Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Ter-hambardzum.net: Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացների քսան մասնակիցների հետ, որոնք ժամանել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ այս հավաքը թվով 11-րդ է և մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 198 եկեղեցական:

Հոգևոր հովիվների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող այս դասընթացների կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրագործման համար` այս համախմբումները լավագույն առիթը նկատելով Աստծո և Ս. Էջմիածնի հետ իրենց ուխտի վերանորոգման, հավատքի և հոգևոր կյանքի մեջ զորացման:

Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ այսօր Հայոց Եկեղեցու առջև հայրենիքում և սփյուռքում ծառացած են բազում մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար եկեղեցականը պետք է լինի ըստ ամենայնի պատրաստված ու զինված համապատասխան հովվական գիտելիքներով, պետք է հավատարմորեն առաջնորդվի Աստծու պատվիրաններով:

Նորին Սրբությունը քահանա հայրերին հորդորեց բոլորանվեր իրականացնել իրենց հոգեփրկչական և ազգային ինքնության պահպանության սրբազան առաքելությունը աշխարհասփյուռ հայ համայնքներում:

Իր հայրական օրհնությունը բերելով հոգևորականներին՝ Հայոց Հովվապետը նրանց մաղթեց Աստծո օգնականությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց պատասխանատու ծառայության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում