Գևորգ Էմին․ Համերգից հետո

Գևորգ Էմին․ Համերգից հետո

Ինչ ուզում էի քեզ խոստովանել
Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,
Այնքան հարազա՛տ ու այնպես անե՜ղծ,
Դու լսում էիր երեկ… համերգում:

Դո՛ւ էլ նույնն էիր ուզում ինձ ասել,
Ինչ ես լսեցի երեկ համերգում…
Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,
Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու…

Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,
Այնքան հպա՛րտ է սիրտն իմ առնացի, –
Իմ սիրո՛վ ես դու չքնաղ, սիրելի՛ս,
Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

Չէ՞ որ շուրթերըդ շիկնո՛ւմ են, վառվու՜մ,
Իմ շշուկների՛ց ու համբույրների՛ց.
Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`
Երբ սե՛ր են հայցում իմ խերթ աչքերից:

Եվ ե՛րգն այս, որ դու երգում ես հնչեղ,
Մի՞թե սիրո՛ւց չի ծնվում շուրթերիդ,
Մի՞թե քո սիրո անտես թելին չեն
Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ մեկեն ու հանկարծ,
Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.
Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`
Աշխարհը նո՛ւյնն է` Սիրու՜մ ենք իրար…

Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.
Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, –
Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին
Կասի աշխարհին իմ գրած երգը.

Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,
Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,
Որիշ սիրահար սրտե՛ր կհուզի,
Սին փառքի փոխած սիրո վայելքը…

Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,
Չգիտես նրան մորմոքող վերքը. –
Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`
Աշխարհի համար դա միայն… ե՜րգ է.

Այդպե՛ս է եղել դարերում բոլոր –
Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը…
Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`
Չէ՞ որ ուրիշի համար նա … ե՛րգ է:

Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,
Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,
Թե սրբությո՛ւն էր որոնում, անգին,
Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

Թե ցնորք – սե՛ր էր տենչում, լուսածին,
Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.
Ների՜ր այս բոցը, որից այրվեցին
Թիթեռնե՛րը քո լուսե տենչերի…

Ների՜ր
– որ ինձ սիրի՛ր, ոչ ատիր.-
Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,
Սիրո ձևերից հազարապատիկ,
Ես խե՜նթն եմ սիրում…
Ներիր, օ՜, ների՜ր…

Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր
Եվ արցունքները քո աչքերի,
Անձրևի նման ցա՜ծ մաղվեցին
Եվ բո՛ւյր տվեցին ծաղիկներին:

Դու արցունքների մեջ ժպտացիր
Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,
Ծիածա՜ն իջավ աղեղնածիր
Ու գույնե՛ր բերեց ծաղիկներին…

Լեռներով պատած այս ձորը խոր
Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,
Եվ ծիածանը` կո՛թը կլոր –
Սուզված երկընքում կապույտ ու թաց…

Ուզո՞ւմ ես` բռնած ծիածանից,
Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,
Միայն չգնա՛ս դու ինձանից,
Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս…

Հետևեք մեզ նաև Telegram-ում