց որ ասում են, դեֆիցիտ չէ։ Հիմա ի՞նչ ես պատասխանելու։
ՄՈՎՍԵՍ.- Դե, ինչ գրեմ, չգիտեմ։ Որ սեզոնչիկի կինը հրաժարվում է ամուսնու նամակին պատասխանել, ամուսինները ինձ են դիմում։
ԳԱՐԵԳԻՆ.- Փոստատարը դու ես, ո՞ւմ դիմեն։
ՄՈՎՍԵՍ.- դե, փոստատար եմ, սեզոնչիկների կանանց բյուրոյի նախագահ չե՞մ։ Շան տղերք, ես որ սեզոն չեմ գնում, մեռնում ե՞մ։ Դեռ կանանց էլ մեղադրում ենք։
ԳԱՐԵԳԻՆ.- (Մովսեսի ականջին)։ Իրենք էնտեղ են սեզոն անում, իրենց կանայք՝ էստեղ…
ՄՈՎՍԵՍ.- Խիղճդ կորցնես ու տակից-գլխից, ինչ բերանդ է գալիս, գրես։
ԳԱՐԵԳԻՆ.- Չէ, այդպիսի բաների հետ գործ չունես, Մովսես։ Քեֆս լավ չէ, արի գնանք մեր տուն։ Մի քիչ զրույց անենք։
ՄՈՎՍԵՍ.- Չէ, չէ… փոստը բաժանեմ, հետո…
ԳԱՐԵԳԻՆ.- Երկաթը տաք-տաք կծեծեն, Մովսես։ Դեռ մի լավ էլ թթի արաղ կխմենք։
ՄՈՎՍԵՍ.- Արա՞ղ…
ԳԱՐԵԳԻՆ.- Հա։ Գիտե՞ս ինչ բան է։
ՄՈՎՍԵՍ.- (Համաձայնում է)։ Հո շաքար-բան չկա՞ խառնած։
ԳԱՐԵԳԻՆ.- Բա ես անմաքուր օղի կպահե՞մ։ Քյահրիբար։
ՄՈՎՍԵՍ.- Եկ, Գարեգին… Դեհ, քեզանից պրծնել չկա, գնացինք։
(Գնում են Գարեգինի տուն։ Երեւում են Վահիկը եւ Շողերը)։
ՇՈՂԵՐ.- Բայց դու այդպես էլ չասացիր՝ ինչո՞ւ ես տխուր։
ՎԱՀԻԿ.- Ես էլ չգիտեմ։
ՇՈՂԵՐ.- ՈՒրեմն՝ թաքցնում ես ինձանից։
ՎԱՀԻԿ.- Գիտե՞ս… Շողեր…
ՇՈՂԵՐ.- Հը…
ՎԱՀԻԿ.- Պապիկս հիվանդ է։
ՇՈՂԵՐ.- Բժիշկ կանչե՞լ եք։
ՎԱՀԻԿ.- Բժիշկը ոչինչ չկարողացավ ասել։
ՇՈՂԵՐ.- Ինքը չի՞ ասում՝ ինչից է։
ՎԱՀԻԿ.- Դե, մենք էլ գիտենք։
ՇՈՂԵՐ.- Ինչի՞ց է։
ՎԱՀԻԿ.- Տնկած մատները չորացել են այգում, չեն բռնել։
ՇՈՂԵՐ.- Դրանի՞ց… (Փորձում է ծիծաղել)։ Լավ, թող կատակներդ։
ՎԱՀԻԿ.- Ես չեմ կատակում, Շողեր…
ՇՈՂԵՐ.- Իսկ ինչո՞ւ են չորացել։
ՎԱՀԻԿ.- Որովհետեւ հայրիկն այստեղ չէ։
ՇՈՂԵՐ.- Չեմ հասկանում։
ՎԱՀԻԿ.- Պապիկն ասում է, որ Աշոտն այստեղ լիներ, ամեն ինչ իր տեղով կգնար։ Ճիշտ է ասում։
ՇՈՂԵՐ.- Իսկ դու գրիր, թող հայրդ գա։
ՎԱՀԻԿ.- Քննություններն ավարտեմ, ինքս կգնամ ու կխոսեմ։
ՇՈՂԵՐ.-Լավ։ Ես գնամ։ Ցտեսություն։ (Գնում է)։ Երեկոյան քննության հարցաթերթիկները կբերեմ։
ՎԱՀԻԿ.- Ցտեսություն։ (Մտնում է տուն)։ Սպասելու եմ։ (Երեւում են Մովսեսն ու Գարեգինը։ Կոնծել են)։
ԳԱՐԵԳԻն.- Տես, խոսքը խոսք է։
ՄՈՎՍԵՍ.- Հենց այսօր ուղարկում եմ։ Այ, հենց հիմա։ Բայց կհավատա՞։
ԳԱՐԵԳԻՆ.- (Կամաց)։ Երեխա չես։ Աշոտն այնտեղ կին էլ ունի, տուն էլ։ Մի առիթի է սպասում, որ ասի՝ տեսեք-տեսեք, ես մեղավոր չեմ, կինս էր աննամուս…
ՄՈՎՍԵՍ.- Գարեգին, ախր, սխալ բան ես նամակում գրել։ Բա Լուսիկը քեզ սկի բանի տեղ չի դնում, իսկ դու ասում ես… Ամա, ինչ լավ էլ գրել ես… (Օրորվում է)։
ԳԱՐԵԳԻՆ.- Որ այդ գործն էլ գլուխ եկավ… Մաղարիչդ՝ ինչ ուզես…
ՄՈՎՍԵՍ.- Լսիր, Գարեգին, յանի իսկապե՞ս սիրում ես։
ԳԱՐԵԳԻՆ.- Հա՛, հա՛։
ՄՈՎՍԵՍ.- Ասա՝ քո արեւը՞։
ԳԱՐԵԳԻՆ.- Ուրեմն՝ չե՞ս հավատում։
ՄՈՎՍԵՍ.- Ախր, շուտ-շուտ ես սիրահարվում, Գարեգին, քո սերը սարով է, ձորով է, սկի չի վերջանո՞ւմ։ Որտեղ մի սիրուն կին ես տեսնում, սերդ բռնում է։ Է, դա փեշակ չէ։
ԳԱՐԵԳԻՆ.- Չէ, Լուսիկն ուրիշ է։
ՄՈՎՍԵՍ.- Ախր, ես մի կին ունեմ ամբողջ կյանքում, էլի չեմ կարողանում քո ասած սիրել։ Իսկ քեզ… Կես կինն էլ է քեզ հերիք…
ԳԱՐԵԳԻՆ.- Գնա, Մովսես, տեսնող կլինի, գնա՝ ուղարկիր։
ՄՈՎՍԵՍ.- Հա, գնամ։ Սաղ լինես։ (Մի քիչ քայլում է օրորվելով, ապա կանգնում)։ Գարեգին։
ԳԱՐԵԳԻՆ.- Հը՞։
ՄՈՎՍԵՍ.- Բա որ Աշոտը հանկարծ գա… ո՞վ է պատասխան տալու։
ԳԱՐԵԳԻՆ.- Նա այստեղ ոտք չի դնի։ Բանը բանից անցած է։
ՄՈՎՍԵՍ.- (Նորից ետ է գալիս)։ Գարեգին, յանի իսկապես քո եւ Լուսիկի միջեւ մի բան… մի բան եղե՞լ է…
ԳԱՐԵԳԻՆ.- Մովսես, դու ո՞նց ես կարծում։ Կինն էլ մարդ է։ Նա էլ սիրտ ունի, չէ՞, թե կարծում ես հենց էնպես… Օդո՞վ է ապրում։
ՄՈՎՍԵՍ.- Չէ, չեմ հավատում… Գարեգին, Լուսիկն այդպիսին չէ։ Ամա որ գրել ես, կուղարկեմ, գնացի։ (Գնում է երգելով)։
Բարեւագիր, սիրելիներ,
Նախ եւ առաջ՝ բարեւս ձեզ,
Թե ինձանից կուզեք հարցնել,
Նամակներ եմ բերել ես։
(Գարեգինը հեռանում է փոքր-ինչ օրորվելով)։

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

(Տիգրանը անհանգիստ է։ Պատշգամբում երեւում է Լուսիկը)։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ…
ՏԻԳՐԱՆ.- Գլուխս կորցրել եմ։ Ասում եմ՝ գնամ…
ԼՈՒՍԻԿ.- Որտեղ։
ՏԻԳՐԱՆ.- Աշոտի մոտ, ախր մինչեւ երբ կարելի է այդպես շարունակել։
(Դադար)։ Հա, երեկ ինչի էր կանչել սովխոզի դիրեկտորը։
ԼՈՒՍԻԿ.- Ասում էր՝ ամուսնուդ հեկտարները հանձնիր ուրիշի, մինչեւ ե՞րբ ես խնամելու։ Համ գործն է տուժում, համ դու ես մեղք…
ՏԻԳՐԱՆ.- Հանձնեցի՞ր։
ԼՈՒՍԻԿ.- Չէ, ասացի մի քիչ էլ սպասենք։
ՏԻԳՐԱՆ.- Լավ ես արել, Լուսիկ։ Ես էլ կօգնեմ։ Չենք թողնի, որ հողը նեղանա։
ԼՈՒՍԻԿ.- Մեկ է՝ Աշոտի ուշքը մեզ վրա չէ։ Հողը ծարավից ճաք-ճաք է լինում։ Դե նա էլ մարդ չէ, որ դիմանա։
ՏԻԳՐԱՆ.- Բա այդքանը Աշոտը չի զգո՞ւմ։
ԼՈՒՍԻԿ.- Զգում է, բայց…
ՏԻԳՐԱՆ.- Ի՞նչ բայց…
ԼՈՒՍԻԿ.- Ասում եմ՝ որ մենք…
ՏԻԳՐԱՆ.- Պարզ ասա միտքդ…
ԼՈՒՍԻԿ.- …
ՏԻԳՐԱՆ.- Ուրեմն դու էլ ես այդպես մտածո՞ւմ։ (Հուզված)։
ԼՈՒՍԻԿ.- Չէ, հայրիկ։ Մեր ընտանիքը չքանդելու համար եմ ասում։ Այսպես ինչի՞ նման է։
ՏԻԳՐԱՆ.- Բանի նման չէ, բայց դե… Պապական խոսք է։ Ասում են՝ մենակ քոչես՝ մենակ չկորչես, տնով քոչես՝ տնով չկորչես։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ… Դե ինքդ ասա, ես ինչպե՞ս վարվեմ։ Բոլորը վրաս ծիծաղում են։ Ամաչում եմ մարդկանց երեսին նայել՝ ինչո՞ւ, ախր։ Գոնե որդու մասին մտածեր։
(Հանկարծ ներս է ընկնում Վահիկը, ձեռքին մի ծրար)։
ՎԱՀԻԿ.- Մայրիկ, նամակ հայրիկից, Մովսես քեռին տվեց։
ԼՈՒՍԻԿ.- (Ուրախացած առնում, բացում է ծրարը։ Մի քանի տող ընթերցելուց հետո նամակը գցում է, սկսում հեկեկալ)։ Սուտ է…
ՏԻԳՐԱՆ.- (Վախեցած վերցնում է նամակը)։ Ի՞նչ եղավ, Լուսիկ։
ԼՈՒՍԻԿ.- (Ձեռքից խլում է նամակը)։ Մի կարդա, հայրիկ, խնդրում եմ, մի կարդա…
ՏԻԳՐԱՆ.- Լուսիկ, Աշոտին հո բա՞ն չի պատահել։
ԼՈՒՍԻԿ.- Չէ, հայրիկ…Ստոր բամբասանք է…
ՏԻԳՐԱՆ.- Սրբիր աչքերդ, ամոթ է։ Հո աշխարհի վերջը չէ, տնաշենի աղջիկ։ Վահիկ ջան, դու գնա խաղալու… Գնա, բալա ջան։ (Վահիկը դուրս է գնում։ Տիգրանը վերցնում է նամակը։ Լուռ ընթերցում է, խոժոռվում, մեկ հարսին նայում, մեկ նամակին, նամակը նետում մի կողմ)։ Թյուհ, աննամուս շան որդի։ Սեզոնի վերջն էլ սա է։
-ԼՈՒՍԻԿ.- (Տիգրանի վզովն է ընկնում)։ Հայրիկ, դու ինձ հավատո՞ւմ ես, ասա, դու ինձ հավատո՞ւմ ես… Ես նրան քշել եմ այստեղից, ես այս տան պատիվը երբեք գետնով չեմ տա, հայրիկ։ Բայց… այսուհետեւ այստեղ չեմ մնա…
ՏԻԳՐԱՆ.- Ես քո սիրտն էլ գիտեմ, քո սրտինն էլ։ Իսկ Աշոտը թե չի ուզում՝ թող չգա։
ԼՈՒՍԻԿ.- Ոչ, դա Աշոտը չէ… Դա Աշոտը չէ…
(Լուսիկը պատրաստվում է դուրս գնալ)։ Հայրիկ, ես այստեղ մնալ չեմ կարող։
ՏԻԳՐԱՆ.- (Բարկացած)։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Քո տունն այստեղ է։ Իսկ թե Աշոտը կարող է հավատալ ամեն բամբասանքի, թող անունը մեզնից վերցնի։
ԼՈՒՍԻԿ.- (Մտքում վերհիշում է նամակի տողերը). «Հայրիկ, ներիր, բայց այլեւս աչքիս խորթացան տունս ու ամեն ինչ»։ (Մտնում է տուն)։
ՏԻԳՐԱՆ.- Մարդ էլ իր ձեռքով տունը քանդի՞։ Դա տեսնված բան է՞։ (Մտնում է, ձեռքը դնում է հարսի գլխին։ (Երեւում է Վահիկը։ Այլայլված է)։
ՎԱՀԻԿ.- Պապիկ…
ՏԻԳՐԱՆ.- (Վախեցած մոտենում է, բռնում թոռնիկի ձեռքը)։ Ի՞նչ է պատահել, Վահիկ։
ՎԱՀԻԿ.- Պապիկ…
ՏԻԳՐԱՆ.- Ասա, ինչ է եղել։
ՎԱՀԻԿ.- Բա հայրիկը պատիվ չունի՞։
ՏԻԳՐԱՆ.- Ինչ ես ասում, Վահիկ ջան։
ՎԱՀԻԿ.- Ես չեմ ասում։ Գյուղն է խոսում։
ՏԻԳՐԱՆ.- Ի՞նչ է խոսում։
ՎԱՀԻԿ.- Ասում են՝ Աշոտը փողի ետեւից է ընկել, տան անունը գյուղի բերանը գցել։
ՏԻԳՐԱՆ.- Ի՞նչ…
ՎԱՀԻԿ.- Ես ուզում եմ գնալ-խոսել նրա հետ։
ՏԻԳՐԱՆ.- (Նստում է թոռնիկի մոտ, գլուխը շոյում)։ Չէ, Վահիկ ջան։ Դա քո բանը չէ… Այ, ես կգնամ ու կխոսեմ հետը։
(Նրանց մոտենում է Շողերը)։
ՇՈՂԵՐ.- Վահի՞կ… Բարեւ, Տիգրան պապի։
ՏԻԳՐԱՆ.- Շողեր։
ՇՈՂԵՐ.- Կինո պիտի գնայինք Վահիկի հետ։
ՏԻԳՐԱՆ.- Այդ ի՞նչ կինո է, աղջիկ ջան։
ՇՈՂԵՐ.- Չեմ տեսել։ Ասում են լավն է։ Այ, ես որ մեծանամ՝ կինոդերասանուհի եմ դառնիալու։
ՏԻԳՐԱՆ.- Կինոդերասանուհի՞… Բա դո՞ւ ինչ կուզենայիր դառնալ, Վահիկ ջան։
ՎԱՀԻԿ.- Ե՞ս… Տիգրան պապիկ։
ՇՈՂԵՐ.- (Ծիծաղելով)։ Դե, գնանք, Վահե, գնանք։
(Տիգրանը համբուրում է Վահիկը ճակատը։ Նրանք հեռանում են։ Տիգրանը ջարդված քայլերով մոտենում է պատշգամբին, կանչում Լուսիկին)։
ՏԻԳՐԱՆ.- Լուսիկ, Լուսիկ…
ԼՈՒՍԻԿ.- (Ներսից)։ Լսում եմ, հայրիկ… (Դադար)։ Ինչ կա…
ՏԻԳՐԱՆ.- Ես պիտի գնամ։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ…
(Ներս է մտնում Միհրանը)։
ՄԻՀՐԱՆ.- Բարի երեկո, Տիգրան խնամի, ո՞ւր էս ժամին… Վայ թե ուզում ես…
ՏԻԳՐԱՆ.- Հա, պիտի գնամ, իմ աչքով տեսնեմ, խոսեմ… Որ մեռնեմ էլ՝ սրտումս դաղ չմնա։
ՄԻՀՐԱՆ.- Դե էլ ինչ՝ հը։
ՏԻԳՐԱՆ.- Ասում եմ՝ ո՞նց ես կարծում։
ՄԻՀՐԱՆ.- (Մոտենում է)։ Դե, ինչ ասեմ։ Ես այստեղացի չեմ։
ՏԻԳՐԱՆ.- (Բռնկվում է)։ Բա եղավ, Միհրան խնամի, էլի՞… Ախր, մարդ պիտի էս մեծ աշխարհում մի տեղացի լինի՞, թե չէ։ Բա Աստված քեզ խելք չի տվե՞լ, ասածներիդ մասին մտածես։
ՄԻՀՐԱՆ.- Էհ, շատ խելքն էլ գլխացավանք է… Բա լավ, ինչո՞ւ հանկարծ որոշեցիր գնալ…
ՏԻԳՐԱՆ.- Լցված եմ, Միհրան, ինձ մի խոսեցրու, կպայթեմ, ինձ էլ, քեզ էլ, աշխարհն էլ, ամեն ինչ կխառնեմ։
ՄԻՀՐԱՆ.- Նոր բան կա՞։
ՏԻԳՐԱՆ.- Ցավերս քիչ էին կարծես…
ՄԻՀՐԱՆ.- (Նստում է նստարանին)։ Նստիր, նստիր, տեսնեմ։
ՏԻԳՐԱՆ.- Ասելու բան է, որ ասեմ։
ՄԻՀՐԱՆ.- Ասա խոսքդ, ասա։
ՏԻԳՐԱՆ.- Գրել են, թե իբրեւ Լուսիկը…
ՄԻՀՐԱՆ.- Իբրեւ ի՞նչ։
ՏԻԳՐԱՆ.- Որ հարսիս աչքը դուրսն է։
ՄԻՀՐԱՆ.- Ի՞նչ… (բարձրանում է)։ Էդ էլ վերջին պատիվս, հա՞։
ՏԻԳՐԱՆ.- (Փեշից ձգում, նստեցնում է)։ Կամաց, քո ցավը իմից մեծ չէ։
ՄԻՀՐԱՆ.- Աչքն էլ են հանում Լուսիկի, քանի՞ անգամ եմ ասել՝ դու Աշոտով մարդատեր չես, արի մեր օջախում վեր ընկիր։
ՏԻԳՐԱՆ.- ՈՒրեմն՝ ես օջախ չունե՞մ։
ՄԻՀՐԱՆ.- Դե որ ունես, էլ ո՞ւր ես գնում։
ՏԻԳՐԱՆ. – Միհրան խնամի, էս գիշեր դու թարս ես քնել։ Բա մարդուն էդպես կճանապարհե՞ն։
ՄԻՀՐԱՆ.- Որ ինչ։ Որ… զոռով գնաս բերես, էլ նա տան մարդ դառա՞վ…Թքել եմ դրա նամուսին։ Իմ աղջիկը որ նամուս ունենա… մի օր էլ չի մնա նրա տանը։
ՏԻԳՐԱՆ.- Քո աղջիկն է, իմ էլ հարսը, ամոթ է։ Բա քանի տարի է, ես տանջվում եմ, ինչո՞ւ մի անգամ դու փեսայիդ մի բան չասացիր։ Գլխին ավետարան էիր կարդում՝ սեզոնը լավ է, մեքենա կառնես, փողը ձեռքից չեն տա… Հիմա էլ այստեղացի չես…
(Ճամփորդական պայուսակը ձեռքին դուրս է գալիս Լուսիկը)։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ, հիմա գնո՞ւմ ես…
ՏԻԳՐԱՆ.- Գնում եմ, Լուս ջան, գնում եմ։
ՄԻՀՐԱՆ.- Աշոտը ոչխա՞ր է, որ բերես։ (Լուսիկին)։ Էհ, բավական է, դու էլ ինչ ունես-չունես հավաքիր, եկ մեր բրիշակը։
ԼՈՒՍԻԿ.- Չէ, հայրիկ…
ՄԻՀՐԱՆ.- Էլի՝ «չէ՞»…
ԼՈՒՍԻԿ.- Խնդրում եմ, այդպես մի խոսիր, հայրիկ։
ՄԻՀՐԱՆ.- Թե չեկար՝ էլ Լուսիկ անունով աղջիկ չունեմ։ Ժամանակին լսեիր ինձ, էդ ցեխն էլ քեզնով չէին տա։
ԼՈՒՍԻԿ.- Ես անմեղ եմ, մեկ է, ես մեղք չունեմ։
ՏԻԳՐԱՆ.- Մարդու ներսը որ մաքուր է լինում, դրսից ինչքան էլ ցեխ կպցնեն, չի բռնի, Միհրան։
ՄԻՀՐԱՆ.- Որ ինձ չի լսում, որ չի գալիս, էդ դու, էդ էլ ինքը, էլ ես աղջիկ չունեմ։ (Շրջվում է, որ գնա)։
ԼՈՒՍԻԿ.- Ես ոչ աղջիկ եմ, ոչ հարս, ոչ էլ կին… (Լացի միջից)։
ՄԻՀՐԱՆ.- Արի… խելքդ հավաքիր, արի։
ՏԻԳՐԱՆ.- (Մոտենում, համբուրում է հարսի ճակատը, աչքերը սրբում)։ Աղջիկ ջան, լաց մի լինի, ներս գնա։ Քո տունն այստեղ է։ Վահիկին լավ նայիր։ Ես գնացի։
(Միհրանը քթի տակ խոսելով գնում է դեպի իր տան բակը)։
ՄԻՀՐԱՆ.- Աշխարհն էլ քանդվի, ոչ ոք չի հավատա, որ իմ աղջիկը մեղք է արել։
ՏԻԳՐԱՆ.- Այ, էդպես խոսիր, խնամի, ասեմ՝ հա։
ՄԻՀՐԱՆ.- Բա լավ, էդ սուտը ո՞վ տարավ-հասցրեց։
ՏԻԳՐԱՆ.- Սուտը փուչ է լինում, որ աշխարհի մի ծայրում զրնգում է՝ մյուս ծայրում լսում են ձայնը։ (Մի պահ լռում է)։ Միհրա՛ն։
ՄԻՀՐԱՆ.- (Ետ շրջվելով)։ Ի՞նչ է։ (Խեղճ-խեղճ)։
ՏԻԳՐԱՆ.- Էլի խռովեցի՞ր։ Բա էլ չենք կռվելո՞ւ, չենք հաշտվելո՞ւ։ Հը՞… Ասում եմ… Աչքդ տան վրա պահիր։
ՄԻՀՐԱՆ.- Էլ աչք թողեցի՞ն… Էլ աչքիս բան է երեւո՞ւմ։
ՏԻԳՐԱՆ.- Շատ չեմ ուշանա, ուշքս տան վրա է։
ՄԻՀՐԱՆ.- Տունկերը ջրովի՞ են։
ՏԻԳՐԱՆ.- Հա, օրը երկու անգամ առուն կողքովը տար։ Որ դրանք էլ չորացան… Հոնին էլ ջրիր…
ՄԻՀՐԱՆ.- Ո՞ր հոնի…
ՏԻԳՐԱՆ.- Մեծ ծառերի մոտ մի հոնի է բուսել, ինքնիրեն… կջրես, մեղք է։
ՄԻՀՐԱՆ.- Դե գոնե տեղը փոխեիր, այս քարի մեջ ո՞նց կաճի։
ՏԻԳՐԱՆ.- Ամեն ծառ գիտե, թե ինքը որտեղ բուսնի։ Մենակ նա էր, որ… իր տեղը չիմացավ…
ՄԻՀՐԱՆ.- Լավ, գնա, կուշանաս։
ՏԻԳՐԱՆ.- (Բակից դուրս է գալիս, դուռը փակում)։ Միհրան…
ՄԻՀՐԱՆ.- Հա…
ՏԻԳՐԱՆ.- Միհրան, դե… Ի՞նչ ասեմ… Այստեղ Միհրանին չեմ թողնում, թողնում եմ Տիգրանին…
ՄԻՀՐԱՆ.- (Մենակ, հայացքը երկնքին հառած)։ Է՜, Աստվա՛ծ, Աստվա՛ծ, կռանս զոռոք ապրում եմ, դու էլ կարծում ես, թե ինձ պահում ես, էլի…

Վարագույր։

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

(Լուսիկը նստել է թթենու տակ։ Մենակ է։ Հանկարծ հայտնվում է Գարեգինը։ Լուսիկը վրդովված դիմում է նրան)։
ԼՈՒՍԻԿ.- Էլի՞… Այս մարդու մեջ մարդը մեռել է, թաղող չկա…
ԳԱՐԵԳԻՆ.- Հանգիստ խոսիր… Ես եկել եմ իմ վերջին խոսքը ասելու։
ԼՈՒՍԻԿ.- Քո առաջին եւ վերջին խոսքերը նույնն են։
ԳԱՐԵԳԻՆ.- Դու լսիր, լսիր, խնդրում եմ։
ԼՈՒՍԻԿ.- Հեռացիր, գնա…
ԳԱՐԵԳԻՆ.- Լսել եմ, թե ուզում ես ֆերմա տեղափոխվել։
ԼՈՒՍԻԿ.- Ամեն տեղ կգնամ, միայն թե քեզ չտեսնեմ։
ԳԱՐԵԳԻՆ.- Եկա ասելու, որ դու իզուր ես բրիգադից հեռացել։ Ավելի լավ է ինքս կփոխեմ իմ գործը…
ԼՈՒՍԻԿ.- (Հանդարտված)։ Դու ոչ մի ժամանակ քո արարքների մասին խորը չես մտածել։
ԳԱՐԵԳԻՆ.- Հիմա դու սպասում ես, որ Տիգրան քեռին Աշոտին բերի՞։ Այսքանից հետո նա քեզ համար էլ ի՞նչ ամուսին։ Եվ ե՞րբ է նա քո նկատմամբ հոգատար եղել։
ԼՈՒՍԻԿ.- Ես քո կարեկցանքի կարիքը չեմ զգում։
ԳԱՐԵԳԻՆ.- Դա հետո կիմանաս, թե ով է ազնիվը… Դու ինձ երբեք էլ չես հասկացել…
ԼՈՒՍԻԿ.- Ազնիվ… Քեզ նոր չեմ ճանաչում։ Հիշո՞ւմ ես մեր վերջին երեկոն, դպրոցում։ Տղաներին հավաքած գլխիդ, կարդում էիր Մանուշակի նամակը։ Մինչեւ հիմա էլ տղաների քրքիջն ու Մանուշակի հեկեկոցը ականջներիս մեջ են։
ԳԱՐԵԳԻՆ.- Որքան հիշաչար ես, Լուսիկ։ Քանի տարի է անցել։
ԼՈՒՍԻԿ.- Կան բաներ, որ եթե ցանկանաս էլ մոռանալ, չի ստացվում։ Իսկ Աշոտին դու հանգիստ թող։
(Լուսիկը մտնում է տուն։ Իսկ Գարեգինը գլխահակ, ջարդված քայլերով հեռանում է։ Նրա դիմացից գալիս է Շողերը)։
ԳԱՐԵԳԻՆ.- Շողե՞ր… Ո՞ւր։ Տուն գնանք։
ՇՈՂԵՐ.- Ես տուն չունեմ։
ԳԱՐԵԳԻՆ.- Նորի՞ց։
ՇՈՂԵՐ.- Դրա համար մեղավորը ես չեմ։
ԳԱՐԵԳԻՆ.- Գնանք։
ՇՈՂԵՐ.- Ես չեմ գա։
ԳԱՐԵԳԻՆ.- (Ցույց է տալիս Վահիկի տան կողմը)։ Ի՞նչ է, խելքդ կորցրել ես։ Քեզ խելքահա՞ն է արել այդ երեխան։
ՇՈՂԵՐ.- Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։
ԳԱՐԵԳԻՆ.- Իսկ դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես անում։
ՇՈՂԵՐ.- (Փաղաքշական տոնով)։ Դու ուրիշի ցավին ձեռք մի տուր։ Չէ որ դու արդեն միայն քո մասին ես մտածում։ Ամեն ինչ հասկանում ես։
ԳԱՐԵԳԻՆ.- Ուրիշի հիմար խոսքեր են դրանք։
ՇՈՂԵՐ.- Հասկացիր, Գարեգին, այն, ինչ ուզում ես անել, անպատվություն է բոլորիս համար։ Չէ որ Վահիկը հայր ունի…
ԳԱՐԵԳԻՆ.- Շողեր, դու հիմա չես հասկանում, կմեծանաս, կհասկանաս ամեն ինչ եւ կհամաձայնվես, որ ես վատ եղբայր չեմ եղել քեզ համար։
ՇՈՂԵՐ.- Իսկ քո կնոջ համա՞ր։
ԳԱՐԵԳԻՆ.- Ես կին չունեմ։ Նա ինձ չհասկացավ, գնաց։ Եվ հետո, դու ամեն ինչին մի խառնվիր…
ՇՈՂԵՐ.- Մի խառնվի՛ր… Չեմ խառնվի։ Բայց դու մեր ընտանիքը ոտնատակ ես գցում…
ԳԱՐԵԳԻՆ.- Ձայնդ…
(Գարեգինը շրջվում է, որ հեռանա, կանչում է Միհրանը)։
ՄԻՀՐԱՆ.- Գարեգի՞ն…
ԳԱՐԵԳԻՆ.- Հա, Միհրան քեռի։ Քեզ էի ուզում տեսնել։
ՄԻՀՐԱՆ.- (Մոտ գալով)։ Խե՞ր լինի…
ԳԱՐԵԳԻՆ.- Է… խեր մնա՞ց… Ասում եմ՝ աշխարհում լավությունն է մնում, Միհրան քեռի… Կարծում ես կո՞ւյր եմ, չե՞մ տեսնում, որ Լուսիկի համար կյանքդ էլ չես խնայի, հոր սիրտ է, հո քար չէ։ (Շողոքորթում է)։
ՄԻՀՐԱՆ.- Շնորհակալ եմ, որ էդքանը հասկանում ես։ (Միանգամից փխրուն է դառնում)։
ԳԱՐԵԳԻՆ.- Հա, հիմա էլ ուզում է խեղճ կինը ֆերմա գնալ։ Կթվորուհի դառնալ… Ես գիտեմ՝ ինձնից փախչում է։
ՄԻՀՐԱՆ.- Կթվորուհու գործն էլ վատ չէ…
ԳԱՐԵԳԻՆ.- Այնքանով է լավ, որ աղբյուրի ջուրը կապես կաթի վրա… Պլանները գերազանցես։ Կաթն ու խոսքը իրար նման են։ Երկուսն էլ ջուր վերցնող։ Բայց, դե, հո մեռե՞լ եմ՝ Լուսիկը այդ օրն ընկնի…
ՄԻՀՐԱՆ.- Ամեն մարդու բախտ իր հետ է…
ԳԱՐԵԳԻՆ.- Թե Աշոտի ձեռքերը երկուսն են, իմը՝ 22-ը…
ՄԻՀՐԱՆ.- Ո՞նց թե… Չհասկացա…
ԳԱՐԵԳԻՆ.- Շատ պարզ… Հաշվապահը իմ աջ ձեռքն է, սովխոզի դիրեկտորը ձախ, ֆերմայի վարիչը էդ էլ իմ… Հո դու գիտես։
ՄԻՀՐԱՆ.- Խելոք ես, խելոք…
ԳԱՐԵԳԻՆ.- Աշոտը պիտի մի մթին ձորում պար գա, որ աղջիկ ես տվել։ Իսկ նա ինչեր էր գրում։
ՄԻՀՐԱՆ.- Դու էլ ես լսե՞լ։
ԳԱՐԵԳԻՆ.- Ամբողջ գյուղն արդեն գիտե։ Անմեղ մարդկանց կեղտ են կպցնում։
ՄԻՀՐԱՆ.- Հա, Գարեգին, թող ով ինչ ուզում է խոսի, իմ աղջկան կեղտ չի կպչի…
ԳԱՐԵԳԻՆ.- Հա, Միհրան քեռի, կմաքրվի։
ՄԻՀՐԱՆ.- Ո՞նց։
ԳԱՐԵԳԻՆ.- Մի լավ մարդ գտնի, ամուսնանա, թող նրանից հետո Աշոտի նմանները վեր կենան՝ գլուխները այրի, նստեն՝ տակները վառի։ Բա՞։
ՄԻՀՐԱՆ.- Է, ասում ես, էլի, 18 տարվա հարս է, երեխա ունի։ Ո՞վ գիտե… նոր մարդն էլ…
ԳԱՐԵԳԻՆ.- Լավ կնիկն էլ պիտի լավ մարդու հանդիպի։ Լուսիկի բախտն էլ իմի նման քարին առավ։ Մի կարգին կնոջ չհանդիպեցի, որ… Լուսիկը ուրիշ կին է։
ՄԻՀՐԱՆ.- Ի՞նչ օգուտ։
ԳԱՐԵԳԻՆ.- Միհրան քեռի։ Ուզում եմ մի բան ասել, բայց…
ՄԻՀՐԱՆ.- Ի՞նչ, ասա։
ԳԱՐԵԳԻՆ.- Լուսիկի նման կնիկը գիտե՞ս ոնց կպահեմ, մենակ Լուսիկի՞ն, քեզ էլ հետը… Չեմ էլ թողնի ոտքդ քարի դիպչի…
ՄԻՀՐԱՆ.- Է, աչքդ էն գլխից չտեսավ։ Հիմա…
ԳԱՐԵԳԻՆ.- Հիմա ի՞նչ։
ՄԻՀՐԱՆ.- Ուշ է…
ԳԱՐԵԳԻՆ.- Ախպեր, ուզողը ես չե՞մ, ուզում եմ։
ՄԻՀՐԱՆ.- Գարեգին, ինձ ասացիր, համա բերանդ այստեղ-այնտեղ ցրիվ չտաս՝ տեսնենք էս բանի վերջը ինչ է դառնում։ Հա, քեռուդ ասա՝ սովխոզի դիրեկտոր ես, ամեն ինչ ձեռքիդ է, Միհրան խնամուն լավ նայիր։
ԳԱՐԵԳԻՆ.- (Հիացած)։ Հա, հա… Ուզածդ դա չէ՞։ Լեզուս չորանա, թե չասեմ։
ՄԻՀՐԱՆ.- Տես, էն բանի մասին բան չասես, հա… ինձ որ հարցնեն՝ ես այստեղացի չեմ…
ԳԱՐԵԳԻՆ.- Հա, որ հարցրին՝ ես էլ չեմ այստեղացի։
(Գնում է)։
(Տիգրանը վերադարձել է։ Ջարդված քայլերով գնում է դեպի տուն։ Ներս է գալիս Լուսիկը)։
ԼՈՒՍԻԿ.- Հայրի՞կ…
ՏԻԳՐԱՆ.- Որդին որ թողեց հոր գլխարկը գետինը տեսնի, էլ նա որդի չէ։ Լուսիկ… Ես էլ Աշոտ անունով տղա չունեմ։ (Ուզում է մի կարեւոր բան ասել, բայց… չի կարողանում, ուրիշ բան է ասում)։ Մի բաժակ ջուր տուր, աղջիկ ջան։ (Լուսիկը ջուր է տալիս, ուզում է գնալ, նորից է կանչում Տիգրան քեռին)։ Լուսիկ…
ԼՈՒՍԻԿ.- Հա…
ՏԻԳՐԱՆ.- Ասում եմ…
ԼՈՒՍԻԿ.-Ի՞նչ…
ՏԻԳՐԱՆ.- (Դարձյալ մտածածը չի ասում)։ Վահիկն ո՞ւր է։
ԼՈՒՍԻԿ.- Շողերի հետ գնաց, քննությունների են պատրաստվում։
ՏԻԳՐԱՆ.- Վահիկը Պարգեւիս է քաշել։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ…
ՏԻԳՐԱՆ.- Լսում եմ, աղջիկ ջան։
ԼՈՒՍԻԿ.- Ես տեսնում եմ, որ ուզում ես մի բան ասել, բայց… (Այդ պահին ներս է մտնում Վահիկը)։
ՎԱՀԻԿ.- Պապի՞կ… (Փաթաթվում են)։
ՏԻԳՐԱՆ.- Աջան…
ՎԱՀԻԿ.- Ե՞րբ եկար… Մենա՞կ…
ՏԻԳՐԱՆ.- Հա, մենակ, բալա ջան, մենակ…
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ, ներս գնանք, հանգստացիր… (գնում է)։
ՎԱՀԻԿ.- Հայրիկը չեկա՞վ։
ՏԻԳՐԱՆ.- Հանգիստ մնա, Վահիկ ջան։ Մեծ մարդ եմ, էսօր կամ, վաղը՝ չկամ։ Մեր տան տիրությունը ո՞ւմ պիտի հանձնեմ։ Ուզում եմ նորոգել, նախշերն ավելացնել…
ՎԱՀԻԿ.- Ուզում ես ո՞ւմ հանձնել։
ՏԻԳՐԱՆ.- Օրորոցի՛ն։
ՎԱՀԻԿ.- Օրորոցի՞ն։
ՏԻԳՐԱՆ.- Հա, տան սերն էլ է օրորոցը, մեծն էլ։ Հողի զորությունն էլ է օրորոցում։
ՎԱՀԻԿ.- Հասկանում եմ, պապիկ։
ՏԻԳՐԱՆ.- Դու էլ ես այս օրորոցում մեծացել, պապս էլ, ես էլ, ո՞վ գիտե, պապիս պապն էլ…
ՎԱՀԻԿ.- Պապիկ, հայրիկն էլ է՞ այս օրորոցում մեծացել…
ՏԻԳՐԱՆ.- Հա… (դադար)։ Պարգեւս ու Վազգենս էլ…
ՎԱՀԻԿ.- Քանի տարեկան կլինի այդ օրորոցը, պապիկ…
ՏԻԳՐԱՆ.- Բալա ջան, օրորոցը տարիք չի ուենում։ Ամեն ծնվողի հետ երեխա է դառնում… Պիտի չթողնել ծերանա։
ՎԱՀԻԿ.- …
ՏԻԳՐԱՆ.- Թե հարկի տակ օրորոց չի օրորվում, էլ փրկություն չկա։ Մեկ էլ կտեսնես՝ տան սյունը կփլվի։
ՎԱՀԻԿ.- Չենք թողնի, պապիկ…
ՏԻԳՐԱՆ.- Բա՞… Այս հողի, այս տան, այս ծառերի համար արյուն էլ չենք խնայել…
ՎԱՀԻԿ.- Ամեն ինչ լավ կլինի, պապիկ… Հասկանում եմ։
ՏԻԳՐԱՆ.- Դե, իհարկե, լավ է լինելու։ Հրեն, գյուղի բոլոր օրորոցները ես եմ պատրաստել, նվիրել… Ամեն ծնվողի հետ ես էլ եմ ծնվում։
ՎԱՀԻԿ.- Մեր գյուղում շատ ծնունդներ են լինում։
ՏԻԳՐԱՆ.- Դե, էլ ի՞նչ գյուղ, որ ամեն օր ծնունդ չլինի…
ՎԱՀԻԿ.- Պապիկ, հաշվել ենք, երկու տարի հետո մեր դպրոցը 1000-ից ավելի աշակերտ կունենա…
ՏԻԳՐԱՆ.- Իմ պատրաստած օրորոցներում արծիվներ են մեծանում… (Դադար)։ Կռիվ չլիներ… Պարգեւս ու Վազգենս էլ զավակներ կունենային, գիտե՞ս ինչ կլիներ այն ժամանակ… Էհ, դու արդեն մեծ ես, պիտի հասկանաս… Պատերազմը խանգարեց, շատ շատերին չթողեց… ծնվել… Բայց դե…
ՎԱՀԻԿ.- Ի՞նչ, պապի՛կ…
ՏԻԳՐԱՆ.- Բայց դե, մեկ է, նրանք պիտի ծնվեն, անպայման պիտի ծնվեն, հասկանո՞ւմ ես, Վահիկ, լսո՞ւմ ես…

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Տիգրանի տունը։ Բնակարանում դեմ-դիմաց՝ երկու պատերից կախված են զոհված որդիների մեծադիր նկարները։ Մյուս կողմում Աշոտի նկարն է։ Նա ժպտում է։ Տիգրանը երկար-երկար նայում է Աշոտին, ապա խոսում նկարի հետ։

ՏԻԳՐԱՆ.- (Նկարին)։ Որդին հոր ցավի վրա չի ժպտա, Աշոտ։ (Դադար)։ Բա որ նրանք կենդանի լինեին, նրանց աչքերին ո՞նց կնայեիր։
(Այդ պահին ներս է մտնում Լուսիկը)։
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ։
ՏԻԳՐԱՆ.- Լսում եմ, բալա ջան։
ԼՈՒՍԻԿ.-…
ՏԻԳՐԱՆ.- Ի՞նչ կա, Լուսիկ։ Ուզում ես բա՞ն ասել։
ԼՈՒՍԻԿ.- Չէ։ Քեզ հետ բա՞ն է պատահել։
ՏԻԳՐԱՆ.- Վահիկի մասին եմ մտածում։
ԼՈՒՍԻԿ.- Նա արդեն հասուն տղա է, հայրիկ։
ՏԻԳՐԱՆ.- Հա, բայց…
ԼՈՒՍԻԿ.- Ի՞նչ…
ՏԻԳՐԱՆ.- Էէ…
ԼՈՒՍԻԿ.-Հայրիկ, տեսնում եմ, ուզում ես ինչ-որ բան ասել, բայց չես ասում։
ՏԻԳՐԱՆ.- Ինչքան չուզեմ չասեմ, Լուսիկ ջան, մեկ է, պիտի ասեմ։ Հոգուս ի՞նչ մեղք անեմ, դեռ շատ ես ջահել, թռչնի թեւը չեն կապի…
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ, խնդրում եմ այդ մասին չխոսես։
ՏԻԳՐԱՆ.- Այս տունը-տեղը, ինչ կա, քոնն է։ Իմն արդեն գնաց։
ԼՈՒՍԻԿ.- Չէ… չէ… Հայրիկ, Վահիկի համար եմ ես ապրում։
ՏԻԳՐԱՆ.- (Մոտենում, համբուրում է հարսի ճակատը)։ Ապրես, Լուսիկ, գոնե դու լինես, սիրտս հովացրու։
(Բռունցքը խփում է սեղանին, նստում աթոռին)։
Ախ, դու…
ԼՈՒՍԻԿ.- Ես միշտ էլ գիտեի, որ նա միայն փողի համար չէ սեզոն գնում։ Մի տարի չէր, երկու տարի չէր…
ՏԻԳՐԱՆ.- Սկի հավատս չի գալիս, է… Բա տղամարդը կարգին սիրելն էլ չի իմանա՞…
ԼՈՒՍԻԿ.- Երեւի ես էի վատը… (Անցնում է մյուս սենյակը)։
ՏԻԳՐԱՆ.- Չէ, չէ… Էդպես մի ասա։ (Դադար)։ Լուսիկ… Գնա, խնդրում եմ, ասա թող Միհրանը գա, բան ունեմ ասելու։ (Լուսիկը գնում է)։ (Ետեւից բարձրանում, կանգնում է Պարգեւի նկարի մոտ)։ Հիմա ի՞նչ անեմ, Պարգեւ, Վազգեն ջան… Ինչո՞ւ չեկաք… Հը՞։ (Դառնում է Աշոտին)։ Ախ, Աշոտ, Աշոտ… Այս ի՞նչ արեցիր… Ես քեզ սրտիս էի սեղմել, բայց դու ցավս ավելի խորացրիր… Քեզ սիրում էի, ինչպես տան երդիկից ելնող ծուխն են սիրում, միակ սյունը, որի վրա տանիք է պահվում, ինչպես… Բայց դու ի՞նչ արեցիր։ Դու մոռացար այն մի կտոր հողը, որ հող չէ… Հող դարձած քո մայրն է, քո ապուպապերն են… Մի կտրիր իմ տան արմատը, Աշոտ… Սպասիր… Այդ արմատի վրա կանգնած է տունս, օջախս, Վահիկը։ Սպասիր… Այդ ի՞նչ արեցիր…
(Զոհված որդիների նկարների սեւ երիզները հանում, նրանցով երիզում է Աշոտի մեծադիր նկարը, ապա արցունքները սրբելով, զույգ բռունցքները դնում սեղանին, նստում, հակվում բռունցքների վրա… Այդ պահին ներս են մտնում Միհրանը, Լուսիկը…)։
ԼՈՒՍԻԿ.- (Զարմացած, շփոթված)։ Հայրիկ… Հայրիկ…
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան խնամի…
(Գլխարկը հանում է։ Տիգրանը չի շրջվում։ Գալիս է եւ Վահիկը։ Իրար մոտ կանգնած լուռ արտասվում են… Դռների մեջ երկու ստվերներ են ասես։ Լույսը մեղմ ու տխուր է)…

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

(Տիգրանի տան բակում Լուսիկը մենակ է։ Գալիս են Շողերն ու Վահիկը)։
ՎԱՀԻԿ.- (Ուրախացած)։ Մայրի՜կ…
ՇՈՂԵՐ.- (Մոտենում է Լուսիկին)։ Ապա մի տե՜ս…
ԼՈՒՍԻԿ.- (Վերցնելով լրագիրը)։ Սա ի՞նչ է…
ՇՈՂԵՐ.- Վահիկի գրածը, տպել են…
«Ամեն առավոտ, երբ Մեծ սարի թիկունքից ելնում է արեւը, մթան մառախուղը դանդա՜ղ քաշվում է, ասես լեռը քայլում, ինձ ընդառաջ է գալիս, ուսերին՝ ծաղիկներ… Դա լեռ չէ…
Երբ տնից դուրս եմ գալիս, ինձ թվում է՝ ինչ-որ հայացք հետեւում է, որ ճանապարհս շիտակ ընթանա։ Այդ հայացքը, ինչպես արեւի համբույր, ես զգում եմ իմ ծոծրակին։ Եվ երբ ոտքս ուզում եմ սխալ փոխել, մեկը բռնում է ձեռքս։ Դա իմ Տիգրան պապիկն է։
Երբ հաղթահարում եմ վերելքները Մեծ սարի, ամենադժվար ծերպերից ծաղիկներ բերում, մի ժպիտ ծաղկում է հոգուս մեջ։
Երբ ծառ եմ տեսնում՝ արմատներով քարեր ու հող գրկած, իմ մեջ արթնանում է նախապապերիս ձեռքով առաջին անգամ վառված կրակը։ Մեկը տաքացնում է ինձ, տաքացնում է եւ ծառի արմատը։ Դա իմ Տիգրան պապիկն է։
Որդիներ է կորցրել, բայց հավատը պինդ է պահել ու հաղթանակի շքանշանները կրծքին եկել տուն, նորից ծաղկեցրել հայրենի տունը, այգին։ Եվ հիմա, երբ այգին դալարում, ծաղիկ է հագնում, նմանվում է սրտի։ Մեծ, անհուն, անսահման սրտի։ Եվ արեւը բույր է տալիս։ Դա իմ Տիգրան պապիկն է։
Երբ քայլում եմ, սիրում, խորհում, մտածոււմ եմ… Երբ ուզում եմ խիզախել, կա մեկը, որ գալիս, ձեռքը դնում ուսիս ու խորը նայում է աչքերիս մեջ։ Ես նրա աչքերում տեսնում եմ հրաշք. երեք որդիները տուն են գալիս, եւ պապիս տունը նեղ է թվում։ Նորերն ենք կառուցում։ Մեկը կառուցման երգի տակ կանգնել ու արմատակալում է հողի վրա։ Նրա արմատների վրա ես բարձրանում եմ որպես շիվ։ Եվ նա հավիտենապես խշշում է։ Դա իմ Տիգրան պապիկն է։
Նայում եմ, ահա ուրախ – երջանիկ, շեն օջախի մոտ խաղում են անթիվ մանուկներ։ Ապագայում խաղացող այդ մանուկների մեջ կա մեկը՝ անհաղթելի առնական, հողասեր ու մեծ, Մեծ սարի նման հավերժական ու… երեխա։ Դա իմ Տիգրան պապիկն է»։
(Լուսիկը համբուրում է նրանց եւ մտնում տուն)։ Հուզված է։ Ինչ-որ տխրություն է պատում նաեւ Վահիկին ու Շողերին։
ՎԱՀԻԿ.- Շողեր…
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ է…
ՎԱՀԻԿ.- Ոչինչ…
ՇՈՂԵՐ.- Վահիկ, քեզ հետ ինչ-որ բան է կատարվում։
ՎԱՀԻԿ.- Արդեն կատարվել է։
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ։
ՎԱՀԻԿ.- Ես էլ չեմ հասկանում։
ՇՈՂԵՐ.- Նայիր աչքերիս եւ ասա ճշմարտությունը։ Ի՞նչ է եղել։
ՎԱՀԻԿ.- (Գլխիկոր է)։ Ասացի՝ ես էլ չգիտեմ։ Ահա… (Նայում է)։
Հետո՞։ (Ծիծաղում է)։ Մութ է։ Մեկ է, չես տեսնի։
ՇՈՂԵՐ.- Ես քո աչքերը մթնով էլ եմ տեսնում, խոսիր։
ՎԱՀԻԿ.- Չգիտեմ։ Տիգրան պապիկի մահից հետո միշտ ինձ մենակ եմ զգում։
ՇՈՂԵՐ.- Դու նրան շատ էիր սիրում, Վահիկ։
ՎԱՀԻԿ.- Ախր, գիտե՞ս, Շողեր, նա չպիտի մահանար։
ՇՈՂԵՐ.- Իսկ ինձ թվում է նա դեռ չի մահացել։ Թվում է, թե ուր-որ է այգուց դուրս կգա եւ ծաղիկներ կբերի մեզ համար։
ՎԱՀԻԿ.- Ախր, ինչո՞ւ են լավ մարդիկ մահանում, Շողեր։
ՇՈՂԵՐ.- Ես էլ եմ այդ մասին մտածում։
ՎԱՀԻԿ.- Պապիկը չէր ուզում, որ քաղաք գնամ՝ սովորելու։
ՇՈՂԵՐ.- Ինչպես բոլոր պապիկները։
ՎԱՀԻԿ.- Վախենում էր՝ գնամ ու մնամ քաղաքում։
ՇՈՂԵՐ.- Իսկ մենք կսովորենք հեռակա կարգով։
ՎԱՀԻԿ.- Եվ կաշխատենք։
ՇՈՂԵՐ.- Իսկ մայրդ կթողնի՞։
ՎԱՀԻԿ.- Ես նրան մի կերպ կհամոզեմ։ Նրան օգնել է հարկավոր։
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ։
ՎԱՀԻԿ.- Տանն աշխատող տղամարդու ձեռք պիտի լինի՞, թե չէ։
ՇՈՂԵՐ.- Իսկ եթե ինստիտուտ չընդունվե՞նք։
ՎԱՀԻԿ.- Կընդունվենք։ Ես համոզված եմ։
ՇՈՂԵՐ.- Ինչ վստահ ես։
ՎԱՀԻԿ.- Այո, Շողեր։ Այ, որ գյուղատնտես դառնամ, ծաղիկների սերմերից կստանամ այնպիսի մի ծաղիկ, որ իսկապես մարդու սրտից խոսելն իմանա։
ՇՈՂԵՐ.- Հետաքրքիր է։
ՎԱՀԻԿ.- Եվ այնպիսի՜ բույր կունենա…
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ անուն ես տալու այդ ծաղկին։
ՎԱՀԻԿ.- Ես նրան կանվանեմ…
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ։
ՎԱՀԻԿ.- Ես նրան կանվանեմ՝ Շողեր։
ՇՈՂԵՐ.- Բայց գիտնականների անուններով են կոչվում այն ծաղիկները, որոնք ստեղծում են նրանք։
ՎԱՀԻԿ.- Դե, ինձնից ի՞նչ գիտնական, ես ընդամենը գյուղատնտես եմ։
ՇՈՂԵՐ.- (Ծիծաղելով)։ Արդե՞ն…
ՎԱՀԻԿ.-Քիչ է մնացել։
ՇՈՂԵՐ.-Այդ դեպքում ինչո՞ւ պիտի դու նեղացած լինես ինքդ քեզանից։
ՎԱՀԻԿ.-Այդ մասին արի չխոսենք, Շողեր։ (Թափն ընկնում է)։
ՇՈՂԵՐ.-Ոչ… (Չարաճճիաբար)։ Հենց այդ մասին պիտի խոսենք։
ՎԱՀԻԿ.- Ախր… Գիտե՞ս… Շողեր… Բոլորը, բոլորը… Ոնց ասեմ։
ՇՈՂԵՐ.-Բոլորը ի՞նչ։
ՎԱՀԻԿ.-(Բարձրանում է, մոտենում օրորոցին, ակամայից սկսում օրորել։ Նրան մոտենում է եւ Շողերը։ Նա եւս բռնում է օրորոցից)։ Բոլորը գիտեն, որ ես ու դու սիրում ենք իրար, իսկ մենք չգիտենք։
ՇՈՂԵՐ.-Սիրո՞ւմ։
ՎԱՀԻԿ.-Իհարկե…
ՇՈՂԵՐ.-Իսկ դու սիրո՞ւմ ես։
ՎԱՀԻԿ.-Չգիտեմ, Շողեր։ Միայն թե, երբ ինձ մոտ չես լինում, թվում է ծաղիկները կորցնում են իրենց բույրը, աղբյուրները չեն կարկաչում։
ՇՈՂԵՐ.-Կարծում ես այդ չե՞մ տեսնում։
ՎԱՀԻԿ.-(Երկուսով նայում են օրորոցին)։ Շողեր…
ՇՈՂԵՐ.-Ասա։
ՎԱՀԻԿ.-(Համբուրում է)։ Շողեր։
(Գլուխ գլխի, իրար ձեռքից բռնած մի պահ լռում են։ Երեւում է փոստատար Մովսեսը)։
ՄՈՎՍԵՍ.- (Ցածր քթի տակ)։
Բարեւագիր, սիրելիներ,
Նախ եւ առաջ՝ բարեւս ձեզ,
Թե ինձանից կուզեք հարցնել,
Նամակներ եմ բերել ես…
(Տեսնելով նրանց օրորոցի վրա, խոսում է)։ Էս ջուխտա՞կն ով է դրել մի օրորոցում։ Բարի իրիկուն։
ՎԱՀԻԿ.- Բարեւ, Մովսես քեռի։
ՄՈՎՍԵՍ.- (Տեսնելով գիրքը նրանց ծնկներին)։ Քննությունների եք պատրաստվում, հա՞։
ՎԱՀԻԿ.- (Ամաչկոտ նայելով Շողերին)։ Այո, Մովսես քեռի։
ՄՈՎՍԵՍ.- Շատ էլ լավ եք անում։ Որ ջահել էի, ես էի այդպես պարապում, բայց ոչ մի տեղ սովորածս չանցավ։ Փոստատար դարձա։
ՇՈՂԵՐ.- Բա որ քեզ բոլորն են սպասում, դա քի՞չ է։ Տնից տուն ուրախություն ես բաժանում…
ՄՈՎՍԵՍ.- Է, Շողեր ջան, այս պայուսակը մենակ ուրախության թղթեր չի տեսել։ (Ցույց է տալիս ծառերը)։ Տեսնո՞ւմ ես, որ սրանց սեւ թղթերը բերի, Տիգրանը մի գիշերում ծերացավ։ Դեսն արի, Վահիկ։
ՎԱՀԻԿ.- (Մոտենում է)։ Ի՞նչ կա։
ՄՈՎՍԵՍ.- Բա՞։ Հիմա կասես այս ի՞նչ է բերել։ (Փնտրում է ինչ-որ բան)։ Այ, փոստատարի գործը այսպես է, կարելի լինի, կարելի չլինի՝ ներս է գալիս։
ՎԱՀԻԿ.- Մովսես քեռի, մենք հո չասացի՞նք, թե չի կարելի։
ՄՈՎՍԵՍ.- Չէ, այս անգամ քո անվամբ եմ փող բերել։ Ստորագրիր (ցույց է տալիս), ստացիր։
ՎԱՀԻԿ.- Փո՞ղ։ (Մոտենում է, գրիչն առնում, ապա ետ-ետ քայլում, գրիչը վերադարձնելով)։ Չեմ ուզում։
ՄՈՎՍԵՍ.- Ինչո՞ւ։
ՎԱՀԻԿ.- Պետք չէ։
ՄՈՎՍԵՍ.- Ուզես, չուզես՝ քո հայրն է, որդի։
ՎԱՀԻԿ.- Մենք փողի կարիք չենք զգում։
ՄՈՎՍԵՍ.- Ախր, պետք կգա։ Շուտով ուզում ես քաղաք գնալ, սովորել ինստիտուտում։ Հիմիկվա փողն էլ, գիտես, առվի նման գալիս, գետի նման գնում է։
ՎԱՀԻԿ.- Մեր ունեցածը լի ու լի հերիք է, Մովսես քեռի։
ՄՈՎՍԵՍ.- Հա՞։
ՇՈՂԵՐ.- Այո, նա ճիշտ է ասում, Մովսես քեռի։
ՄՈՎՍԵՍ.- Դե, որ պետք չէ, ստացիր, տուր ինձ։ Հը՞։
ՎԱՀԻԿ.- Ես արդեն ասացի։
ՄՈՎՍԵՍ.- Կարող եմ գնա՞լ։
ՎԱՀԻԿ.- Շնորհակալ ենք։
(Մովսեսը տարակուսանքով թոթվում է ուսերը, գնում)։
ՇՈՂԵՐ.- Բայց գուցե վերցնեի՞ր։ Վահիկ։
ՎԱՀԻԿ.- Շողեր… Չխոսենք այդ մասին։
ՇՈՂԵՐ.- (Զրույցը փոխում է)։ Դու այս օրորոցո՞ւմ ես մեծացել, Վահիկ։
ՎԱՀԻԿ.- Իսկ ի՞նչ կա որ։ Այո։
ՇՈՂԵՐ.- (Ծիծաղում է անզուսպ)։ Պատկերացնում եմ, դու փոքր, օրորոցի մեջ… Այ, այսպես… (Օրորում է)։ Բա ա-ա-այ…
ՎԱՀԻԿ.- (Ինքն էլ է օրորում)։ Լավ օրորոց է, չէ՞, Շողեր։
ՇՈՂԵՐ.- Շատ։ Բայց դո՞ւ էլ ես քեզ օրորում։ (Ծիծաղելով)։
ՎԱՀԻԿ.- Շողեր, այ, երբ, երբ… ավելի մեծ լինենք… Շողեր, դու սիրո՞ւմ ես օրորոցը։
ԼՈՒՍԻԿ.- (Կանչում է պատշգամբից)։ Վահիկ, Շողեր, ներս եկեք, սպասում եմ։
ՇՈՂԵՐ.- Դե, ես գնամ, Վահիկ, ուշ է…
ՎԱՀԻԿ.- Չէ, Շողեր, մայրիկը կնեղանա, ներս գնանք։
(Բեմի վրա օրորվում է օրորոցը)

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

(Փողոցում երեւում են Միհրանը եւ Գարեգինը)։
ԳԱՐԵԳԻՆ.- Միհրան քեռի, Միհրան քեռի…
ՄԻՀՐԱՆ.- Դու ե՞ս… Ինչ ես ուզում։
ԳԱՐԵԳԻՆ.- Քեֆդ տեղը չէ։ Տխո՞ւր ես։
ՄԻՀՐԱՆ.- Ուրախության համար սիրտ թողեցի՞ն։
ԳԱՐԵԳԻՆ.- Ես էլ այդ եմ ասում։
ՄԻՀՐԱՆ.- Չեմ իմանում, դու ի՞նչ ես ուզում։
ԳԱՐԵԳԻՆ.- (Ժպտում է կեղծ)։ Ուզում եմ ասել, որ…
ՄԻՀՐԱՆ.- Հասկանում եմ… Հասկանում եմ, Գարեգին…
ԳԱՐԵԳԻՆ.- Դե, մենք ե՞րբ չենք իրար հասկացել…
ՄԻՀՐԱՆ.- Մենակ մի բան չեմ հասկանում։
ԳԱՐԵԳԻՆ.- Որը՞։
ՄԻՀՐԱՆ.- Էհ, ինչ որ պիտի Լուսիկին ասես, ինձ ես ասում։
ԳԱՐԵԳԻՆ.- Քեզ կլսի։ Խոստացել ես, չէ՞։
ՄԻՀՐԱՆ.- Սրանից դենը ինչ ուզում եք՝ արեք։
ԳԱՐԵԳԻՆ.- (Ուրախացած)։ Ուրեմն՝ համաձայն ե՞ս։
ՄԻՀՐԱՆ.- Չէ։
ԳԱՐԵԳԻՆ.- Դե՞մ ես։
ՄԻՀՐԱՆ.- Չէ։
ԳԱՐԵԳԻՆ.- Չեմ հասկանում։
ՄԻՀՐԱՆ.- Այդ դու, այն էլ Լուսիկը… Ի՞նչ ունես ասելու՝ իրեն ասա։
ԳԱՐԵԳԻՆ.- Իսկ դու չե՞ս ուզում խառնվել։
ՄԻՀՐԱՆ.- (Բարձրանում է, գնում)։ Ես էստեղացի չեմ։ (Հեռանում է Գարեգինը՝ աչքը Լուսիկի պատուհանին։ Գալիս են Վահիկը եւ Շողերը)։
ՎԱՀԻԿ.- Շողեր, մի քիչ մնա…
ՇՈՂԵՐ.- Նստենք։ (Նստում են նստարանին)։ Ինչ պարզ երեկո է…
ՎԱՀԻԿ.- (Մատը դնում է շուրթերին)։ Սուսս…
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ կա։
ՎԱՀԻԿ.- Լսո՞ւմ ես, ծառը խոսում է։
ՇՈՂԵՐ.- Անպայման գրող կդառնաս դու։
ՎԱՀԻԿ.- Չէ, Շողեր, ես ճիշտ եմ ասում։ Ինչ-որ բան է ասում։ Պապս այնպես լավ էր հասկանում նրան։ Ախր, գիտես, սա ուրիշ ծառ է։
ՇՈՂԵՐ.- (Մի քիչ ականջ է դնում ծառի շրշյունին)։ Ինձ թվում է թախիծ կա նրա խշշոցի մեջ։ Այդպես չէ՞… Վահիկ։
ՎԱՀԻԿ.- Իսկ դու գիտե՞ս ինչից է…
ՇՈՂԵՐ.- Ինչի՞ց է…
ՎԱՀԻԿ.- Նրա տակ Տիգրան պապիկը մի կարաս գինի է թաղել։ Պահում էր, որ…
ՇՈՂԵՐ.- Ո՞ւմ համար էր պահում։
ՎԱՀԻԿ.- Որ հորեղբայրներս կռվից գան, հարսանիք անի։ Բայց նրանք չեկան։
ՇՈՂԵՐ.- Եվ գինին չհանեցի՞ք։
ՎԱՀԻԿ.- Չէ։ (Դադար)։ Պապս այնպես արավ, որ ծառի արմատը հասավ այդ կարասին։ Ու ջրի տեղ ծառը խմում էր այդ տխուր գինին։ Ծառը հարբում էր պապիս վշտերով ու նրա հետ երգում…
ՇՈՂԵՐ.- Իսկ դու որտեղի՞ց գիտես այդքանը։
ՎԱՀԻԿ.- Պապս ինձնից ոչ մի բան չէր թաքցնում։
ՇՈՂԵՐ.- Իսկ ինչ էին երգում, հետաքրքիր է։
ՎԱՀԻԿ.- Պապս այնքան է այս ծառի տակ «Ձախորդ օրեր» երգել, որ ծառն էլ արդեն գիտե այդ երգը։ Այ, տես։ (Երկուսով լռում են, լսվում է պապի երգը)։
ՇՈՂԵՐ.- Իսկ դու, Վահիկ, գիտե՞ս այդ երգը։
ՎԱՀԻԿ.- Այդ երգը բոլորիս մեջ է, Շողեր։ Բայց մենք այսօր պիտի ուրախանանք, քեզ ուրիշ բան պիտի ասեմ։ (Բռնում է ձեռքը)։
ՇՈՂԵՐ.- (Դեմքով հպվելով նրան)։ Գաղտնի՞ք կա։
ՎԱՀԻԿ.- Գաղտնիքը իմը չէ, ծառինն է։ Ուզո՞ւմ ես, բացենք այդ գաղտնիքը։
ՇՈՂԵՐ.- Ինչպե՞ս։
ՎԱՀԻԿ.- (Վազելով մի բան է բերում, տալիս Շողերին)։ Ես ուզում եմ ինքդ բացես։ Դեհ, գլխի՞ չընկար… Փորձիր։ Կարո՞ղ ես գտնել։
ՇՈՂԵՐ.- Քեզ չեմ հասկանում։
ՎԱՀԻԿ.-, Դեհ, ասա, դու այսօր ինչ ես խոստացել ինձ։
ՇՈՂԵՐ.- Ի՞նչ…
ՎԱՀԻԿ.- Ասա, ասա…
ՇՈՂԵՐ.- Որ ամբողջ կյանքում ես ու դու միասին լինե՞նք, որ…
ՎԱՀԻԿ.- Իսկ գիտե՞ս իմ պապը ինչ է ասել։
ՇՈՂԵՐ.- Չգիտեմ։
ՎԱՀԻԿ.- Հիմա կիմանաս։ Մայրի՜կ, Միհրա՜ն պապի՜կ… (Նրանք գալիս են)։ Մահվանից մի քանի օր առաջ էր, Տիգրան պապիկը կանչել ու ասել է. «Վահիկ ջան, տան տղամարդը դու ես մնում։ Թթենու տակ քսան տարի առաջ գինու կարաս եմ թաղել։ Այ, այստեղ։ Ում ցանկանաս բերել այս օջախը, նրա հետ կբացես կարասը, չմոռանաք օջախի ու թթենու կենացը խմել։ Այդքանը կանես, չէ՞…»։ Դեհ, բացենք կարասը։ (Երկուսով բացում են, հողը կամաց ետ տանում)։
ՄԻՀՐԱՆ.- Է՜, աշխարհ, աշխարհ… Երեկ էլ Տիգրանն էր նստած այստեղ։ Հիմա ո՞ւր է… Քարը էլի կա, ծառը կա… Ինքը չկա… Որպեսզի Տիգրանի օրենքը չխախտենք, կարաս բացողը պարտավոր է առաջինն ինքը խոնարհվի ու խմի մի կում։
ՇՈՂԵՐ.- Անուշ լինի, խմիր…
ԼՈՒՍԻԿ.- Շողեր ջան, մոտ կանգնիր, որ պատկերդ գինու մեջ երեւա։
ՎԱՀԻԿ.- (Խմում է)։ Պապի կենացը… (Բերում են գավաթները, լցնում։ Այդ պահին երեւում է Մովսեսը)։
ՄՈՎՍԵՍ.- Լուսիկ, Վահիկ…
ՎԱՀԻԿ.- (Նայելով Մովսեսի կողմը)։ Այստեղ ենք, Մովսես քեռի, արի։
ԼՈՒՍԻԿ.- Մովսես, ինչ լավ ժամանակ ես եկել։
ՄՈՎՍԵՍ.- (Մոտենում է, վերցնում գավաթը)։ Գինի՞… Տիգրան պապի գինուց է սա… Խմենք Տիգրան պապի հոգու կենացը…
ՎԱՀԻԿ.- Չէ, Մովսես քեռի…
ՄՈՎՍԵՍ.-(Զարմանալով նստում է)։ Ինչպե՞ս թե…
ՎԱՀԻԿ.- Տիգրան պապիկի կենացը, նա դեռ կենդանի է, նա չի մեռնելու։
ՄՈՎՍԵՍ.- Ապրես… Տիգրան պապի կենացը։ Քո կենացն էլ, Վահիկ։ Տիգրան պապիկ դառնաս։ Խմեցինք։
(Դատարկում են գավաթները)։
ՎԱՀԻԿ.- (Գավաթը խփելով թթենու բնին)։ Կենացդ, պապիկ։ (Խմում է)։
ԼՈՒՍԻԿ.- Հիմա կարող ես խոսել, Մովսես։
ՄՈՎՍԵՍ.- Հեռագիր եմ բերել… Աչքդ լույս, Տիգրան։
ԼՈՒՍԻԿ.- Հեռագի՞ր…
ՄՈՎՍԵՍ.- Հա… հեռագիր։ Աշոտը գալիս է։
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ

Աշոտը տան բակում է, ձեռքին ճամպրուկն է։ Իրիկնադեմ է։ Մեկ ծառ-եղբայրներին է մոտենում, մեկ պատուհաններից է նայում ներս։ Ոչ ոք չկա։ Կանչում է որդուն։
ԱՇՈՏ.- Վահիկ, Վահիկ… (Ապա նա մոտենում է դռանը, որից վերեւ սովորաբար բանալին էին դնում)։ Տան բանալին միշտ այստեղ էր լինում։
(Լսվում է Միհրանի ձայնը)։
ՄԻՀՐԱՆ.- Աշո՞տ…
ԱՇՈՏ.- Ես եմ։ Եկել եմ… Տանը մարդ չկա… Դուռը փակ է։
ՄԻՀՐԱՆ.- (Մոտենում, սեղմում է ձեռքը)։ Ցավակցում եմ, Աշոտ։ Դուռը դու ես փակել քո առաջ։
ԱՇՈՏ.- Միհրան քեռի…
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան խնամին աշխարհից խռով գնաց… Գերեզմանի հողը ճաք-ճաք է եղել վշտից։
ԱՇՈՏ.- (Գլխիկոր)։ Տեսա… Այնտեղով եկա…
ՄԻՀՐԱՆ.- Հը՛… խոսեցի՞ր Տիգրանի հետ։
ԱՇՈՏ.- Խոսեցի…
ՄԻՀՐԱՆ.- Ներե՞ց…
ԱՇՈՏ.- Չգիտեմ։ (Դադար)։ Որտե՞ղ են Լուսիկը, Վահիկը…
ՄԻՀՐԱՆ.- Այգում են։ Ուր որ է կգան։
ԱՇՈՏ.- Հեռագիր եմ ուղարկել, չեն ստացել երեւի…
ՄԻՀՐԱՆ.- Ստացել են, գիտեին, բայց թող ասեմ… Դե, չգիտեմ։ Գործի են։
(Երեւում է Գարեգինը)։
ԳԱՐԵԳԻՆ.- Աշոտ, բարեւ։ Ցավակցում եմ։
ԱՇՈՏ.- (Շրջվում է)։ Ո՞վ է… (Տեսնելով Գարեգինի մեկնած ձեռքը, հայացքը հեռացնում է)։ Շնորհակալ եմ… Գնա այստեղից։
ԳԱՐԵԳԻՆ.- Ես մեղք չունեմ, Աշոտ, ազնիվ խոսք… Ես… այ, թող Միհրան քեռին ասի… Միհրան քեռի…
ՄԻՀՐԱՆ.- Ես էստեղացի չեմ։
ԱՇՈՏ.- Գնա, ասում եմ…
ԳԱՐԵԳԻՆ.- Ես ոչինչ չեմ արել… Նամակներն էլ ուրիշի գործ են, հավատա, Աշոտ…
ԱՇՈՏ.- Ի՞նչ նամակներ… Ի՞նչ ես ասում։
ԳԱՐԵԳԻՆ.- Այն, որ գրել են, իբրեւ ես…
ԱՇՈՏ.- Գարեգին, մենք իրար ասելիք չունենք։
ՄՈՎՍԵՍ.- (Հայտնվում է իր երգով)։ Աշո՞տ… Արդեն տա՞նն ես։ (Փարվում են իրար)։ Համբերություն եմ ցանկանում։ Գիտեի, որ կգաս։ (Ցույց է տալիս Գարեգինին)։ Մարդկանց բերանները ցեխեցիր։ Ահա…
ԱՇՈՏ.- Այդ ի՞նչ է…
ՄՈՎՍԵՍ.- Նամակներ են…
ԱՇՈՏ.- Ո՞ւմն են…
ՄՈՎՍԵՍ.- Քոնը… Գարեգինի գրած անանուն նամակներն են, որ պիտի դու ստանայիր, Աշոտ… Բայց կեղծ են, սուտ են… Ես դրանք պահում էի, որ այսպիսի մի օր քեզ հանձնեմ քո տանը։
ԱՇՈՏ.- Հա… Դրանցից երկուսը ինձ է հասել…
ՄՈՎՍԵՍ.- (Մի կողմ)։ Ուրեմն՝ այդ ավազակը հասցրել է ուրիշ փոստով էլ ուղարկել…
ԱՇՈՏ.- Շնորհակալ եմ, Մովսես։ (Վերցնելով նամակները, պատռում է, նետում Գարեգինի երեսին)։
(Գարեգինը հեռանում է)։
ՄՈՎՍԵՍ.- Աշոտ ջան, փոստը բաժանեմ, կգամ, զրույց կանենք։
(Մովսեսը գնում է։ Հայտնվում է Լուսիկը։ Մի պահ կանգնում է, մեկ հորը նայում, մեկ Աշոտին… Քայլում է դեպի տուն)։
ԱՇՈՏ.- Լուսիկ…
ԼՈՒՍԻԿ.- (Շրջվում է մի պահ)։ Եկել ես…
ԱՇՈՏ.- Եկել եմ, Լուսիկ, եկել…
ԼՈՒՍԻԿ.- ՈՒշ է։ Շա՛տ ուշ։ (Բացելով դուռը, մտնում է ներս։ Բակ են մտնում Վահիկն ու Շողերը։ Աշոտը քայլում է դեպի Վահիկը։ Վահիկը կանգնում է։ Հայրը մոտենում է։ Շողերի ձեռքը սեղմում է Աշոտը, որդուն համբուրում)։
ԱՇՈՏ.- Վահիկ… (Ծոցատետրից հանում է լրագիրը)։ Ահա ստացել եմ… կարդացել եմ… Վահիկ… Մեծացել ես, դառել…
ՎԱՀԻԿ.- Իմ գրածը՞… Ո՞վ է ուղարկել։ (Նայում է Շողերին, Շողերը գլուխը խոնարհում է)։
ՄԻՀՐԱՆ.- Աշոտ, ներս գնանք։
ՎԱՀԻԿ.- (Գլխով հորը ներս է հրավիրում)։ Գնանք։
(Մտնում են տուն։ Հանկարծ Աշոտի հայացքը կանգնում է սեղանին դրված, սեւով երիզված իր մեծադիր նկարին։ Ցնցվում է։ Կամաց մոտենում է… կանգնում նկարի դիմաց… Լուռ է։ Նրան մոտենում է Միհրանը, մոտը կանգնում, հանում գլխարկը)։
ՄԻՀՐԱՆ.- Տիգրան խնամին չդիմացավ… գնաց։
ԱՇՈՏ.- Ախ, հայրիկ, հայրիկ… Ես, իսկապես, քեզ համար մեռած էի…
ՄԻՀՐԱՆ.- Մահը բոլորիս համար է, Աշոտ…
ԱՇՈՏ.- (Ինքն իրեն)։ Չէ, սա ուրիշ մահ է, Միհրան քեռի… Ուրիշ։
ՇՈՂԵՐ.- Վահիկ, նա լաց է լինում…
ՄԻՀՐԱՆ.- Ախ, Տիգրան… Տիգրան… (Լսվում է Տիգրանի ձայնը). «Նա, ով մոռանում է հայրենի սար ու ձորի անունը, ով սովորում է ապրել հայրական օջախից հեռու, նա, ում մտքովն անգամ անցնում է՝ ծախել այն տունը, որտեղ ծնվել է, նա չի կարող լինել ոչ հայր, ոչ ամուսին։ Եվ ոչ էլ… զավակ. ոչ մո՛ր համար, ոչ՝ մայր ժողովրդի»։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Հետևեք մեզ նաև Telegram-ում