Առանց քաղաքականության, առանց նախարարության ու լի խնդիրներով

Առանց քաղաքականության, առանց նախարարության ու լի խնդիրներով

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Բազմադարյան մշակույթ ունեցող երկիրը, բնականաբար, ունենում է նաև բազմաթիվ խնդիրներ։ Իհարկե, լինում են մարմիններ այդ խնդիրները լուծելու և էլ ավելի զարգացում ապահովելու համար։ Մինչդեռ Հայաստանում մշակույթի ոլորտի մարդիկ անընդհատ բախվում են նորանոր խնդիրների։ Այդ խնդիրները պետական մարմինները միգուցե փորձում են լուծել, միգուցե լուծում են, բայց ոչ լավագույն տարբերակով, սակայն օրեցօր խնդիրները շատանում են։ Այսօր կարծես թե այդ խնդիրները մնում են «անտեր»՝ չի լինելու մշակույթի նախարարություն։ Տարբեր ոլորտների մասնագետներ պարբերաբար ներկայացնում են իրենց մոտեցումները, թե ինչպես են տեսնում խնդիրների լուծումը, իսկ կառավարությունն ունի մասնագետներին չբավարարող պատկերացումներ, որոնք ներկայացված են կառավարության ծրագրում։

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կարիք ուներ լուրջ մշակութային քաղաքականության, որը կարող էր վարել պետական լուրջ որևէ միավորում, կազմակերպություն։

«Նման պայմաններում մշակութային ՊՈԱԿ-ները լուծարելը, կարծում եմ, ճիշտ ճանապարհը չէ։ Կարելի է այդ ՊՈԱԿ-ները կարգի բերել, օպտիմալացնել, սակայն խնդիրն այն է, որ չի դրվում թե ինչ պետք է արվեր մշակութային քաղաքականության ասպարեզում։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, կարծում եմ, որ հետագայում շատ ավելի դժվար է լինելու»,- ասաց նա։

Մշակութաբանի խոսքով, օրենսդրական ճանապարհը քաղաքականության մի մասն է, բայց այդ օրենքների ընդունումը պետք է մտցվի որոշակի հայեցակարգի մեջ․ պետությունն ի՞նչ է անում՝ առանձնանում է, հրաժարվում է արվեստը հովանավորելուց, արվեստը թողնում է անհատներին, թե ընդհակառակը։

«Եթե այդ ամենը չլինի, անհասկանալի է լինելու համապատասխան օրենսդրական դաշտի մշակումը։ Կարծում եմ, ակնհայտորեն, երբ որ խնդիրը ծանր է լինում, փորձում են լուծել, ոչ թե այդ ծանր խնդիրը դնում են ավելի թույլ ուսերի վրա։ Տվյալ դեպքում, կարծում եմ, մեր կառավարությունն այդպես է վարվել՝ մշակույթի ասպարեզում ունենալով լուրջ խնդիրներ, փոխանակ փորձի առաջիկա մի քանի տարում լուծել, հանդարտեցնել հետո հրաժարվել, միանգամից այդ ծանր խնդիրների առաջ աչք է փակում, դրվում է ավելի թույլ կազմակերպական օղակի վրա»,- ասաց Հ.Պետրոսյանը։

Հարցին, թե մշակութային քաղաքականությունն ի՞նչ է ենթադրում, մշակութաբանը մանրամասնեց. «Մշակութային քաղաքականությունը ենթադրում է հասարակության բոլոր անդամների, խմբերի, սոցիալական առանձին խմբերի, կազմակերպությունների գործունեությունն ասպարեզում, որն արժանանում է պետության վերաբերմունքին։ Շատ երկրներում, մինչև ազատական բաները, որպես կանոն պետությունը փորձում է ինքը ստեղծել համապատասխան պայմաններ։ Մեր պետությունը միշտ ինքն է վարել մշակութային քաղաքականությունն առանց մաս դարձնելու հասարակությանը։ Մեր նման երկրներում, երբ ասում են մշակութային քաղաքականություն, հասկանում ենք ոչ թե հասարակության մշակութային քաղաքականությունը, այլ պետության վարած մշակութային քաղաքականությունը։ Պետությունը պետք է այդ քաղաքականությունն այնպես վարեր, որ հասարակությունը հնարավորինս ինքնուրյուն դառնար այդ քաղաքականության մեջ։ Փոխանակ այդ խնդիրը լուծելու, պետությունն ուղղակի միանգամից կարծեք թե հրաժարվում է մշակութային քաղաքականություն վարելուց։

Իհարկե, ասելու են մենք այս կանենք, այն կանենք։ Մինչև այսօր… բացի նրանից, որ մշակույթը պետք է մոտեցնել ժողովրդին, նկարը պետք է տանել ցույց տալ դպրոցականին կամ դպրոցականին կտրոն տալ, այսինքն բաներ, որոնք 1960-ականներին Ֆրանսիանում լրիվ տապալվել են և աշխարհը հիմա չի կիրառում։ Արդեն անցած, փորձարկված, իրեն չարդարացված մի բան են հնարել, և դա միանշանակ մշակութային քաղաքականություն չէ»։

Հ. Պետրոսյանի խոսքով, Արևելքում իշխանությունը միշտ իրեն համարում է ամենից իմաստունը, ասում են՝ եթե դուք խելոք լինեիք, դուք կլինեիք իշխանության գլուխ։

«Հատկապես հումանիտարները ունեն նման… ։ Աշխարհի շատ երկրներում, երբ իշխանության են գալիս ոչ հումանիտարները, որպես կանոն այդ ասպարեզում նշանակում են շատ լավ հումանիտար մի ընկերոջ, որին վստահում են, որն ինքնուրույն քաղաքականւթյուն է վարում։
Եթե ինձ հարցնեին, պարոն Փաշինյանը պետք է մշակույթի նախարար դներ մի շատ ինքնաբավ, ինքավստահ մարդու, որին պետք է վստահեր ամեն ինչ, այլ ոչ թե ինքը հանդես գա որպես մշակույթի լավագույն գիտակ, արտասանի բանաստեղծություններ, բոլորին ասի՝ դուք ինչ եք հասկանում մշակույթից։ Այսօր մոտավորապես այդպիսի վիճակ է»,- ասաց մշակութաբան Հ.Պետրոսյանը։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կարծիքով, այսօր ՊՈԱԿ-ի մասին օրենքը մշակութային կառույցներին բնականոն աշխատելու հնարավարություն չի տալիս։

«Այդ օրենքը չի աշխատում, պետք է փոխել։ Մենք առաջարկեցինք ժամանավորապես անել հիմնադրամ, մինչև օրենք լինի։ Հիմա այնքան խճճված են խնդիրները։ Բայց օրենսդրական դաշտը, այո, մեզ բնականոն, նորմալ աշխատելու հնարավորություն չի տալիս»,- ասաց նա։

Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» օրենքն ուղղակի խոչընդոտ է թատրոնի զարգացմանը. «Երբ որ դու չունես ստեղծագործական ազատություն, երբ չունես գնում կատարելու ազատություն, իբրև թատրոն չես կարող գնալ և ստեղծագործական պրոցեսի ընթացքում առաջացած անհրաժեշտ որևէ բան շուկայից, խանութից գնես, դա արդեն սպանում է քեզ։ Երբ որ բեմադրիչը բեմադրություն է անում, նկարիչն աշխատում է բեմադրության վրա, նա չի կարող ասենք մեկ տարի առաջ գուշակել, թե ստեղծագործական այդ պահի ընթացքում ինչ է ծնվելու։ Ենթադրենք, ասում է, ուզում եմ այստեղ արև դուրս գա, ասում ես՝ մի րոպե սպասի, ես տենդեր հայտարարեմ, որ արևը դուրս դա»։

Նրա ներկայացմամբ, ամբողջ աշխարհում գործում է հետևյալ մոդելը. հիմնադրամի կամ պետական հովանավորչության է ներկայացվում ծրագիր, ասվում է, որ ներկայացման համար անհրաժեշտ է, օրինակ, 1000 դրամ՝ 300 դրամը հոնորար, 200-ով կարվելու են զգեստներ, 150-ով գնվելու են կոշիկներ, 250-ով արվելու է գովազդ։ Ծրագիրը կամ հովանության է արժանանում ու հովանավորվում, կամ հակառակը։

«Բայց եթե հավանեն քո գաղափարը, հովանավորեն, արդեն դետալների մեջ չեն մետնում։ Այստեղ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ այդ դետալներն ուղղակի քեզ թույլ չեն տալիս զբաղվել մշակութային արտադրությամբ։ Մշակութային արտադրության պրոցեսը պետք է ազատ թողնել։ Իրենք մտածում են՝ ահա այստեղ միլիոններ են լվանում։ Պարզագույն մի բան պետք է ֆիքսել՝ երեկ, այսօր, առաջին օրը պետական մշակութային օջախներում երբեք էլ այդպիսի գումարներ չեն պտտվել, որ կոռուպցիայի մասին են խոսում, կամ մտածում, կամ անհանգստանում։ Հետևաբար արտադրանքի ազատություն չտալով՝ դու ուղղակի սպանում ես մշակույթը»,- ասաց Վարդան Մկրտչյանը։

Նա նշեց, որ պետք է օրենքի փոփոխություն , այլապես ոչ մի բան էլ տեղից չի շարժվի, ոչինչ էլ տեղի չի ունենա։ Վ. Մկրտչյանի խոսքով, սա թույլ կտա շնչել, ոտքի կանգնել, աշխուժանալ։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասել էր, որ թատրոնի ոլորտում առկա խնդիրները կարելի է լուծել մեկենասության, հովանավորչության մասին օրենքների ընդունմամբ։ Օրեր առաջ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար իր պատկերացումներ էր ներկայացրել։

Իհարկե, «ինչքան մարդ՝ այնքան կարծիք»։ Ոլորտի մարդիկ ամենալավը գիտեն իրենց ոլորտում առկա խնդիրները, ամենաշատն են բախվում այդ խնդիրներին, հուսահատվում, փորձում գործող օրենքների շրջանակում լուծումներ գտնել, բայց այդ ամենը հոգնեցնող է։ Այժմ, կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, վստահաբար, այդ խնդիրներն ավելանալու են, իսկ լուծողն ո՞վ է լինելու։ Գոնե առաջիկա շրջանում հաստատ դժվար կլինի գտնել խնդիրներ լուծողների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում