USD
EUR
RUB

Քրիստոնեական ներողամտության մասին

 

Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները: (Մատթ. 6:14)

Ներողամտության հոգին մարդու մեջ աստվածադիր է: Եւ Քրիստոս իր քարոզչության ընթացքում խրատներով փորձում էր արթնացնել մարդկանց մեջ այդ թմրած հատկանիշը:
Մարդու աստվածանմանության կարեւոր արտահայտություններից է մարդասիրությունն ու ներողամտությունը: Մարդասեր լինել նշանակում է նմանվել Աստծուն:

Ցավոք, խորապես քննելով մեր ներաշխարհը, պետք է խոստովանենք, որ մեր մարդասիրության շրջանակները խիստ նեղ են, եւ ներառում են միայն ծնողներին, զավակներին, բարեկամներին, հարազատներին ու ընկերներին: Այսպիսով մենք դառնում ենք ծնողասեր, որդեսեր, ընկերասեր, բայց ո՛չ մարդասեր:

Տերը մարդասիրության գագաթնակետը` կատարելության աստիճանը համարեց թշնամիների հանդեպ սերը: Այս ճանապարհով Նա փորձում էր մեր մեջ դաստիարակել մարդասիրության նոր չափանիշներ: Եթե մինչեւ Փրկչի գալուստը հրեաներն էին համարվում Աստուծո սեփական ժողովուրդը, ապա Քրիստոսով բոլորը մեկ դարձան. այլեւս խտրություն չկա ոչ հրեայի, ոչ այլազգու, ոչ ծառայի, ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ էլ էգի:

Նույն այդ տիեզերական մարդասիրության ու ներողամտության ոգին Տերը դրսեւորեց իր երկրային կյանքի ընթացքում: Նա չխորշեց մաքսավորների ու շնացողների հետ շփումից, հրեաների կողմից պիղծ համարվող սամարացի կնոջ հետ զրույցի բռնվեց եւ Մեսիայի հանդեպ հավատքի լույսով լուսավորեց, հասարակությունից վտարված ու մերժված բորոտների վրա ձեռք դրեց եւ նրանց բժշկեց եւ, ի վերջո, հանձն առավ խաչվել ողջ մարդկության` վերջին հանցավոր մարդասպանների եւ իրենց արդար համաող փարիսեցիների մեղքերի համար: Քրիստոս ասել է, որ ավելի մեծ սեր չկա, քան եթե մեկն իր անձը դնի իր բարեկամների համար, ուստի իրագործեց Իր իսկ խոսքը` մատնվելով անարգ խաչի մահվան, հանուն Իր բարեկամների` մարդկանց փրկության:

Ներողամիտ լինելու Տիրոջ պատգամն իրագործեցին առաքյալները, որոնք հալածանքների մեջ գոհություն էին մատուցում, որ Նրա անվան համար նեղությունների ենթարկվեցին: Մարդասիրության պատերազմում հավատքի հաղթող մարտիկներ եղան հատկապես մարտիրոսներն ու նահատակները, որոնք աղոթում էին իրենց չարչարողների ու սպանողների համար:

Նահատակները երբեք իրենց սուրբ ու արդար չէին համարում եւ իրենց դեմ հարուցված հալածանքները` անիրավացի, այլ Բաբելոնի հնոցում այրվող երեք երիտասարդների նման վկայում էին, որ այս բոլոր նեղությունները պատահում են իրենց գործած սխալների ու հանցանքների համար: Եւ իրենց մեծ խոնարհության, մարդասիրության ու համբերության շնորհիվ, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, դարձան խաչակիցը Քրիստոսի: Նույնպիսի կենցաղավարություն դրսեւորեցին նաեւ անապատական ճգնավոր հայրերը: Ընկերոջը չդատելու Քրիստոսի պատվիրանը խորապես ըմբռնելով ու կատարելով` նրանք դարձան քրիստոնեական հավատքի ջահեր եւ լուսավորեցին ու առաջնորդեցին ոչ միայն իրենց աշակերտողներին, այլեւ հետագա դարերի բազմաթիվ սերունդների: Որպեսզի լավ ընկալենք, թե ինչ հարազատորեն էին հասկացել ու իրագործել անապատական հայրերը ներողամտության պատգամը, նրանց կյանքից երկու օրինակներ բերենք:

Եղբայրները գալիս են Հայր Պիմենի մոտ եւ ատյան կանչում` մի եղբոր կատարած հանցանքը դատելու: Սուրբ Հայրը, մի քանի անգամ մերժելուց հետո, ստիպված է լինում նրանց հետ գնալ: Նա պատրաստվելու համար մի փոքր ժամանակ է խնդրում եւ եղբայրներին ներկայանում է հետեւյալ կերպ` մեջքին գցած ավազով լի մի պարկ, որը ներքեւից անցք ուներ, եւ ավազը կամաց կամաց թափվում էր գետնին: Եղբայրները հարցնում են, թե ինչու է նա այդ պարկը, որը ծակ է ու միջի ավազն էլ թափվում է, վերցրել ուսին: Սուրբ հայրը պատասխանում է.«Որդյակներ, սրանք իմ մեղքերն են, որոնք իմ հետեւից են գալիս, եւ ես դրանք չեմ տեսնում, սակայն այսօր գնում եմ դատելու եղբորս մեղքը, որն իմ առջեւն է, եւ ես այն տեսնում եմ»: Կրոնավորները, հասկանալով իրենց սխալը, ներողություն են խնդրում Հայր Պիմենից եւ հրաժարվում եղբորը դատելուց:

Հայր Գերասիմոսը խցում մի հին ձեռագիր ավետարան ուներ: Մի մարդ այցելության է գալիս նրան եւ, գայթակղվելով ավետարանի հնությունից, գողանում է այն: Իսկ հայրը բնավ կատարվածից չի խռովվում: Գողացողն ավետարանը տանում է շուկա վաճառելու եւ որոշակի գին է սահմանում դրա համար: Մի առեւտրական համաձայնվում է գնել այն հետեւյալ պայմանով. նա պետք է ավետարանը տաներ որեւէ վանականի մոտ եւ ստուգեր դրա հնությունն ու արժեքը: Աստվածային նախախնամությամբ ավետարանը բերվում է հենց Հայր Գերասիմոսի մոտ: Միայնակյացն այն տեսնելով կրկին չի հուզվում ու չի հայտնում, որ դա իրենն է, այլ ասում է, որ այն շատ արժեքավոր է եւ ավելին արժե: Առեւտրականը վերադառնում է եւ հայտնում, որ ինքը ավետարանը տարել է Հայր Գերասիմոսի մոտ, եւ որ նա վկայել է դրա հնության եւ արժեքավորության մասին: Գողը նույն պահին քար է կտրում ու սարսուռով հարցնում, թե նա ուրիշ բան չասա՞ց, առեւտրականը պատասխանում է, թե ուրիշ ոչինչ չասաց: Գողն անմիջապես խլում է ավետարանը եւ ասում, որ ինքն այլեւս չի վաճառում: Նա վազում է Հայր Գերասիմոսի մոտ, նրա ոտքերն ընկնում եւ ներողություն խնդրում, ուխտում է հրաժարվել չար գործերից եւ դառնալ կրոնավոր: Մինչեւ կյանքի վերջ մնում է անապատում եւ ապաշխարում իր գործած հանցանքների համար:

Վերը բերված օրինակներից երեւաց, որ ներողամտության շնորհիվ անապատական հայրերը ոչ միայն իրենց հոգին ազատեցին եղբորը դատելու մեղքից, բարկությունից եւ վրեժխնդրությունից, այլեւ մյուսներին փրկեցին մեղքի անդունդը գահավիժելուց:

Նույն պատվիրանն այսօր ուղղված է մեզ. ողորմություն անել մարդկանց ավելի շատ հոգեւորապես, քան մարմնապես, որովհետեւ եթե մենք հնարավորություն չունենք մարդկանց կարիքները հոգալ, ապա նրանց համար աղոթել միշտ կարող ենք, հավատքի մեջ տկարացածին հուսադրել, մարդկանց վշտերն ու նեղությունները համբերատարությամբ լսել, անգետին լուսավորել, նեղվածին ու ընկճվածին մխիթարել` կարող ենք, եւ ի վերջո, շրջապատի մարդկանց հանդեպ կատարած առաջին եւ ամենակարեւոր ողորմությունը սեփական անձը մեղքերից մաքրելն ու Սուրբ Հոգու ընտրյալ անոթ դարձնելն է:

Սուրբ Տաթեւի վանքի վանահայր Տ. Միքայել վարդապետ Գեւորգյան

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan