Կկայանա «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը

Կկայանա «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 16-ին Գրականության և արվեստի թանգարանի` Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական արխիվում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն:

Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ: Նվագակցող՝ դաշնակահար Հովհաննես Մանուկյան:

1896-1899 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիների ընթացքում նա գրել է երգեր, ստեղծագործություններ դաշնամուրի, լարային քառյակի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնք կազմեցին Կոմիտասի գերմանական ժառանգությունը:

1991 թվականին Տիրան Լոքմագյոզյանը վերծանել է այդ երկերը, որոնք գտնվում են Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվում և կատարել Կոմիտասի գերմանական երգերը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ ճիշտ այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում