Գնալով ավելի դժվար է դառնում

Գնալով ավելի դժվար է դառնում

ԳՆԱԼՈՎ ավելի դժվար է դառնում
պոեզիա գրել
կամ ապրել` հայացքդ աշնան նուրբ շողին
կամ Ավետարանի
բացված էջերին: Գնալով ավելի դժվար է քայլել
փողոցում, ուր չկան ծանոթ բարեկամներ,
և ամեն մի խոսք,
ամեն լռություն
դառնում է չարագուշակ
մոռացության քող:

Գնալով ավելի դժվար է դառնում
տողերն իրար կապել,
միացնել նրանց
զգացմունքի, մտքի և կամ աբսուրդի
անտես շղարշով,
իրերը դառնում են ավելի քմահաճ,
պահանջում ավելի ինքնուրույնություն,
ազատ խոսք, շնչառություն,
իսկ քար-բետոնե
հսկա քաղաքի
քիմքը պահանջում է նկարագրություն,
կամ նմանություն,
անմիտ խոսք, անշարժ քայլ, հենց այնպես
կատարվող զգայախաբկանք,
ճակատին սրբիչը
հոգնած ամոքումի:

Գնալով ավելի դժվար է դառնում
հանդիպում,
բաժանում,
հրաժեշտի խոսք,
խոստովանություն,
խոսքերը խամրում են, ինչպես մաշված – մեռած
թղթադրամներ,
ինչպես հին շենքերի պատերին կախված
հուշատախտակներ,
գնալով ավելի դժվար է գիրք կարդալ
քառակուսի աչքի առջև հեռուստացույցի,

հաշվել պատկերներն անցյալի, ձեռք տալ
հուշերի շրջանակին, որտեղ ապրում է
սիրտը` սեղմված
հայտնության ձեռքի մեջ,
որ երբ բացվում է աշխարհը հանկարծ
դառնում է մի թռչուն
և իջնում ուսիդ:
Գնալով ավելի դժվար է դառնում
նստել հենց այնպես,
նայել պատուհանից,

տեսնել թե ինչպես է օրը վերջանում
շենքերի տանիքներին
և թե ինչպես է բաղեղը մագլցում
պատն ի վեր` դեպի
քղանցքը Արարչի,
և թեև ընկնում է կես ճանապարհին,
բայց մի ձեռք նույն պահին բարձրացնում է նրան,
տանում դեպի վեր,
դեպի բաց երկինք:

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում