«Զարթնած Բողբոջներ» շարքից․ Նիկոլայ Շահնազարյան

«Զարթնած Բողբոջներ» շարքից․ Նիկոլայ Շահնազարյան

Լեռան պատկերով

Լեռան պատկերով ես աշխարհ եկա`
Որպես Երկվորյակ Մայր-լեռան որդի,
Արարչագործման ես նախավկա,
Լեռնապինդ ոգին իմ ժողովրդի:

Ցավի ու խինդի, ցասման ու սիրո`
Մրմունջ-տաղերով ինձ բարուրեցին,
Հավիտենության թաքուն կարոտով,
Հողմաշունչ երգով միշտ օրորեցին:

Երկնքին մոտիկ, Տիրոջ աչքի տակ`
Կյանքս` և´ վայրկյան, և´ հավերժություն,
Լեռան պատկերով ու սրտով իմ տաք`
Ապրեմ-հավերժեմ օրհնյալ աշխարհում…

***
Տեր Ամենազոր,
Մի անկյուն տուր ինձ՝
Տնակս սարքեմ…

***
«Հերթագրվել են՝ այլ
մոլորակ գնալ»
(հաղորդագրությունից)
Ե՞ս էլ հերթագրվեմ…
Ո՞վ է դիումիս
տալու ընթացք:
Իսկ թե միտքս փոխեմ
Ու էլ չուզեմ մեկնել,
Դիմումս ետ կտա՞ն…

***
Գնա՞մ, նորից
ծառ ու քարին
Լինեմ ընկեր –
զրուցակից…
Ուշ է, շա՜տ ուշ,
Նրանց էլ են
սեփականել…

***
Ո՛չ հեքիաթ հյուսվեց,
Ո՛չ երազ տեսա…
Ծերությո՞ւն է սա…

***
Լիներ այնպես՝
վերանային
չափ ու սահման…
Անհնարի՞ն
բան եմ ուզում:

***
Պատանեկան
եռք ու կրքով՝
Եկար ճամփակեսին…
Նոր դողերով՝
մինչ այդ չապրած,
Ելա ընդառաջ…
Թափառումիս
վերջին կանգառ,
Իմ կորուսյալ
լուսե անցյալ…

***
Խինդ ու ցավի
միջով անցա,
Լո՜ւռ դալկացա…
Ազատվեցի
շատ կապերից,
Սիրուց միայն
չհագեցա…
Սերը հաց է,
Թոնրի լավա՜շ…

***
Եկել ես,
կանգնել՝
Գլխիս վերև.
Հրեշտա՞կ ես,
թե՞ սադայել…

***
Սառչում եմ, կորչում.
Մահից չեմ սարսում…
Վախենամ՝ ապրեմ,
Բայց՝ չապրելու պես…
Փոխվեմ, փոփոխվեմ,
Ինքս ինձ խաբեմ՝
Իբր՝ ուրի՜շ եմ,
Իբր՝ ուրի՜շ եմ…

***
Ես ամբողջ կյանքում
ինձ որոնեցի…
Հարցե՜ր ու հարցե՜ր,
Ինչո՞ւ եմ ծնվել,
Ե՞րբ, ինչի՞ համար…

Բառի մեջ մտա,
փորձեցի Հույսին
ես ապավինել,
Նաև՝ Հավատին
Ու նաև՝ Սիրուն…

Ոչ մի տեղ, սակայն,
ես ինձ չգտա.
Մնացել էի
Անանուն, անտուն…

***
Բախտավոր էի,
չորոնեցի,
Ուզածս քիչ էր.
բավարարվեցի…
Չիմացա՝ գտա՞,
Թե՞ կորցրեցի…

***
Վերելք էր, վայրէջք,
Հեռացում անդարձ,
Հացը նշխար էր,
Քարը՝ փափուկ բարձ…

***
Ոչ մեկի դափնու
վրա աչք չունեմ…
Ինձ, ցողը վրան,
մի շուշան տվեք:

***
Արքա չեղա հզոր,
Եղա մի քիչ… պոետ.
Կուզեմ ապրել այսօր,
Արքա չեղա հզոր…
Կգամ օրերի հետ,
Կբերեմ թեժ կեսօր,
Եղա մի քիչ… պոետ,
Արքա չեղա հզոր:

ԱԼԵԿՈԾ ԵՄ

Ալեկոծ եմ,
բայց խաղաղվել
չեմ ուզում…

Կարոտել եմ,
բայց հանդիպել
չեմ ուզում…

Օրս աշնան
թող երկարի
մինչ ձմեռ…

Ձմեռվա մեջ
մնալ-սառչել
չեմ ուզում…

***
Ցավից ու դավից
Չմոլորվեցի…

Աշխարհին, մարդկանց
Սրտանց ներեցի…

Երկնի տվածով
Բախտավորվեցի…

***
Մամոնտ էի երազում,
Որ երկրաշարժ քայլերով
Գան ու Երկիրը մաքրեն…
Նրանք այդպես էլ չեկան…

***
Այսքան անհամ
խոսք-զրույցից
ինչպե՞ս զատվեմ…

Գնամ լեռներ,
փարվեմ մուժին,
ես էլ լռեմ…

***
Ընդդիմացել եմ հաճախ,
Հաճախ եղել կոպիտ-բիրտ,
Բայց չեմ եղել անտարբեր
Ու չեմ ապրել ես անսիրտ…

Չեմ ընդունել ես ոչ մի
Սարքովի-սուտ մրցանակ,
Չեմ սիրել ամպհովանի,
Եղել անկախ, մեն-մենակ…

Խիղճս արթուն,
լեզուս՝ բաց,
Եվ չարերին միշտ ընդդեմ,
Ապրել եմ լավին փարված,
Հաղթողի պես ժպտադեմ…

ԴՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻ՞Ր

Դու ամեն ինչ արեցի՞ր,
Որ ցավը քեզ չհաղթի,
Որ հոգսերից ցանուցիր
Հպարտ սիրտդ չպայթի…

Դու ամեն ինչ արեցի՞ր,
Որ վաստակից չուրանան,
Որ բարեկամ-դրացի
Անտեղի չկուրանան…

Դու ամեն ինչ արեցի՞ր…
Զարկում է սիրտս կիսված,
Ձայն եմ լսում անցյալից՝
Իմ ուշացած, իմ Աստված:

ՏԱԳՆԱՊ

Մահ է, ավերմունք:
Կանչը արարման
Փոխվել է, ավա՜ղ,
Ավերման կանչի…

Շեներ են փլվում,
Ու պակասել է
Համայն աշխարհի
Հևքը ներդաշնակ…

***
Կարդացողից
շատ են հիմա
գրողները
Մեր հայրենի…
Լա՞վ է, թե՞ վատ,
Ո՞ւմ է հայտնի…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում