Պետք է անհնարինն էլ անել

Պետք է անհնարինն էլ անել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Panorama.am: Գյումրիի պատմական կենտրոն համարվող Կումայրի արգելոց-թանգարանում հաշվառված է ավելի քան 1200 հուշարձան շենքեր։ Դրանց մոտ 1000-ը մասնավոր սեփականություն է։ Շենքերից շատերը փլուզման եզրին են, այդ թվում նաև հանրությանը հայտնի «Ֆաբրիկանտի տունը» «Կտոր մը երկինք» ֆիլմից, քաղաքային գանձապետարանի շենքը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի «վառեմ-մարեմ» պաշտգամբով։

Panorama.am-ը Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հուշարձան-շենքերը վերականգնելու ծրագիր կա, արդյո՞ք քայլեր արվում են այդ շինությունները պահպանելու, վերականգնելու ու Կումայրի արգելոց թանգարանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ուղղությամբ։

«Մի քանի անգամ ցանկացել ենք ծրագրեր իրագործել։ Ամենահաջողված ծրագիրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էր առաջ քաշված, որով սկսվեց կենտրոնի փողոցների վերականգնումը։ Մեկ տարի լավ իրականացվեց։ Թավշյա հեղափոխությունից հետո մի քիչ սառեցված վիճակում է, ուզում ենք զարկ տալ, տեսնենք՝ ինչ շարունակություն կունենա ծրագիրը»,- ասաց Հ. Գասպարյանը։

«Կումայրի Վերածնունդ» հիմնադրամը նախատեսում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վերականգնում ներդրողի միջոցներով։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքով, համատեղ բիզնես ծրագրեր է առաջարկում. հիմնադրամը գնում է ու վերականգնում, եթե սեփականատերը չի ցանկանում վաճառել, հիմնադրամի հետ բաժնետեր է դառնում, կամ խրախուսվում է, որ սեփականատերը բիզնես դներ։

Հ. Գասպարյանն ասաց, որ այսօր իրենց հնարավորությունների սահմաններում կատարում են փողոցաշինություն, բայց բոլոր հուշարձաններին պետք է անհատական մոտեցում ցույց տալ։ Նա նշեց, որ կան շենքեր, որոնց սեփականատերերի հետ բանակցել են որևէ ծրագիր իրականացնելու համար, սակայն անարդյունք։

Հարցին՝ հնարավո՞ր է վերականգնել այդ շենք-հուշարձանները, թե այն աստիճանի են վնասված, փլուզված, որ անհնար կլինի, Հ.Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է վերականգնել։ Եթե հնարավոր էլ չլինի, պետք է անհնարին էլ անել ու վերականգնել, որովհետև բացառիկ հուշարձաններ են, բայց այն վիճակում չեն, որ հնարավոր չլինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում