Աստծո տված շնորհները

Աստծո տված շնորհները

– Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս են մարդիկ կարողանում շահադիտական կամ չար նպատակներով օգտագործել իրենց շնորհներըը, – ասում է բարկացած աշակերտն իր ուսուցչին: – Օրինակ, տաղանդավոր գիտնականները զենք են ստեղծում, նկարիչները մերկ կանանց են նկարում, երգիչները երգում են այնպիսի երգեր, որոնք հաճելի չեն Աստծուն:

– Իսկ դու ինքդ մի՞շտ ես նպատակային օգտագործում քո շնորհներն ու պարգևները, – ի պատասխան՝ հարցնում է ուսուցիչը:

– Բայց Աստված ինձ որևէ տաղանդ չի շնորհել,- պատասխանում է աշակերտը: – Այ, եթե ես այդ պարգևներից գոնե մեկը ունենայի, այնքա՛ն բարիք կգործեի:

– Մի՞թե Աստված քեզ չի շնորհել գեղեցիկը տեսնելու պարգև, իսկ դո՞ւ, փոխանակ վայելես այն, մարդկանց մեջ թերություններ ես փնտրում ու քննադատում նրանց: Դու խոսելու պարգև ունես, բայց օրհնության ու գոհության խոսքերի փոխարեն ավելի հաճախ քո շուրթերից հնչում են մեղադրանք ու բամբասանք: Աստված տվել է քեզ սիրելու ու ներելու շնորհ, բայց որքա՛ն հաճախ ես դու ուղղակի փակում քո սիրտը՝ թույլ չտալով ինքդ քեզ սիրել ու ներել, փոխարենը բարկանում ու վիրավորվում ես: Դու ստացել ես նաև բարին գործելու ունակություն, բայց քո արարքները երբեմն շրջապատին ցավ ու տառապանք են պատճառում: Ուստի, մինչև ուրիշներին մեղադրելը, նախ սովորիր գնահատել ու ճիշտ օգտագործել այն պարգևները, որոնք դու ինքդ ունես,-  ավելացնում է ուսուցիչը:

Սերգեյ Շեպելի առակներից

Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան»

Հետևեք մեզ նաև Telegram-ում