USD
EUR
RUB

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Ter-hambardzum.net: Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:

Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը և սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաև օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը:

ԳՀԽ անդամները լսեցին նաև Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման և վերանորոգության, նաև հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին:

Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, ինչպես նաև Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը:

Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:

Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։

Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ և հոգևոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ:

2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում և սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգևոր, սոցիալական, գիտա-ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաև Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan