Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն

Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում (Հակ. 2.19):

Միայն խոսքով դավանելը դեռ փրկություն չէ մեզ համար, քանզի. «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. 2.26):

Հավատալ Քրիստոսին նշանակում է փոփոխություն կյանքի նկատմամբ. հեռանալ մեղքից, խոստովանությամբ քավել այն և աղոթքով, պահեցողությամբ խոնարհեցնենք մեր անձերը. ահա այս է այն նվիրական ուխտը, որ մարդ կարող է կնքել Աստծո հետ՝ իր հայացքը սևեռելով հավիտենական կյանքին:

Սողոմոն Իմաստունը ասում է. «Աստծո հանդեպ երկյուղը իմաստության սկիզբն է», այսինքն՝ մեր կյանքը իմաստավորվում է նախ հավատքով՝ Աստծո հանդեպ և սրանից բխած բարի գործերով: Տիրոջ հանդեպ երկյուղը իմաստության արմատն է, որ մարդու մեջ ձևավորում է նոր աշխարհայացք, մարդուն դարձնում սկզբունքային և զարդարում Աստծո շնորհներով: Երկյուղը վախը չէ, այլ ակնածանքը:

Մարդը, Աստծո պատկերն ու նմանությունը խորապես գիտակցելով ու հասկանալով պիտի ապրի, ապրեցնի ու արարի: Գրիգոր Տաթևացին ասում է. «Մարդ երեք կյանք է ապրում. առաջին կյանքը սկսվում է մոր որովայնում, երկրորդ կյանքը այս աշխարհն է, իսկ երրորդը՝ հավիտենական կյանքը», սակայն շատ քչերին է հաջողվում հասնել այնտեղ:
Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն. առաջինը` մեր անմահության գրավականն է, երկրորդը` մեզ կարծես խայթելով ցույց է տալիս կատարած մեղքը և ուղղորդում ապաշխարության, իսկ երրորդը՝ մկրտությամբ պետք է Քրիստոսին` Կյանքի Ծառին, պատվաստվենք, հավիտենական կյանքի համար, սակայն կարող ենք և մերժել. սրանք մեր ընտրության հնարավորություններն են. կամ լսել խղճի ձայնը, ապաշխարել, խոստովանել և մաքրվել մեղքերից և ընթանալ դեպի Քրիստոս, դեպի Երկնքի արքայություն և հավիտենական կյանք, կամ սպանել խիղճը, արդարացնել մեր գործած մեղքը և, հավիտենական դժոխքի տանջանքներին արժանանալ, «ՈՒր կրակն անհագ է և որդն անքուն»: Այսպիսով, Աստված Իր Միածին Որդուն տվեց, որ մենք փրկվենք, իսկ փրկվելու համար Փրկչին մեզ ապավեն դարձնել է պետք և Նրա ճշմարիտ խոսքին վստահել: Մեղսագործի ձեռքը չի բռնում Աստված, սակայն զգուշացնում է, որ յուրաքանչյուր գործած մեղք իրեն հատուկ հետևանքն է ծնում և ապականում մարդուն, իսկ հավատից բխած բարի գործը օրհնություն է մարդու համար:

Աստծո Խոսքին հավատալը պիտի ենթադրի վստահություն, իսկ վստահության հիմքում արմատացած պետք է լինի բարի կամքը:Ազատ կամքի ընտրությամբ պայմանավորված, լավ է ընտրենք դեպի ճշմարիտ աստվածպաշտություն տանող ուղին, քանզի բոլորիս կյանքի օրերը հաշված են, և ամեն մեկի համար սահմանված է պատասխանատվության օրը, ինչպես Տերը ցույց տվեց «Անիրավ տնտեսի» առակի միջոցով, որ մեր կյանքի տնտեսության հաշիվը պետք է պահանջի յուրաքանչյուրիցս:

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում